13 փետրվար, 2020 17:36

Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին. Բունդեսթագի նախագահ

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

«Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վերը նշված համաձայնագիրը վավերացնելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: 

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետևելու հանրաքվեի ընթացքին:

Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել մեր երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացմանը: Վոլֆգանգ Շոյբլեն հույս է հայտնել, որ Հայաստանը, անձամբ վարչապետ Փաշինյանը կշարունակի ջանքերը նպաստելու երկու միությունների միջև հարաբերությունների խթանմանը:

ՀՀ կառավարության ղեկավարը ևս կարևորել է ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության նոր բանաձևերի որոնումը և նշել, որ ԵԱՏՄ շրջանակում ևս հարցը քննարկվում է»,- ասված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայքը