20 փետրվար, 2020 15:59

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ապօրինի կառուցված դղյակների հարցը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանում բարձրաստիճան նախկին պաշտոնյաների՝ ապօրինի կառուցած առանձնատներին՝ նշելով, որ հարկ եղած դեպքում պետք է կիրառել «անցումային արդարադատության գործիքակազմ»:

«Երևանի գլխավոր զբոսայգին [Հաղթանակի զբոսայգին] մեջ-մեջ են արել, ապօրինի կառուցել դղյակներ, հիմա էլ եկել ու ասում են՝ օրինականացրեք, հակառակ պարագայում դատի կտանք: Ըստ էության, ապօրինի օտարված տարածքների վրա կառուցվել են ապօրինի շինություններ: Պարզվում է, որ նախկինում օրենսդրությունը կազմվել է այնպես, որ Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հանձնարարեց այս հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու լուծումներ գտնել: «Խնդրին պետք է լուծում տալ: Սա ուղղակի արհամարհանք է հանրության կարծիքի նկատմամբ: Սա շատ կարևոր հարց է, անհրաժեշտության դեպքում այստեղ պետք է անցումային արդարադատության գործիքներ կիրառել ու գնալ առաջ»,- ասաց նա:

Արդարադատության նախարարն իր հերթին նշեց, որ այնպես, ինչպես վարչապետն է ներկայացրել, լուծումներ կան։ «Մենք խորությամբ կուսումնասիրենք խնդիրը և կտանք հստակ պատասխան: Այնքանով, որքանով դուք ներկայացրիք, առաջին տպավորությունն այն է, որ լուծում կա»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Խնդրին անդրադարձավ նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ ապօրինի շինությունների հարցով ձևավորվել է աշխատանքային խումբ:

«Նպատակն է ուսումնասիրել և լուծումներ առաջարկել օրենսդրական դաշտում ձեր նշած խնդիրներին, մասնավորապես՝ ապօրինի շինությունների օրինականացման հետ կապված: Առանցքային հարց է արդեն գոյություն ունեցող ապօրինի շենք-շինությունները: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,- ասաց Աղաջանյանը՝ խոստանալով մինչև օրվա վերջ զեկուցել վարչապետին այդ աշխատանքների մասին:

Արշալույս Մղդեսյան