15 փետրվար, 2020 13:46

Ինչ վտանգներ սպասել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» կարգավորման գործընթացում

2020թ. փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքները շարունակում են մնալ Ադրբեջանով զբաղվող հայ փորձագետների ուշադրության կենտրոնում։ Հիմնական քննարկումները վերաբերում են ընտրությունների՝ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի և իշխանության տարբեր խմբավորումների միջև ուժերի հաշվեկշռի վրա ունեցած ազդեցությանը։

Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից այս ընտրությունները կարևորվում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նախագահ Թուրալ Գանջալիևի պատգամավոր ընտրվելու փաստով։ Գանջալիևը ընտրվել է «Խանքենդիի թիվ 122 ընտրատարածքից»։ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործունեությունը զգալիորեն ակտիվացել է այն բանից հետո, երբ 2018թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ծնված Թուրալ Գանջալիևը կազմակերպության նախագահի պաշտոնում փոխարինեց Բայրամ Սաֆարովին։

Գանջալիևն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում էական ջանքեր է գործադրել կազմակերպության միջազգային կապերի ընդլանման ուղղությամբ։ Հաճախակի են դարձել Ադրբեջանում հավատարմագրված տարբեր, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների դեսպանների հանդիպումները կազմակերպության ղեկավար կազմի հետ։ Հիշատակության են արժանի 2019թ. դեկտեմբերին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի և 2020թ. հունվարի 30-ին ԱՄՆ-ի դեսպանի հանդիպումը Գանջալիևի հետ։ Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո 2020թ. փետրվարի 13-ին Գանջալիևի հետ հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործունեության ակտիվացումն ու նրա ղեկավարի կազմի ներուժի էական ուժեղացումը տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների կողմից Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջի առաջադրումից հետո։ Բանակցություններին Արցախի մասնակցության մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց 2018 թ. մայիսին վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո՝ Ստեփանակերտում։ Դրանից հետո նա մի քանի անգամ կրկնել է այս տեսակետը, այդ թվում 2018թ. հունիսի 7-ին Ազգային Ժողովի հատուկ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախի ղեկավարությունը:

Մինչդեռ Ադրբեջանը միանշանակ բացասական վերաբերմունք է որդեգրել այս հարցում՝ պնդելով, որ բանակցությունների ձևաչափը փոխվել չի կարող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարություններում ընդգծել են, որ բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում։

Հայաստանի վարչապետի առաջարկը մերժելուն զուգահեռ Ադրբեջանը սկսել է բականաչափ ակտիվորեն շրջանառել «Ղարաբաղի երկու՝ հայկական և ադրբեջանական համայնքների» գոյության և նրանց խաղաղ գոյակցության անհրաժեշտության խնդիրը՝ որպես Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ օժտված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ։ Քարոզչական այս թեզը բավականաչափ ակտիվորեն առաջ են մղում նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարները՝ պնդելով, որ իրենք պատրաստ են Ղարաբաղի հայերի հետ խաղաղ գոյակցության։ Համայնքի ներկայացուցիչները շեշտում են, որ հանդես են գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, սակայն դա տեղի ունենալ չի կարող, քանի դեռ վերականգնված չեն իրենց իրավունքները։

Գանջալիևի պատգամավոր ընտրվելը «Խանքենդիի 122-րդ ընտրատարածքից» հնարավորություն կտա վերջինիս ներկայանալ որպես «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ընտրված ներկայացուցիչ, որն ունի «լեգիտիմ մանդատ» ներկայացնելու համայնքի շահերը։

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը մի կողմից կշարունակի մերժել  բանակցությունների ձևաչափի փոփոխությանն ուղղված առաջարկները, մյուս կողմից առավել ակտիվորեն միջազգային դիվանագիտական շրջանակներ կներգրավի Գանջալիևին՝ որպես Ղարաբաղի ադրբեջանցիների «լեգիտիմ ընտրված ներկայացուցիչ»։

Չի բացառվում, որ որպես «բարի կամքի և հանուն խնդրի խաղաղ կարգավորման էական փոխզիջումների գնալու պատրաստակամության» ապացույց, Ադրբեջանն ինչ-որ պահի համաձայնի փոխել բանակցությունների ձևաչափը, սակայն առաջարկելով ոչ թե եռակողմ՝ Ադրբեջան – Արցախ – Հայաստան, այլ քառակողմ՝ Ադրբեջան – Ղարաբաղի ադրբեջանական համայնքի լեգիտիմ ընտրված ներկայացուցիչ – Ղարաբաղի հայկական համայնքի լեգիտիմ ընտրված ներկայացուցիչ – ձևաչափը։

Ադրբեջանը թերևս կպնդի, որ «Ղարաբաղի հայկական համայնքի լեգիտիմ ընտրված ներկայացուցիչը» լինի ոչ թե 2020թ. մարտի 31-ին ընտրված  Արցախի Հանրապետության նախագահը, այլ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներից մեկը, գուցե նաև Ազգային Ժողովի ղեկավար կազմի ներկայացուցիչ։

Այս քայլով Ադրբեջանը կարող է բավականաչափ բարդ իրավիճակ ստեղծել հայկական կողմի համար։ Մերժել Ադրբեջանի առաջարկը նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև հանդես գալ ոչ կառուցողական դիրքորոշմամբ և «ըստ արժանվույն չգնահատել էական փոխզիջումների գնալու Ադրբեջանի պատրաստակամությունը»։ Մյուս կողմից, այս առաջարկի ընդունումը փաստորեն կհանգեցնի Արցախի Հանրապետությունը Ղարաբաղի հայ համայնքով փոխարինմանը, ինչն էականորեն կդժվարացնի «չի լինելու վերադարձ մինչ 1988թ. իրավիճակին ո՛չ սահմանների, ո՛չ կարգավիճակի հարցում» թեզի իրականացումը։        

Լուսանկարում՝  «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նախագահ Թուրալ Գանջալիևը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: