14 փետրվար, 2020 13:15

ՀՀԿ-ն չի մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին, ՀՅԴ-ն կոչ է անում անտեսել այն

Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ի հանրաքվեի վերաբերյալ՝ այն անվանելով «հակասահմանդրական, հակաիրավական և հակաժողովրդավարական»։

Հանրապետականը, հանրաքվեն համարելով «արկածախնդրություն», նշում է, որ դրա «միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է»։

«Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:

Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ»,- ասված է ՀՀԿ-ի հայտարարությունում։

Ապրիլի 5-ի հանրաքվեն անտեսելու կոչով երեկ հանդես է եկել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։

Դաշնակցությունը դիմել է քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, որպեսզի միավորեն իրենց` «Այո»-ն բացառելու ջանքերը։ 

#ՍիվիլՆեթ #Լուրեր