12 փետրվար, 2020 17:45

«Այստեղ և հիմա»-ի էֆեկտը դրդում է պոպուլիստական որոշումների․ ուկրաինացի վերլուծաբան

Ուկրաինացի վերլուծաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում կիսում է դատական համակարգի, Սահմանադրական դատարանի բարեփոխման ուկրաինական փորձը, պատմում է, թե ինչի է հանգեցրել երկրում «Իշխանությունը մաքրելու» մասին օրենքի կիրառումը և որքանով են արդյունավետ վերջին շրջանում ստեղծված հակակոռուպցիոն մարմինները։ Ցարենկոյի խոսքով՝ ««այստեղ և հիմա»-ի էֆեկտը, որն ակնկալում է հեղափոխական խանդավառ հանրությունը, հաճախ ստիպում է կայացնել պոպուլիստական որոշումներ, որոնք համատեղելի չեն իրավունքի նորմերի հետ և միայն վատթարացնում են իրավիճակը»։

- Ապրիլի 5-ին Հայաստանում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի վեց դատավորների հեռացում։ Հայաստանում իշխող ուժը հայտարարում է, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը «Հայաստանի ժողովրդավարության և ինքնիշխանության համար լուրջ մարտահրավեր» է։ Նախաձեռնության հեղինակները հղում են անում Ուկրաինայի և Մոլդովայի փորձին, որտեղ ևս, նրանց խոսքով, Սահմանադրական դատարանները, «առաջնորդվելով քաղաքական համակրանքներով», ստեղծել են ճգնաժամ։ Ինչպե՞ս և ե՞րբ է սկսվել Ուկրաինայում ՍԴ-ի բարեփոխումը, և այսօր որքանո՞վ են համադրելի իրավիճակները Հայաստանում և Ուկրաինայում։

- Սահմանադրական դատարանի կողմից 2010-ի սեպտեմբերին ընդունված որոշումը՝ 2004-ի դեկտեմբերին ընդունված №2222-IV օրենքի [Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին - խմբ․] հակասահմանադրական լինելու մասին, դարձավ Ուկրաինայի ՍԴ-ի բարեփոխումների անհրաժեշտության ակնհայտ և ավելի քան բավարար ազդանշան։ Հիշեցնեմ, որ 2004-ի դեկտեմբերին՝ քաղաքացիական լայնամասշտաբ հակամարտության նախաշեմին, պայմանավորված Ուկրաինայի նախագահական ընտրություններին զանգվածային կեղծիքներով, որպես նվազագույն ընդունելի փոխզիջում՝ ընդունվեց քվեարկության երկրորդ փուլի անցկացման և հիմնական օրենքում մի շարք փոփոխություններ կատարելու որոշում, որը, ըստ էության, Ուկրաինան վերափոխեց կիսանախագահական հանրապետություն։ 

Սակայն 2010-ին ընտրվելով նախագահ՝ Վիկտոր Յանուկովիչը կարողացավ ՍԴ-ի միջոցով անցկացնել 2004-ի ընդունված փոփոխությունների չեղարկումը և ստանալ լիազորությունների լայն շրջանակ, որոնցից իր իրավանախորդ Վիկտոր Յուշչենկոն չէր օգտվում։ Առանց Ուկրաինայի ՍԴ-ի քաղաքական այդ որոշման Վիկտոր Յանուկովիչի կողմից իշխանության բռնազավթումն անհնար կլիներ։ Այդ որոշման քաղաքականացված լինելու հանգամանքը՝ որպես քաղաքական գործիչներից դատական համակարգի վկայություն, բազմիցս մատնանշել են եվրոպացի մեր գործընկերները։ 

2014-ի իշխանափոխության հետ սահմանադրական արդարադատության բարեփոխումը հնարավոր դարձավ։ Ուկրաինայում դատական բարեփոխումները սկիզբ են առել 2016-ից, իսկ «Ուկրաինայի Սահմանադրական դատարանի մասին» օրենքը  նոր խմբագրությամբ ընդունվել է 2017-ի հուլիսին։ Դրանում արտացոլվել են շատ դրական փոփոխություններ՝ միտված դատարանների իրական անկախությանը, բայց ապագայում էլ անելիքներ կան։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համեմատությանը՝ Ուկրաինայում ՍԴ-ն ոչ մի կերպ չի կարող ընդհանուր իրավասության դատարանների իրավազորությանը վերաբերող որոշում կայացնել․ մասնավորապես՝ կոնկրետ քրեական գործընթացի շրջանակում ընտրված այս կամ այն խափանման միջոցի որոշման օրինականության վերաբերյալ։

- Նախագահ Պյոտր Պորոշենկոյի կառավարման շրջանում նրան հաճախ են կասկածել ՍԴ-ն իր վերահսկողության տակ վերցնելու և դատական համակարգը իրեն ենթարկելու փորձերում։ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել այդ առումով Վլադիմիր Զելենսկու օրոք։ Որքանո՞վ է այսօր ուկրաինական դատական համակարգը անկախ գործող իշխանություններից, մասնավորապես՝ նախագահից։

- Ինչպե՞ս են դասավորվում նախագահի և ՍԴ-ի փոխհարաբերությունները։ Դիմենք թվերին։ Միայն անցած տարվա աշնանից Ուկրաինայի Սահմանադրական դատարանը նախագահ Վլադիմիր Զելենսկու երեք օրենսդրական նախաձեռնությունների հակասահմանադրականության մասին վճիռներ է կայացրել։ Դրանք շատ զգայուն մերժումներ են․ Զելենսկին ցանկանում էր Սահմանադրության մեջ ամրագրել նախագահի՝ կարգավորիչ մարմիններ ստեղծելու, Հետաքննությունների պետական բյուրոյի, Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարներին նշանակելու իրավունքը, ներմուծել Գերագույն Ռադայի լիազորների ինստիտուտ։

Եվս մեկ նախաձեռնություն՝ կրճատել Գերագույն Ռադայի կազմը 450-ից 300 պատգամավորի, ստացավ պաշտոնական հաստատում, բայց շատ էական նախազգուշացումներով։ Փաստացիորեն Ուկրաինայի Սահմանադրական դատարանը այժմ արգելակել է նոր օրենքների ընդունման այսպես կոչված «տուրբոռեժիմը»։ Իհարկե, նախագահի գրասենյակը չի կարող գոհ լինել դրանից, բայց Զելենսկու թիմը Ուկրաինայի ՍԴ-ի հետ բաց առճակատման չի գնում։ Թերևս նախագահի համախոհներն էլ են հասկանում, որ հաճախ ՍԴ-ի դատավորների բացասական գնահատականը օրենսդրական նախագծերին պայմանավորված է ոչ թե անձնական հակակրանքով, այլ փաստաթղթերի իրավական տեսանկյունից թույլ  լինելու հանգամանքով։ Եթե խոսենք ընդհանուր իրավասության դատարանների մասին, ապա դրանք ևս չենք կարող նախագահին ենթակա անվանել։

- Կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Վերջին տարիներին Ուկրաինայում ստեղծվել են մի քանի իրավապաշտպան հակակոռուպցիոն մարմիններ, 2019-ին սկսել է աշխատել Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը։ Ինչպե՞ս եք գնահատում տվյալ մարմինների արդյունավետությունը, նրանց անկախությունը և անկողմնակալությունը, և ինչքանո՞վ է արդյունավետ այսօր կոռուպցիայի դեմ պայքարը Ուկրաինայում։

- Որքան էլ հակասական է՝ ինձ թվում է, որ նորաստեղծ հակակոռուպցիոն մարմինները առավելագույն արդյունավետության հասել են միմյանց դեմ պայքարում։ Միջգերատեսչական անընդհատ ընթացող պայքարը իրավասաությունների և լիազորությունների վերաձևման համար, ղեկավարների փոխադարձ հակակրանքը, ցածր պրոֆեսիոնալիզմը՝ ահա սրանք են այն պատճառները, թե ինչու թիվ մեկ կոռուպցիոներների աղմկահարույց ձերբակալությունները չեն ավարտվում խիստ դատավճիռներով։ Էական նշանակություն ունի նաև ուկրաինական օրենսդրության չափից ավելի ազատական լինելը․ օրինակ, հանցագործության վայրում բռնված կոռուպցիոները հայտարարում է, որ վերցրել է գումար, խոստացել, որ կկայացնի այս կամ այն որոշումը ի օգուտ կաշառք տվողի, բայց իրականում չէր պատրաստվում ինչ-որ բան ձեռնարկել։ 

Որպես հետևանք՝ խարդախության մեջ մեղավորության ճանաչում և չնչին չափի տուգանքի տեսքով պատիժ (հաճախ կաշառքի գումարից քիչ)։ Հաճախ մեղադրական դատավճռից հետո նման անձանց հաջողվում է նույնիսկ մնալ ղեկավար պաշտոններում։

- Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո իրավապաշտպանները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ անհրաժեշտ է լյուստրացիայի գործընթաց սկսել, միևնուն ժամանակ, Ուկրաինայում քննարկվում է «Իշխանության մաքրման մասին» օրենքի վերանայումը։ Ի՞նչ է տվել այս օրենքը Ուկրաինային, որքանո՞վ  է այն նպաստել պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը։

- «Իշխանության մաքրման մասին» օրենքի իրացման արդյունքում ազատված՝ իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կողմից բազմաթիվ դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան փաստում են այն մասին, որ լյուստրացիայի՝ հապճեպ ընդունված մեխանիզմը ապահովել է  բազմաթիվ կարևոր պաշտոնների ազատման ակնթարթային արդյունք։ Այդ պաշտոնները կարող են զբաղեցնել նոր մարդիկ, բայց միջնաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել նրան, որ պետությունը ստիպված լինի վճարել բազմամիլիոնանոց փոխհատուցումներ։ Սակայն չենք կարող պնդել, որ «զտվածների» փոխարեն եկել են բացառիկ ազնվության տեր հայրենասերներ՝ օժտված անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։

Քիչ չեն դեպքերը, երբ բարձր պաթոսը և հմուտ ինքնագովազդը բերել են նրան, որ պատասխանատու պաշտոնների են եկել ոչ պրոֆեսիոնալներ, երբեմն էլ՝ քրեական անցյալ ունեցող խաբեբաներ։ Իմ կարծիքով՝ լյուստրացիան իր ուկրաինական տարբերակով չդարձավ պետական ապարատի կատարելագործման արդյունավետ գործիք։ Իհարկե, Վիկտոր Յանուկովիչի կառավարման շրջանում հանցագործություններ գործած պաշտոնյաներին հարկավոր է պատժել, այդ թվում՝ իշխանական լիազորություններից զրկելով։ Սակայն յուրաքանչյուրի մեղքը պետք է ապացուցվի, այլ ոչ թե փոխարինվի միայն պաշտոնում լինելու փաստով։ Չէ՞ որ ոչ ոք ապահովագրված չէ, որ Վլադիմիր Զելենսկուն կամ նրա հետևորդներին ինչ-որ մեկը խորհուրդ չի տա կրկնել «իշխանության մաքրման» հնարքը զանգվածային պաշտոնանկությունների ճանապարհով։

- Ի՞նչ սխալներից հետ կպահեիք հետհեղափոխական Հայաստանը՝ հաշվի առնելով Ուկրաինայի՝ դատական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի փորձը։

- «Այստեղ և հիմա»-ի էֆեկտը, որին սպասում է հեղափոխական խանդավառ հանրությունը, հաճախ ստիպում է կայացնել պոպուլիստական որոշումներ, որոնք համատեղելի չեն իրավունքի նորմերի հետ և ավելի շուտ վատթարացնում են իրավիճակը։ Ուկրաինական փորձը ցույց է տալիս, որ իրավունքի ոլորտում բարեփոխումները պետք է կատարել՝ եվրոպական կառույցներին լրջորեն հետևելով։ Սեփական կաշվի վրա ենք զգացել, որ վակուումում չենք ապրում։ Հայաստանում ՍԴ-ի շուրջ երկխոսության կողմերին ոչ ոք չի խանգարում հայցել, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի գնահատականը։ Դա միանշանակ թույլ կտա իջեցնել լարվածության աստիճանը հանրության շրջանում և վեճը տեղափոխել զուտ իրավական հարթություն։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի