14 փետրվար, 2020 16:29

Հաշվի առնել բանաձևի ժամանակն ու քաղաքական պայմանները․ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ, դոկտոր Նորա Արիսյանը պատասխանում է ՍիվիլՆեթի հարցերին՝ կապված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետ։

- Փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով աշխարհի խորհրդարաններին և միջազգային հանրությանը՝ հետևելու իր օրինակին։ Դուք համարո՞ւմ եք, որ հայերի բարեկամ Սիրիայի այս քայլն ուշացած էր։

- Պետք է ասել, որ Սիրիայի խորհրդարանը 2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, հատուկ նիստ էր գումարել, և խորհրդարանի նախագահը հայտարարությամբ դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը: 2016-ից ի վեր պատգամավորները մի քանի անգամ բարցրացրել են հարցը, և տարբեր առիթներով այն հնչել է։

- Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեք այն նախագահներից է, որոնք, այցելելով Երևան, չեն բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ինչո՞ւ հիմա Դամասկոսը որոշեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ի՞նչ ճանապարհ է անցել նախագիծը։

- Անշուշտ, պետք է հաշվի առնել ժամանակն ու քաղաք ական պայմանները, նաև՝ միջազգային քաղաքականությունը։ Պետք է հաստատել, որ ընդունված բանաձևը հեղինակել է «Սիրիա-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովը, որը հունվարի 20-ին գումարեց իր արտահերթ նիստը՝ քննարկելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որից հետո հարցը ընդգրկվեց խորհրդարանի նիստի օրակարգում: Փետրվարի 13-ին ավելի քան մեկ ժամ տևած ելույթներում սիրիացի 32 պատգամավորներն արտայայտեցին իրենց զորակցությունը բանաձևին, որում հստակորեն օգտագործվում է «Հայոց ցեղասպանություն» եզրը և այն դատապարտելու և ճանաչելու հանգամանքը։

Փաստաթղթի մեջ մասնավորապես ասվում է․

«Սիրիայի խորհրդարանը դատապարտում է և ճանաչում է հայերի ցեղասպանության ոճիրը, և իր խոր զորակցությունն է հայտնում եղբայրական հայ ժողովրդին, նաև դատապարտում է պատմական իրողությունը ժխտող և խեղաթյուրող որևէ փորձ՝ այն համարելով մարդկության դեմ ամենածանր ոճիրներից մեկը»:

- Թուրքիայի հետ սահմանին բնակվող հայերը պարբերաբար հայտնվում են թուրքական հարձակումների թիրախում, հիշենք Քեսապը։ Բանաձևի ընդունումից հետո կա՞ն որոշ մտավախություններ հայության անվտանգության տեսանկյունից։

- Թուրքիան, որը բացասական դերակատարություն է ունեցել սիրիական պատերազմի 8 տարիներին, նույնպես արձագանքեց Խորհրդարանի ընդունած բանաձևին։ Վերջին շրջանին նրա հայտարարությունները փաստում են, որ նա դեռ շարունակում է ռազմատենչ ոգին և քաղաքականությունը:

- Սիրիան շարունակում է մնալ ծանր վիճակում՝ թե տնտեսապես, թե սոցիալապես։ Նախ՝ արդյոք պատերազմն ավարտվա՞ծ է, և սկսվել է հետպատերազմական վերականգնման փուլը, երկրորդ՝ ինչպե՞ս եք գնահատում հայության վիճակը, արդյոք հայերը վերադառնո՞ւմ են իրենց տներ։

- Պատերազմական երևույթները դեռ առկա են որոշ նահանգներում, սակայն մեր կարծիքով վերականգնման որոշ աշխատանքներ հնարավոր է եղել է իրականացնել այն վայրերում, որտեղ արդեն կատարելապես ավարտված են ռազմական գործողությունները սիրիական բանակի և բարեկամ օժանդակ երկրների ջանքերով։

Վերականգնման համատեքստում ասեմ, որ պետական օժանդակությամբ Դամասկոսի մեջ վերակառուցվել է Ազգային Միացյալ Վարժարանի շենքը, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում և ենթարկվել էր ահաբեկչական հարձակման։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը