8 փետրվար, 2020 18:34

Լարվածություն ռուս-թուրքական հարաբերություններում. ինչ հետևանքներ են հնարավոր

Ռուս-թուրքական հարաբերությունները Մերձավոր Արևելքում ձևավորված աշխարհաքաղաքական թնջուկի կարևոր բաղկացուցիչներից են։ Չնայած պատմական բացասական ժառանգությանը և հակադիր շահերի առկայությանը, երկու պետություններին վերջին երեք տարիների ընթացքում հաջողվել էր սերտ գործակցություն հաստատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներում՝ Սիրիա, ռազմատեխնիկական համագործակցություն, տնտեսական կապեր։ Ռուսաստանը կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը և Թուրքիա բնական գազի խոշոր մատակարարներից է։ Երկու պետությունների ղեկավարները հաճախ են հանդիպում, և նրանց միջև կարծես թե հաստատվել են անձնական ջերմ հարաբերություններ։ 

Երկկողմ համագործակցության շնորհիվ կողմերին հաջողվել է լուծել միմյանց համար էական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ։ Ռուսաստանի լուռ համաձայնությամբ Թուրքիան 2016, 2018 և 2019 թթ. իրականացված ռազմական գործողությունների արդյունքում փաստացի օկուպացրել է հյուսիսային Սիրիայի մի մասը և լուրջ հարված է հասցրել այդ տարածքում 2012-ից ի վեր ձևավորված քրդական ինքնավարությանը։ Իր հերթին Թուրքիան չի խոչընդոտել Սիրիայի կառավարական ուժերի կողմից Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ վերահսկողության հաստատմանը։ Թուրքիային Ս-400 համակարգերի մատակարարումը հնարավորություն է տվել Ռուսաստանին էականորեն սրել Թուրքիա – ԱՄՆ և Թուրքիա – ՆԱՏՕ հարաբերությունները, ինչը նպաստում է Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությունը խարխլելու Ռուսաստանի ռազմավարության իրականացմանը։ Իր հերթին, Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծավալմամբ Թուրքիան մեծացնում է տարածաշրջանում ինքնուրույն գործելու իր ներուժը, ինչը համապատասխանում է տարածաշրջանային դերակատար դառնալու Թուրքիայի ռազմավարությանը։

Միևնույն ժամանակ, երկու պետություններին դեռևս չի հաջողվել հաղթահարել տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ առկա էական տարաձայնությունները։ Ռուսաստանը շահագրգռված է Սիրիայի ամբողջ տարածքի նկատմամբ նախագահ Ասադի վերահսկողության հաստատմամբ, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը և նվազեցնել Սիրիայում ռուսական ուղղակի ռազմական ներգրավվածությունը։ Մինչդեռ Թուրքիայի ռազմավարական նպատակը Սիրիայում ազդեցության գործուն լծակների պահպանումն է, այդ թվում այդ պետության տարածքում սեփական վերահսկողության ներքո գործող զինված խմբավորումների պահպանմամբ։

Ներկայում կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող սակավաթիվ նահանգներից մեկը Իդլիբն է, որտեղ կենտրոնացել են 2011-ից ի վեր նախագահ Ասադի դեմ ռազմական պայքար մղող տարատեսակ խմբավորումների մնացորդները։ Թուրքիան զգալի ազդեցություն ունի դրանց մեծ մասի նկատմամբ և վերջիններիս կողմից Իդլիբի նկատմամբ վերահսկողության պահպանումը համարում է հետպատերազմյան Սիրիայում սեփական շահերի առաջ մղումը ապահովող կարևոր գործոն։ 2018թ. սեպտեմբերին Պուտինի և Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնությամբ Սիրիայի կառավարական ուժերը դադարեցրին հարձակումները Իդլիբի ուղղությամբ։ Ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում էին 15-20 կմ խորությամբ բուֆերային գոտու ստեղծում և պարտավորեցնում էին Թուրքիային զինաթափել նահանգում գործող արմատական իսլամական ահաբեկիչներին։

Սակայն մինչ օրս նշված համաձայնությունը միայն մասնակի է իրականացվել։ Թուրքիան գործուն քայլեր չի ձեռնարկել զինված խմբավորումների զինաթափման ուղղությամբ, քանի որ դա կհանգեցնի Սիրիայի այս հատվածում թուրքական ազդեցության գրեթե ամբողջական կորստի։ 2019 թ. կեսերից Սիրիայի կառավարական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ ռազմական գործողություններ են իրականացնում Իդլիբի գրավման նպատակով։ Իրավիճակը կտրուկ լարվեց 2019թ. փետրվարի սկզբին, երբ սիրիական ուժերի հետ բախման հետևանքով սպանվեցին թուրքական բանակի վեց զինվորներ։ Թուրքիան, իր հերթին օդային հարվածներ հասցրեց Սիրիայի կառավարական ուժերին և կոշտ քննադատություն հնչեցրեց Ռուսաստանի հասցեին՝ վերջինիս մեղադրելով պայմանավորվածությունների խախտման մեջ։ Մինչդեռ Ռուսաստանը պնդում է, որ Թուրքիան է ձախողել 2018 թ. սեպտեմբերյան համաձայնությունների կատարումը՝ չկատարելով բուֆերային գոտու ստեղծման և ահաբեկչական խմբավորումներին զինաթափելու պահանջը։ Փետրվարի 4-ին երկու պետությունների նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են հետագա բախումները կանխելուն միտված քայլերը։ Սակայն այս հարցը շարունակելու է բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ կողմերի նպատակները տրամագծորեն հակառակ են։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները և Սիրիայի այս հատվածում ամերիկյան ուժերի բացակայության փաստը, Թուրքիան հայտնվել է բավականաչափ բարդ իրավիճակում և հարկադրված է միայնակ դիմագրավել Իդլիբում Ռուսաստանի ճնշմանը։

Երկու պետությունների հարաբերություններում խնդրահարույց է նաև Սև ծովում ռազմական բալանսի խնդիրը։ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո Մոսկվան բազմապատկել է Սև ծովում տեղակայված ռազմական կարողությունները։ Անկարան ցանկանում է ընդգծել տարածաշրջանում ինքնուրույն դերակատարի գործոնը՝ փորձելով չներկայանել որպես բացառապես ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի շահերն առաջ մղող պետություն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ռազմական կարողությունների կտրուկ աճը մտահոգում է Թուրքիային։ Ստեղծված պայմաններում Թուրքիայի կողմից իրականացվող քայլերի թվում էական նշանակություն է ստանում Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացումը։ Պատահական չէ, որ 2020 թ. փետրվարի 3-ին Կիև կատարած այցելության ժամանակ Էրդողանը հերթական անգամ հայտարարեց, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան Ռուսաստանի կողմից։ Կողմերը նաև համաձայնագիր են ստորագրել Ուկրաինային 36 միլիոն դոլար ռազմական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, ինչն ավելի շատ քաղաքական, քան ռազմական նշանակություն ունեցող քայլ է։

Ռուս-թուրքական հակասությունների հաջորդ կծիկը Լիբիան է։ 2011 թ. ի վեր քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող այս պետությունում ձևավորվել են իշխանության երկու բևեռներ։ Դրանցից մեկը Ազգային համաձայնության կառավարությունն է, որը վերահսկում է մայրաքաղաք Տրիպոլին և ճանաչված է ՄԱԿ-ի կողմից։ Մյուսը Ֆելդմարշալ Հաֆթարի կողմից ղեկավարվող Լիբիայի ազգային բանակն է, որը 2019 թ. ապրիլից ռազմական գործողություններ է իրականացնում Տրիպոլին գրավելու համար։

Թուրքիան 2019 թ. նոյեմբերին համաձայնագրեր է ստորագրել Ազգային համաձայնության կառավարության հետ Միջերկրական ծովում երկու պետությունների էքսկլյուզիվ տնտեսական գոտիների սահմանազատման և անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Տնտեսական գոտիների սահմանազատման համաձայնագիրը հնարավորություն է տալիս Թուրքիային խոչընդոտել Իսրայել – Կիպրոս – Կրետե – Հունաստան – Իտալիա գազամուղի կառուցմանը, քանի որ գազամուղը անցնելու է Թուրքիայի տնտեսական գոտով։ Իսրայելից և Կիպրոսից բնական գազը Եվրոպա տեղափոխող տվյալ գազամուղի կառուցման համաձայնագիրը Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի միջև ստորագրվել է 2020 թ. հունվարի 2-ին։ Մինչդեռ Թուրքիան պնդում է, որ Կիպրոս կղզու ափամերձ հատվածումն հայտնաբերված գազի խոշոր պաշարների մի մասը պատկանում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը, հետևաբար Կիպրոսի Հանրապետության կառավարությունը իրավունք չունի իրականացնել այդ գազի արդյունահանումն ու արտահանումը։ Ֆրանսիայի, Հունաստանի, Եգիպտոսի և Կիպրոսի Հանրապետության արտգործնախարարները 2020 թ. հունվարի 8-ին ընդունված հայտարարությամբ անվավեր են հռչակել Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրված համաձայնագրերը։ Ներկայումս Արևելյան Միջերկրածովում ընթանում է բաց հակամարտություն մի կողմից Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի և Իսրայելի, մյուս կողմից Թուրքիայի միջև գազային հանքավայրերի և դրանց արտահանման ուղիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ 

Ռուսաստանը լիբիական հակամարտությունում կապեր է պահպանում երկու կողմերի հետ, սակայն 2016 թ. սկսած առավել ակտիվորեն աջակցում է ֆելդմարշալ Հաֆթարին, որը հայտարարել է նախքան 2011 թ. ստորագրված ռուսական շուրջ տաս միլիարդ դոլար ներդրումային համաձայնագրերն իրականացնելու պատրաստակամության մասին։ Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներն Լիբիայի ազգային բանակի կազմում ակտիվորեն ներգրավված են ռազմական գործողություններում։ Իր հերթին, Թուրքիան Սիրիայից բազմաթիվ զինյալներ է տեղափոխել Լիբիա՝ մայրաքաղաք Տրիպոլին պաշտպանելու նպատակով։

Լիբիայի խնդիրը քննարկվեց 2020 թ. հունվարի 8-ին կայացած Նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպման ընթացքում։ Վերջիններս կոչ արեցին հրադադար հաստատել Լիբիայում, իսկ հունվարի 13-ին Մոսկվայում երկու պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ տեղի ունեցան միջլիբիական բանակցություններ։ Ռուսաստանը և Թուրքիան ակտիվ մասնակցություն ունեցան նաև 2020 թ. հունվարի 19-ին Բեռլինում անցկացված և Լիբիայի խնդրին նվիրված միջազգային կոնֆերանսին։ Այնուամենայնիվ, այս հարցում կողմերը դիրքորոշումները շարունակում եմ էականորեն տարբերվել, և նրանք դժվար թե կարողանան փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել։

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում ռուս-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ համագործակցություն – հակամարտություն խաչման տիրույթում։ Կողմերը կփորձեն պահպանել վերջին տարիներին ձեռք բերված դրական արդյունքները, միևնույն ժամանակ, մի շարք էական խնդիրներում առկա են անհաղթահարելի հակասություններ, որոնք երկարաժամկետ հեռնկարում ունեն հարաբերություններն ավելի հակամարտային դարձնելու ներուժ։ 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: