20 փետրվար, 2020 11:46

Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է․ Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոն

Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է․ այս մասին են վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ աշխարհի ռազմականացված երկրների վերաբերյալ 2019թ․ համաթվի տվյալները։ 
Տասնյակը բացում է Իսրայելը, նրան հետևում են Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պատճառով Հարավային Կովկասում ռազմականացվածության աստիճանը շարունակում է շատ բարձր մնալ։

Հայաստանի մյուս հարևաններից Վրաստանը 49-րդ տեղում է, Թուրքիան՝ 19-րդ տեղում, Իրանը՝ 24-րդ տեղում։

Նախորդ՝ 2018թ․ տվյալներով կազմված զեկույցում Հայաստանը դարձյալ երրորդն էր։ Առաջին տասնյակն ուներ գրեթե նույն պատկերը՝ այն տարբերությամբ, որ Ադրբեջանի փոխարեն ներառված էր Բրունեյը։

Ամեն տարի Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակում է աշխարհի ռազմականացվածության համաթիվը՝ համեմատելով երկրի ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հանրային կյանքի մյուս ոլորտների հետ։ 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

Ստելլա Մեհրաբեկյան