14 փետրվար, 2020 15:04

Ամուլսարը կշահագործվի, եթե պարզվի՝ ռիսկերը կառավարելի են, և հակառակը, ասել է Փաշինյանը 

«Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են, կպաշտպանեմ այդ նախագիծը։ Եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի չեն, չեմ պաշտպանի այն»․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Գերմանիայում է։ Փետրվարի 13-ին Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում կազմակերպված քննարկմանը մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ է մտածում Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման մասին։

«Դուք գիտեք, որ մենք բոլորս ունենք մտահոգություններ՝ կապված այդ հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի հետ։ Ես անձամբ՝ որպես Հայաստանի վարչապետ, հավասարապես շահագրգիռ եմ և հավասարապես շահագրգիռ չեմ, որ այդ հանքը շահագործվի»,- ասել է Փաշինյանը։

«Շահագրգիռ եմ, եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանին անվերականգնելի բնապահպանական վնասներ չի պատճառի։ Շահագրգիռ չեմ,  եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանում բնապահպանական աղետների կհանգեցնի»,- պարզաբանել է վարչապետը։

Վարչապետը նշել է, որ «որոշակի իրավիճակների, այդ թվում այդ նախագծի նկատմամբ հանրային որոշակի անվստահության պատճառով չեն կարողանում բավարար տեմպերով առաջ շարժվել այս հարցերի պատասխանը ստանալու առումով»։

Վարչապետը հավելել է, որ քաղաքակրթության ցանկացած դրսևորում որոշակի բնապահպանական վնաս է պատճառում։ Ցույց տալով դահլիճը, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը, Փաշինյանն ասել է․ «Նույնիսկ այս գեղեցիկ շենքի կառուցումը [բնապահպանությանը վնաս է եղել], որովհետև ենթադրվում է՝ այստեղ ինչ-որ ժամանակ անտառ կամ դաշտ է եղել»։

Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունքը պատկանում է Լիդիան Արմենիա ընկերությանը, որը Լիդիան Ինթերնեշնլ ընկերության դուստրն է։ 

Բնապահպան ակտիվիստները արդեն շուրջ երկու տարի է, ինչ փակել են դեպի հանք տանող ճանապարհները՝ զգուշացնելով հանքի շահագործումից բխող բնապահպանական ծանր հետևանքների մասին։ 

Լիդիան ընկերության բաժնետոմսերը ցուցակված էին Տորոնտոյի ֆոնդային բորսայում, սակայն 2019-ի դեկտեմբերին բորսան դրանք ապացուցակել է։Լիդիանը հայտարարել է, որ դատական գործընթաց է սկսելու Հայաստանի կառավարության դեմ։

Տե՛ս նաև՝

Լիդիանը ապացուցակվել է Տորոնտոյի բորսայից․ ինչ է դա նշանակում

Ամուլսարի հարցով իրավական խնդիրներ կարող են լինել՝ Լիդիանն արբիտրաժ կդիմի. Փաշինյան

Լուսինե Վարդանյան