7 փետրվար, 2020 17:46

FitnessMix-jumping. Սիրիայից տեղափոխված Լիանա Բախտիկյանի աճող բիզնեսը

«Վարձակալեցինք ու զրոյից սկսեցինք կառուցել, նորոգել։ Մեր ուժերով աշխատում ու ամեն անգամ մի նոր բան ենք ավելացնում, մինչև վերջնական տեսքի գա»․ FitnessMix-jumping-ի հիմնադիր Լիանա Բախտիկյանը պատմում է, թե ինչպես ծնվեց և իրականություն դարձավ իր բիզնես գաղափարը։

Յոթ տարի առաջ  Բախտիկյանների ընտանիքը տեղափոխվեց Հայաստան Սիրիայից:

Լիանա Բախտիկյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում, սիրիահայ Ավետիս Բախտիկյանի հետ ամուսնությունից հետո տեղափոխվել Սիրիա, որտեղ երկար տարիներ զբաղվել է սիրելի մասնագիտությամբ․ տարբեր ֆիթնես ակումբներում ֆիթնեսի մարզիչ է եղել։

2012թ. Սիրիայի քաղաքացիական պատերազմը չէր, որ ստիպեց Բախտիկյաններին վերադառնալ և հաստատվել Հայրենիքում, սակայն այն նպաստեց  այլևս չվերադառնալու և Հայաստանում նոր կյանք սկսելու որոշման կայացմանը:

 «Առաջնեկիս էի սպասում, երբ վերադարձանք Հայաստան։ Այժմ երկու բալիկ ունեմ։ Այս յոթ տարվա ընթացքում շատ գործեր ենք հասցրել անել, շատ դժվարությունների ենք հանդիպել՝ մեծամասամբ ֆինանսական, բայց չենք կոտրվել և շարունակել ենք առաջ գնալ»,- պատմում է Լիանան։

Լիանայի ամուսինը՝ Ավետիսը, կահույքագործ է։ Հայաստան վերադառնալուն պես սկսել է զբաղվել սիրելի գործով՝ կահույքի արտադրությամբ, իսկ Լիանան իրականություն է դարձրել սեփական ֆիթնես ակումբն ունենալու գաղափարը։

Շենքը, որտեղ հիմնել է ակումբը, վարձակալում է: Ասում է՝ իր մեծ երազանքն է մի օր սեփականացնել այն։ 

Ֆիթնես ակումբում կարող են մարզվել տարբեր տարիքային խմբերի մարդիկ։ Լիանան ամենաշատը կարևորում է մանկական ֆիթնեսը։ Վեց ամսականից սկսած՝ փոքրիկներին կարելի է տանել մարզասրահ, որտեղ Լիանան` կինեզիոլոգի իր գիտելիքներով, պատրաստ է օգնել երեխայի մարմնի ճիշտ զարգացմանը։ 

«Երեխան վեց ամսականից հետո պետք է շարժվի։ Եթե այդ տարիքում երեխան դեռ նորմալ չի շարժվում, պետք է լուրջ զբաղվել նրանով ու հետևել, որ ճիշտ չոչ անի, հետո ճիշտ քայլի, որ ոտքերը չծռվեն։ Շատ հաճախ ծնողները վախենում են և ինքնավստահ չեն, և դա բնական է։ Մենք ուսանել ենք այդ ամենը, ունենք փորձ, և մեկ-երկու ամիս երեխային բերելուց հետո արդեն ծնողներն էլ ինքնավստահություն են ձեռք բերում»։

Ակումբում գործում են նաև կարատեի, դասական պարի, պարային այլ տեսակների խմբակներ։ Լիանան բուժական մարզանքներ է անցկացնում նաև մեծահասակների խմբերի հետ։

«Ունենք նաև անհատական պարապմունքներ, եթե կարիքը լինում է, բայց ես նախընտրում եմ խմբակային, քանի որ այնտեղ էներգետիկան ավելի լավն է։ Նիհարելու ծրագրեր էլ ունենք, ուղղակի դա ինձ համար մի քիչ երկրորդական է, ես ավելի առողջարար մարզումների կողմնակից եմ, արդեն զուգահեռ նաև նիհարում են։ Ով շատ նիհար է՝ չաղացնում ենք, ով ավելորդ քաշ ունի՝ նիհարեցնում ենք»,- ժպիտով ասում է Լիանան։ 

Այս ամենից զատ, Լիանան ստեղծել է սիրիահայերից բաղկացած պարի խումբ, որի հետ տարբեր միջոցառումների համար բեմադրում է պարային շոու-ծրագրեր։ Ասում է՝ սկզբում սա պարզապես մի փոքր ավելի գումար վաստակելու նպատակ է հետապնդել, սակայն այնպիսի հաջողություն են գրանցել, որ կողմնակի աշխատանքից շատ արագ վերածվել է հիմնականի։

«Մեզ մոտ շատ լավ ստացվեց, շատ հաճախորդներ ունեցանք ու գնալով՝ ավելի կատարելագործվեցինք։ Ստիպված եղանք տարազները շատացնել, քանի որ պահանջարկը մեծացավ (ի դեպ, դրանք նույնպես ես եմ կարում)։ Մեծ խումբ է հիմա աշխատում, ու պատրաստ ենք ցանկացած շոու-ծրագիր իրականություն դարձնել՝ ցանկացած միջոցառման համար»,- պատմում է մեր զրուցակիցը։

Տարածքի վարձակալության համար Լիանան ստիպված է եղել խոշոր վարկեր վերցնել՝ բարձր տոկոսներով։ 

«Ամեն անգամ բանկից դուրս գալուց հետո ինձ մոտ դեպրեսիա է սկսվում, թվում է, թե այդ գումարը օդ է գնում, մինչդեռ այնքան ծրագրեր ունեմ, որոնց վրա կարելի էր ծախսել»,- անկեղծանում է նա։

Մնացած դժվարությունները, ասում է, «աշխատանքային պրոցես են», հետո ավելացնում․ «Աշխատող մարդը, ստեղծող մարդը ամեն տեղ էլ կանի, կարևորը՝ որտեղ ես դու հանգիստ զգում քեզ, որտեղ է քոնը, որտեղ ես դու արմատավորված․ քո երկիրը՝ քո տեղը։ Սա՛ է մեր տեղը, ո՞ւմ զիջենք այն»։ 


Զրուցեց Սաթենիկ Հակոբյանը