14 փետրվար, 2020 11:15

Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա․ Փաշինյան

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: Հանդիպման շրջանակում նա պատասխանել է ներկաների, այդ թվում՝ ադրբեջանցի փորձագետներ ներկայացող անձանց հարցերին, որոնք վերաբերել են ղարաբաղյան հակամարտությանը: Փաշինյանի խոսքով՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությունն ունի շատ պարզ ու կոնկրետ բացատրություն։ «Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։

«Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի.. Ես չգիտեմ, դուք տեղյա՞կ եք, ներկաները տեղյա՞կ են, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ն խաղաղասիրական ծրագրով սպաներ է հրավիրում Հայաստանից ու Ադրբեջանից։ Բուդապեշտում նրանք համատեղ սեմինարների են մասնակցում, և ադրբեջանցի սպան կացնով սպանում է քնած հայ սպային։ Դրանից հետո Բուդապեշտում տեղի է ունենում դատավարություն ու ադրբեջանցի սպան դատապարտվում է ցմահ ազատազրկման։ Որոշ ժամանակ անց Հունգարիայի կառավարությունը որոշում է այդ սպային արտահանձնել Ադրբեջան։ Եվ ժամանելուն պես Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրում այդ սպային ազատ արձակելու մասին, վճարվում է այդ ողջ ընթացքում նրա չստացած աշխատավարձը, տրվում են բնակարան, զինվորական կոչում ու նա լրատվամիջոցներով համընդհանուր քաջալերանքի և հերոսի կոչման է արժանանում։ Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել։ Որովհետև, երբ խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին ադրբեջանցիների կողմից՝ մարդիկ, խաղաղ բնակիչները, երեխաները տարիներով նկուղներից դուրս չէին գալիս։

Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։ Իսկ ինչ վերաբերում է իմ այն արտահայտությանը, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա ունի շատ պարզ ու կոնկրետ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։

Եվ ուզում եմ հստակ ասել, որ մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որ մեզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջողվել է հասնել նրան, որ 2018 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, տարածաշրջանում, շփման գծում լարվածություն աննախադեպ ցածր է։ Եվ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրավական կարգավորում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը