6 փետրվար, 2020 19:02

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանին հորդորում են ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը սահմանադրական փոփոխությունների հարցում

ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն են տարածել և Հայաստանին հորդորում են ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը սահմանադրական փոփոխությունների հարցում։

«Հայաստանի խորհրդարանը որոշում է կայացրել փետրվարի 6-ին անցկացնել արտահերթ նիստ՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը օրինագծերի համապատասխանությունը ստուգելու պահանջը։  Դա կփոխի նաև հենց Սահմանադրության վերանայման ընթացակարգը։ Սահմանադրական այդ փոփոխությունը, որն ըստ ամենայնի նպատակ ունի անհապաղ դադարեցնել Սահմանադրական դատարանի ներկայիս մի քանի անդամների լիազորությունները, նույնպես ներկայացված են»,- հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա, EPP/CD) և Կիմո Քիլյունենը (Ֆինլանդիա, SOC):

«Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության համար։  Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ կապակցությամբ բարձրացված որոշ հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ խնդրել Վենետիկի հանձնաժողովի՝ սահմանադրական իրավունքի հարցերով Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմնի եզրակացությունը: Մենք կարծում ենք, որ այդ կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել շտապ կարգով, արժեքավոր կլիներ շահագրգիռ բոլոր կողմերի համար, այդ թվում՝ Հայաստանի ընտրողների, եթե հանրաքվե անցկացվի»,- ասված է հայտարարությունում։

#CivilNet #News