14 փետրվար, 2020 09:26

Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, հանվել է կիսափակ հասկացությունը, այսինքն՝ նախագծով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում: Սակայն դրույթ է ավելացվել, որով հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը: Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը քվեարկությունից առաջ նշեց, որ ողջունում են նախագիծը, նախաձեռնությունը, բայց տեսնում են որոշ խնդրահարույց հարցեր, խմբակցությունում տարբեր կարծիքներ կան, արդյունքում որոշել են երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը թողնել ազատ: Ծովինար Վարդանյանն առաջարկեց հետևել Թունյանի խորհրդին, կողմ քվեարկել նախագծին, հետո միանգամից ստեղծել աշխատանքային խումբ՝ փոփոխություններ ձեռնարկելու ուղղությամբ: