5 փետրվար, 2020 16:39

ԱԺ-ն արտահերթ կքննարկի ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարման վաղաժամ դադարեցումը 

Ազգային ժողովի կայքում հրապարակվել է «ՀՀ Սահամանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է Սահմանադրական դատարանի շուրջ սետղծված ճգնաժամի լուծումը: 

Կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում են փոփոխություններ «ԱԺ կանոնակարգ», «ՍԴ մասին» և «Հանրաքվեի» մասին օրենքներում, հայտնվել է ընդդիմադիրների քննադատությունների թիրախում: Փաթեթը քննարկվելու է փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում:

Քննադատները հատկապես վիճահարույց են համարում 2015-ի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության 213-րդ հոդվածի առաջարկվող փոփոխությունը: 

«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»,- նշված է առաջարկվող նախագծում։ 

Հիմնավորման մեջ հեղինակը ընգծում է. «ՍԴ ներսում և դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար»:

ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը, ըստ հեղինակի, նախկինում նշանակված անդամների և 2015-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը վստահ է՝ «ներկայիս Ազգային ժողովը [...] այսպիսով նպատակ ունի վերջնական և հիմնարար լուծում տալ ՍԴ-ի 2015-ի Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ձևավորման խնդրին»:

Վահագն Հովակիմյանը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը և Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։

Նախատեսվում է նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելու դեպքում նախագիծը ընդունել պատգամավո8ների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Արշալույս Մղդեսյան