10 փետրվար, 2020 10:47

Ղազախները, Հայաստանի ավտոմոբիլային «փուչիկը» և բանկերը

Արշալույս Մղդեսյան

Հայաստանում 2019-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արտոնյալ ռեժիմով պայմանավորված՝ ավտոներկրման բում է գրանցվել: Ոլորտում ներգրավված հայաստանցիների թիվը ոչ պաշտոնական տվյլաներով հասել է 20 000-ի: 2018-ի համեմատ՝ 2019-ին Հայաստան է ներկրվել շուրջ երեք անգամ ավել ավտոմեքենա՝ 189 000։ Այդ մեքենաների հիմնական շուկան Ղազախստանն էր։ Այս տարվա հունվարից Ղազախստանի իշխանությունների կիրառած սահմանափակումների պատճառով ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում կտրուկ դանդաղել է: 

Խնդիրը Հայաստանի առաջարկով քննարկվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Այս մասին Երևանում հունվարի 7-ին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նա նշեց, որ հայկական կողմն արդեն բարձրացրել է հարցը, և ԵՏՀ-ն այն կքննարկի: «Հարցը պետք է կարգավորեն Հայաստանն ու Ղազախստանը: Բայց Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ որպես վերազգային մարմին, հետևելու է գործընթացին: Հայկական կողմը գործել է մաքսազերծման իր կանոններով: Հարցն այն է, թե որքանով է ավտոմեքենաների վերաարտահանումը համապասխանել ԵԱՏՄ-ի կանոններին և այլ պետությունների շահերին: Մենք սա կքննարկենք»,- ասաց Մյասնիկովիչը:

Ավտոներկրման բումը

Հայաստանում 2019-ին գրանցված ավտոներկրման բումը կարող է մեծ գլխացավանքի վերածվել: Անցյալ տարի 189 000 ավտոմեքենա ներկրած և 95 մլրդ դրամի բյուջետային եկամուտ ապահոված անհատ ձեռներեցներն ու կազմակերպությունները կանգնել են փաստի առաջ: Այս տարվա հունվարից ավտոմեքենաների վաճառքը կտրուկ դանդաղել է, քանի որ Ղազախստանում իշխանությունների կիրառած նոր սահամանփակումների պատճառով դադարել են Հայաստանի ավտոմեքենաների երկրորդական շուկայից ներկրումները: Առևտրային նոր արգելքների պատճառով վերջին երեք տարում Հայաստանում շարունակաբար մեծացող ավտոմոբիլային «փուչիկը» կարող է պայթել՝ իր հետևից փլուզելով ոչ միայն գներն ու ոլորտում հազարավոր զբաղվածների բարձր եկամուտների ակնկալիքները: Այն կարող է լուրջ գլխացավանք դառնալ նաև բանկային համակարգի համար, որը վերջին տարիներին հետևողականորեն վարկավորել է այս շուկան:

Հայաստանից Ղազախստան ներմուծված մենքենաների թվի մասին հստակ տվյալներ չկան, քանի որ դրանք Ղազախստանում որևէ տեղ գրանցված չեն: Մոտավոր հաշվարկներով հայտնի է միայն, որ վերջին երեք տարում այլ պետություններից Ղազախստան է ներմուծվել շուրջ 200 000 տրանսպորտային միջոց, որից միայն 40 000-ն է գրանցվել: Այդ պատճառով դրանք անվերահսկելի են Ղազախստանի ներքին գործերի նախարարության համար: 2019-ին չգրանցված մեքենաների մասնակցությամբ ավելի քան 90 000 խախտում է գրանցվել։

Ղազախստանի ՆԳ փոխնախարար Մարատ Կոժաևն ասել է, որ Հայաստանից Ղազախստան է ներմուծվել ավելի քան 22 000 ավտոմեքենա, հայտնում է nur.kz-ը: Կոժաևը չի հստակեցրել ժամանակահատվածը՝ խոսքը վերջին մեկ տարվա՞, թե՞ մի քանի տարվա մասին է: Փոխնախարարն ասել է՝ Ղազախստաի իրավապահների ու միգրացիոն ծառայության պաշտոնայների պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ տեղում հարցն ուսումնասկիրելու: «Տեղեկատվություն կա, որ մեր քաղաքացիները Հայաստանի քաղաքացիների հետ համատեղ տարբեր խորամանկությունների են գնում ՀՀ-ում ժամանակավոր գրանցում ստանալու համար, որն այդ երկրում հավազարազոր է կացության վկայականին: Հիմա մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում՝ ասելով, որ իրենք չեն հասկացել, թե ինչ են արել Հայաստանում մեքենա գնելիս: Մեր հայրենակիցների գործողությունները խոսում են մի բանի մասին. դա հաշվարկ է եղել, մտադրություն՝ շրջանցելու Ղազախստանի օրենսդրությունը», - ասել է նա։ 

Ինչու է առաջացել խնդիրը

Ղազախստանի կառավարությունն այս խնդրին սկսեց ուշադրություն դարձնել, երբ հայկական պետահամարանիշերով ավտոմեքենաների թիվն այդ երկրում հասավ տասնյակ հազարների: Մինչև 2020-ը Հայաստանից գնվել ու Ղազախստան է տեղափոխվել մեծ թվով ատոմեքենաներ, որոնց համար մաքսատուրքը վճարվել է Հայաստանում: Մինչև 2020-ը ԵԱՏՄ բացառություններով պայմանավորված՝ ավտոմեքենաների մաքսատուրքը (շուրջ 10%) Հայաստանում էականորեն նվազ էր Ղազախստանում գործող մաքսատուրքերից (17%):

Այդ պատճառով ղազախստանցիների համար ՀՀ-ում ավտոմեքենաների գինը դարձել էր ավելի գրավիչ, ոլորտի տնտեսվարողները ունեին մրցակցային առավելություն:

Ի դեպ, ավտոմոբիլային շուկան դրական է ազդել նաև Հայաստանի զբոսաշրջության վրա: Պաշտոնական տվյալներով, անցյալ տարի, Հայաստան այցելությունների թվով ղազախստանցիները հինգերորդ տեղում են եղել:

Ղազախստանցիների ցույցը Ակտոբ քաղաքում, 02․02․2020։Ղազախստանում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների խնդիրը սկզբից բարձրացրին իրավապահները՝ պնդելով, որ հայկական ու ընդհանրապես օրարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաները դժվար է վերահսկել, հնարավոր չէ տուգանել այդ ավտոմեքենաների տերերին ճանապարհային խախտումների, անգամ լուրջ վթարների ժամանակ, եթե սեփականատերը հեռացել է վթարի վայրից: 

Սա խոսում է նաև ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման թուլության մասին, քանի որ չկա տվալների միասնական բազա, որ եթե, օրինակ, Հայաստանում Ղազախստանի քաղաքացին ձեռք է բերել ավտոմեքենա ՀՀ պետհամարանիշերով, ապա այդ մասին տեղյակ լինեն ոչ միայն Հայաստանի, այլև Ղազախստանի իրավապահները: Իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի շատ արագ գտնել ավտոմեքենայի սեփականատիրոջը ԵԱՏՄ ցակացած երկրում:

Ղազախստանի քաղաքացի հանդիսացող սեփականատերը ավտոմեքենա ձեռք բերելիս ժամանակավոր գրանցում էր ստանում Հայաստանում: Փաստաթղթերը ձևակերպում են շատ արագ Երևանի ավտոշուկաներում՝ «մեկ պատուհան» սկզբունքով: Ըստ էության, խոսքը վերաարտահանման մասին է, որն արգելված է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրով, սակայն զուտ իրավական տեսանկյունից արգելել չեն կարող: Ղազախստանի քաղաքացին գրանցվում է Հայասանում, իսկ գնած հայկական պետհամարանիշերով ավտոմեքենան՝ վարում ԵԱՏՄ տարածքում, որտեղ գործում է ապրանքների ու կապիտալի ազատ տեղաշարժի սկզբունքը:

Այս դժվարությունները հաղթահարելու համար Ղազախստանի իշխանությունները գնացին կտրուկ քայլի՝ ստիպելով օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերին դրանք գրանցել և վճարել պետական տուրքերը: Հակառակ պարագայում կկիրառվեն տուգանքներ: Ավտոմեքենանների սեփականատերերի բողոքի ցույցերից հետո Ղազախաստանի նախագահ Կասիմ Ժորմատ Տոկաևը խնդրին տվեց ժամանակավոր փոխզիջումային լուծում: Նա երկարաձգեց մեքենաների սեփականատերերին տրվող ժամանակը մինչև 2021-ի մարտի 1-ը՝ կարգավորելու փաստաթղթերը և մտնելու օրինական դաշտ: Իսկ մինչ այդ ավտոմեքենաները ժամանակավոր են գրանցվում:

Այս հնարավորությունը տրվել է մինչև 2020ի փետրվարի 1-ը ներկրված ավտոմեքենաներին:

Ընդհանուր առմամբ, վարորդներին առաջարկվում են հետևյալ օրինական լուծումները. կա՛մ ամիսը մեկ մեքենան դուրս բերել երկրի սահմաններից ու նորից մտցնել երկիր, կա՛մ վճարել պահանջվող հարկերը, կա՛մ էլ վաճառել այն մաս-մաս:

Իրավիճակը Հայաստանի շուկայում. ովքեր են տուժել, ովքեր՝ շահել

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ այժմ Հայաստանում կա կուտակված շուրջ 10 000 ավտոմեքենա, որոնց վաճառքը ղազախական սահամանափակումների պատճառով խիստ դանդաղել է: «Կարելի է ասել՝ Ղախազստանի որոշումով ԵԱՏՄ-ի հիմնական սկզբունքը՝ ապրանքների ու կապիտալի ազատ տեղաշարժը, դադարեց գործել»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ որոշումից հետո շատերը կանգնել են փաստի առաջ:

«Շատերը վարկ են վերցրել՝ փող աշխատելու ակնկալիքով, սակայն փաստացի մարդիկ ունեն վաճառքի մի քանի ավտոմեքենա ու անհույս վիճակ: Մենք դիմել ենք կառավարությանը, որ քայլեր ձեռնարկեն, խոսեն Ղազախստանի իրենց գործընկերների հետ: Եթե Ղազախստանը չի ցանկանում բացել իր շուկան, ապա բանակցեն Ռուսաստանի հետ, որ բերված մեքենաները մարդկանց վրա չմնա»,- ասաց Հովհաննիսյանը:

Արմավիրի բնակիչ Գևորգը 14 ավտոմեքենա է ներկրել Հայաստան 2019-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, մինչ այժմ կարողացել է վաճառել միայն երկուսը։ Կյանքն ավտոշուկայում, ըստ նրա, կանգնել է: «Երկուսն էլ վաճառել եմ հունվարին: Ամբողջ գումարը մուծել եմ բանկ: Այս գործն անելու համար վարկ էի վերցրել, իսկ ստեղծված իրավիճակի պատճառով մեքենաները ստիպված վաճառում եմ էժան, որ վարկերի տոկոսները վճարեմ: Առաջ, եթե հերթի տակ էին տանում՝ առանց գնի շուրջ երկար մտածելու, հիմա հաճախորդ էլ չկա, որ գոնե սակարկելով վերցնի»,- ասաց Գևորգը։ 5 000 դոլար արժողությամբ ավտոմեքենան նա վաճառել է 3 500-ով:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի ավտոմեքենաների ներկրումների հնարավորության պատուհանից ավելի շատ գումար աշխատեցին հարևան Վրաստանն ու Հայաստանի կառավարությունը, ոչ թե հայաստանցիները. «Ղազախստանցիները մի քանի օրում գրանցվում էին Հայաստանում ինչ-որ մեկի տան հասցեով՝ վճարելով որոշակի գումար ու ավտոմեքենայի գնումը կատարում Վրաստանի ավտոշուկայում՝ ավելի էժան: Գրանցման համար թուղթը շատ անգամ «վաճառում էին» հայերը՝ հենց ավտոշուկայում: Հետո ղազախստանցիները մեքենան գնում էին Վրաստանի շուկայից, մաքսազերծում Հայաստանում ու տեղափոխում Ղազախստան»:

Արդյունքում, Հովհաննիսյանի խոսքով, շահեկան դիրքում հայտնվեցին Վրաստանում ավտոմեքենա վաճառողները և Հայաստանի պետությունը, քանի որ մաքսազերծումից մեծ գումարներ մուծվեցին պետբյուջե․ «Տուժեց հայաստանցի ավտոներկրողը և այն մարդը, որի տան վրա գրանցված է ղազխաստանցի ավտոսեփականատերը: Գույքահարկը գալու է այդ հասցեով»:

Ավտոներկրողների միության նախագահի տվյալներով՝ 189 000 ներկրված ավտոմեքենաներից շուրջ 100 000-ը գնվել է Վրաստանի շուկայից:  

Ավտոմոբիլային «փուչիկն» ու բանկերը

Ավտոմոբիլային շուկայում լճացման միտումները լուրջ գլխացավանք կարող են դառնալ նաև բանկային համակարգի համար, որը վերջին տարիներին հետևողականորեն վարկավորել է այս շուկան: «Ես շուրջ 30 000 դոլար վարկ եմ վերցրել: Սա բիզնես վարկ չէ, սովորական սպառողական վարկ է, որի դիմաց գրավադրել եմ իմ ունեցվածքը: Որքան ուշ ու էժան վաճառվեն ավտոմեքենանները, այնքան խնդիրներ եմ ունենալու վարկը մարելու առումով»,- նշում է Գևորգը:

Պաշտոնական տվյալներով՝ մինչև 2020-ը Հայաստան ներկրված ավտոմեքենաների շուրջ 90 տոկոսը երկրորդական շուկայից է՝ 7 տարուց ավելի գործածության ժամկետով և մինչև 5-6 հազար դոլար արժողությամբ:

Ոլորտը վարկավորած առևտրային բանկերը դեռևս չեն խոսում բացասական միտումների մասին, սակայն չեն էլ հերքում երկրորդական շուկայում ավտոմոբիլային «փուչիկի» լուրերը: «Տեսականորեն ամեն բան հնարավոր է: Մենք բավականին ակտիվ վարկավորել ենք շուկայի այդ սեգմենտը»,- ասել է «Արմսվիսբանկի» գլխավոր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Եղել են նաև բանկեր, որ ավելի պահպանողական են գործել ավտոմեքենաների երկրորդական շուկան վարկավորելու հարցում՝ մտահոգված լինելով սպասվող էֆեկտի կարճաժամկետությամբ ու ոչ կայունությամբ:

Այնուամեյնանիվ, 2019-ին կտրուկ աճել է սպառողական վարկերի ծավալը՝ հասնելով 434 մլրդ դրամի (աճը՝ 55 տոկոս)՝ չհաշված կենցաղային ապրանքների ու համակարգչային տեխնիկայի ապառիկ գնման համար տրվող վարկերը: Համաձայն փորձագիտական գնահատականների, սպառողական վարկերի աճի մեծ մասն ուղղված է եղել հենց ավտոմեքենաների գնմանը:

Կենտրոնական բանկը ներկայում  անհանգստության լուրջ պատճառ չի տեսնում: Անցյալ տարվա կտրվածքով ժամկետանց վարկերի ծավալը բավականին ցածր է: Պաշտոնական տվյալներով՝ 2019-ին այն կազմել է 0,85 տոկոս:

ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանն ընդունում է, որ նախկինում մրցակցային առավելություններ ունեցող Հայաստանի ավտոներկրողներն այժմ խնդիրների են բախվում:

«Հույս ունեմ, որ ներկրված ավտոմեքենաների ավելցուկն այնուամենայնիվ հնարավոր կլինի իրացնել Ղազախստանում կամ Ռուսաստանում: Բայց եթե անգամ խնդիրներ առաջանան, ապա դա երկու տնտեսվարողներինն է: Գործարքի որոշումը կայացրել են երկու տնտեսվարողներ՝ մի կողմից ներկրողը, մյուս կողմից բանկը, որոնք պետք է հաշվարկած լինեին հնարավոր ռիսկերը: Այժմ դժվար է հստակ ցուցանիշների մասին խոսել, բայց որ ոշ ժամանակ հետո հանարվոր կլինի վերլուծել և ավելի հստակ պատկեր ունենալ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Մարտին Գալստյանը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի