20 փետրվար, 2020 09:49

Մահացել է Երվանդ Մանարյանը

96 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի որդին` Քրիստ Մանարյանը և հոր ու Գերման Ավագյանի հետ լուսանկար հրապարակել։

2019թ․ հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհել:

2018թ․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում էր շնորհվել։

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ․ Իրանում։ 1946թ․ ներգաղթել է Հայաստան։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Սցենարներ է գրել «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։