13 փետրվար, 2020 11:59

«Կեղծ պնդումներ»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ընտրություններում ԼՂ-ի ընտրյալ ներկայացուցիչների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, և «ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ»: 

«Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից:

Մենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով:

Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում: 

Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրական իրավունքը կիրացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որոնց ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին»,- ասված է խոսնակի մեկնաբանությունում։

Ադրբեջանի արտահերթ ընտրությունների մասին

Փետրվարի 9-ին Ադրբեջանում անցկացվել են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնք ուղեկցվել են համատարած ընտրախախտումներով՝ լցոնումներ, ընտրողների ուղղորդում, վստահված անձանց նկատմամբ բռնություն և այլն։ Սոցիալական ցանցերը հեղեղված էին կեղծիքները արձանագրող տեսանյութերով։

Միջազգային դիտորդական առաքելությունը քննադատել է ընտրությունները՝ փաստելով, որ դրանք ուղեկցվել են ընթացակարգային բազմաթիվ խախտումներով։ Դիտորդները մտահոգություն են հայտնել հիմնարար ազատությունների և իրավունքների խախտման առնչությամբ։ Մասնավորապես, մատնանշվել են ձայների հաշվարկի և արդյունքների ամփոփման ընթացքում խախտումները։

Ընտրություններին մասնակցել է 1314 թեկնածու 20 քաղաքական կուսակցությունից, ինչպես նաև ինքնաառաջադրված թեկնածուներ։ Մի շարք ընդդիմադիր ուժեր բոյկոտել են ընտրությունները՝ դրանք որակելով կեղծ։ Փետրվարի 9-ի երեկոյան Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հայտարարել է հաղթանակի մասին։ 

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ իշխող կուսակցությունը 125-տեղանոց խորհրդարանում ստանում է 71 մանդատ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով դիտորդական գնահատականը, այն որակել է  զուտ «ընթացակարգային և կազմակերպչական» բնույթի հայտարարություն։ 

Փետրվարի 9-ի ընտրություններում ստեղծվել են վիրտուալ ընտրատարածքներ՝ Լեռնային Ղարաբաղի շրջանների անվանումներով։ Այս համատեքստում պաշտոնական Բաքուն «կարևորել է այն քայլերը», որոնք ապահովել են «բռնի տեղահանվածների ընտրական իրավունքի իրացումը՝ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս կամ մասնակի վերահսկողության տակ գտնվող 10 ընտրատարածքներում ընտրությունների կազմակերպման անհնարինության պատճառով»։

Ադրբեջանցի լրագրող, JAM News լրատվականի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ ընտրությունները որևէ կերպ չարդարացրին ժողովրդի սպասելիքները։ Ռզաևի խոսքով՝ խորհրդարանի կազմի թարմացման մասին խոսք անգամ չկա, այն չի կարող բերել որևէ բարեփոխման կամ փոփոխության։ Ընտրողների ակտիվությունը Ռզաևը ցածր է գնահատել՝ նշելով, որ այն եղել է «միայն համակարգիչների մոտ և սոցցանցերում»։

Տե՛ս՝ Ադրբեջանում էլ վաղ թե ուշ կլինի իշխանափոխություն՝ սոցիալական պայթյունի արդյունքում․ Արիֆ Յունուսով

Իլհամ Ալիևից Մեհրիբան Ալիևային իշխանության փոխանցումը, ըստ մեկնաբանի, նույնպես տեսանելի չէ, քանի որ «իշխող կուսակցության ներսում դեռ շարունակվում է պայքարը»։

Ստելլա Մեհրաբեկյան