21 փետրվար, 2020 13:01

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ի երեկոյան ծավալուն հարցազրույց ունեցավ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ։ Ի շարս տարբեր հարցերի՝ վարչապետն անդրադարձավ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած բանավեճին։ Հարցազրույցի՝ Ղարաբաղի խնդրին վերաբերող հատվածը՝ ստորև։

- Պարոն վարչապետ, Ձեր և Ալիևի ուղիղ բանավեճն ունի իր հստակ կանոնները։ Էնտեղ պետք է՝ ավելի ռադիկալ երևաս, ավելի հայրենասեր երևաս, այնպես անես, որ դիմացինդ սխալ դուրս գա։ Ոնց որ ասում են՝ игра на публику։ Ձեր կարծիքով՝ նպաստո՞ւմ են նման հանդիպումները խնդրի կարգավորմանն ընդհանրապես, ի՞նչ են դրանք տալիս։ Եվ երկրորդ, ի՞նչ ակնկալիքով էիք դուք գնացել, և ստացվե՞ց այդ ակնկալիքը, թե՞ ոչ։

- Այո՛։ Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը ունի շրջադարձային նշանակություն մի քանի պատճառներով։ 

Առաջին, այն, ինչ որ դուք ասում եք, շատ կարևոր երևաց, որովհետև 2018-ի մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է միջազգային ողջ հանրությանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում։ Այդ խոսակցությունը միջազգային հանրությանը շատ հստակ ցույց տվեց, որ Հայաստանը ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանը ունի ապակառուցողական, ընդհուպ ռասիզմին հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում։ Սա ամենակարևոր արդյունքը։

Երկրորդ, աա իմ կարևորագույն խոստումներից մեկի իրականացումն էր․ Հայաստանի Հանրապետության ժողովրդից Ղարաբաղի հարցի բանակցային հարցի գործընթացում ես որևէ գաղտնիք չեմ ունենալու։ Անցել են էն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի նրբություններին, էությանը պետք է տիրապետեր փորձագետների նեղ շրջանակ։ Ո՛չ։ Ղարաբաղի հարցի բովանդակությանը պետք է տիրապետի ամբողջ հայ ժողովուրդը։ Եվ ես ուրախ եմ, որ կարողացա դա ապահովել։

Երրորդ, հայրենասիրության մասին։ Այո՛, դուք ճիշտ եք, և ես կարծում եմ, որ շատ կարևոր բան է տեղի ունեցել և տեղի ունենում, և դրա անունը հետևյալն է՝ ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը ես պայմանականորեն անվանում եմ «մյունխենյան սկզբունքներ»։

- Ես մի մեջբերում անեմ «Մյունխենյան սկզբունքներից» մեկից, որը հատկապես քննարկման և քննադատության խնդիր է դարձել [Մյունխենում Ալիևի հետ բանավեճից հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր կետեր, թե ինչպես է տեսնում Ղարաբաղի հարցի կարգավորումը - խմբ․]։ Դուք ասում եք, որ «չկան տարածքներ, կա անվտանգություն, Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»։ Երրորդ կետն է, ճի՞շտ եմ ասում։

- Իսկ կարելի՞ է՝ ես առաջինից սկսեմ։

- Խնդրեմ։

- Մյունխենյան սկզբունքները հետևյալն են, պայմանականորեն, սա իմ կողմից ձևակերպված վերնագիր և տեքստ է։ 

Առաջին, «Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը»։ Սա ի՞նչ է նշանակում։ Երբ խոսում են տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ո՞ր երկրի տարածքային ամբողջականության մասին են խոսում։ Երբ Ադրբեջանը անկախություն է ստացել, Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը հաշվի առե՞լ է, հարգե՞լ է արդյոք, պահպանե՞լ է արդյոք։ Հակահարց կարող է հնչել։ Բայց Խորհրդային Միություն պետությունն այլևս գոյություն չունի։ Այո՛։ Եվ գոյություն չունի նաև այն պետությունը, որի կազմում եղել է Լեռնային Ղարաբաղը, և այդ պետությունը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն է։ Հետևաբար, էս դիսկուրը ունի նրբություններ, որոնք պետք է հաշվի առնենք։

Երկրորդ, «Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը»: Այստեղ շատ մեկնաբանելու բան չկա, բազմիցս մեկնաբանվել է։

Երրորդ, «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»:

- Եթե Ադրբեջանը ինչ-որ ձևով համաձայնում է այդ անվտանգությանը, և մեզ ընդունելի է դա, մենք պատրա՞ստ ենք տարածքներ զիջել։ Որովհետև ասում եք՝ կարևորը տարածքը չէ, մեր ընկալման մեջ տարածքը հենց անվտանգությունն էր։

- Թույլ տվեք՝ ես մեկնաբանեմ։ Մենք ասում ենք, որ երբ այդ ստատուս քվոն ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանության ուժերը այդ տարածքները առել են վերահսկողության տակ, իրենց հաճույքի համար չեն դա արել։ Իրենք դա չեն արել՝ ասելով, որ «այ չենք ուզում էսքան տարածք ունենալ, այլ ուզում ենք էսքան տարածք ունենալ»։ Նրանք դա արել են, որովհետև այլ տարբերակ չի եղել։ Դա արվել է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողութունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որ այդ իրավիճակի համար դառնան անհասանելի։ «Տարածք» հասկացությունը այս համատեքստում քննարկելի չէ, քննարկելի է «անվտանգություն» հասկացությունը։ Հետևաբար, եթե կա անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի առաջարկ, այն թող ձևակերպվի Ադրբեջանի կողմից, միջազգային հանրության կողմից, և հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ընդունելի չէ։

- Իսկ ձե՞ր կարծիքով։

- Իմ կարծիքը հետևյալն է՝ Ղարաբաղն իր անվտանգությունը չի կարող զիջել։ Ինչո՞ւ։ Երբ մեր գործընկերները նստած են լինում, ես ասում եմ, եթե դուք ցույց կտաք աշխարհում մի երկիր, ժողովուրդ, միավորում, որը պատրաստ է իր անվտանգությունը զիջել, ես կփոխեմ իմ տեսակետը։ Այդպիսի անհատ չկա նույնիսկ, որ պատարստ է իր անվտանգությունը զիջել։ Հետևաբար, որպեսզի մեր դիրքորոշումը ապակառուցողական չլինի, կա 5-րդ սկզբունքը՝ «հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար», և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը: Սա ի՞նչ է նշանակում։ Մենք ասում ենք՝ ջանքեր ենք գործադրում, պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի հարցը լուծվի, որովհետև մենք մեզ համարում ենք, և ես ինձ էլ համարում եմ պատասխանատու ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության համար, այլև տարածաշրջանի անվտանգության համար, գլոբալ անվտանգության համար։ 

Հետևաբար, հնարավոր չէ այս խնդիրը լուծել, որևէ խնդիր լուծել, եթե դրա հիմքում ընկած չէ ընկալումը, որ մենք պիտի ջանք գործադրենք գտնելու այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, և բանակցային ողջ պրոցեսը, հենց նպատակը պետք է լինի դրա համար, և այդ բանավեճի ձևաչափը հենց դրա վառ արտահայոտթյունն է։ Ոչ թե ամեն մեկս պետք է գնանք-գանք, ասենք հարցը այսպես պետք է լուծվի և վերջ, այլ պետք է քննարկենք՝ ինչ ձևաչափեր կան, որ կարող են ընդունելի լուծում դուրս բերել։

- Պարո՛ն վարչապետ, ձեր այս դիրքորոշումը, ըստ էության, դուրս չի՞ գալիս հնի կրկնությունը։ Ես բացատրեմ․ Սերժ Սարգսյանն ի՞նչ էր ասում։ Ասում էր՝ մենք պատրաստ ենք տարածքներ զիջել, եթե դուք ճանաչեք ստատուսը, որը դիտվում էր անվտանգության գլխավոր երաշխիք։ Հիմա իրենք [ՀՀ նախկին իշխանությունները - խմբ․] ասում են՝ չէ, մենք դա ձև էինք անում, դա հնարք էր, չէինք տալու հողեր և այլն, և այլն։ Դուք էլ ասում եք՝ եթե լավ առաջարկ լինի, անվտանգությունը, ոնց որ մենք ենք պատկերացնում, պատրաստ ենք էլի քննարկել, հարցը տարածքը չէ, հարցն անվտանգությունն է։ Չի՞ ստացվում նույն տրամաբանությունը։ Եթե դուք ճանաչում եք, անվտանգության ամենամեծ երաշխիքը ստատուսի ճանաչումն է, ապա մենք պատրաստ ենք տարածքները քննարկել, հարցը տարածքները չեն, հարցը անվտանգությունն է։ Սա հետաքրքիր նախադասություն է։

- Մենք երբեք չենք ասում ու չենք ասել՝ մենք պատարստ ենք տարածք զիջել։ Մենք ուրիշ բան ենք ասում, ոչ թե ուրիշ ձև ենք ասում, այլ մենք ասում ենք բոլորովին ուրիշ բան։ Մենք ասում ենք՝ չկա տարածքի հարց, կա անվտանգության հարց։ Եվ մենք պատարստ ենք անվտանգության հարցի շուրջ բանակցել։ Եվ մենք ասում ենք ուրիշ բան՝ «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։ 

Ձեր ասածի պատասխանի մեջ կա նաև 4-րդ սկզբունքը, որն ասում է. «Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են միկրո հեղափոխություններ, ապա մինի հեղափոխություններ, ապա ճեղքում»: Հիմա սկզբունքը, որ այ հիմա եկեք հավաքվենք, արագ լուծենք, չի լինելու, դա անհնար է։ Դա պետք է գենետիկ մակարդակում կառուցվի։ Եվ այդ լուծումը նախ պետք է մարդկանց մտքերում կառուցվի։ Հետևաբար, առանց համապարփակության լուծումների գնալու, առանց պատկերացնելու պրոցեսը և առանց այդ պրոցեսը ժողովուրդների համար ընդունելի դարձնելու, ուղղակի հնարավոր չէ։

Լուսինե Վարդանյան

Տես նաև՝

Փաշինյան-Ալիև քննարկում ղարաբաղյան հարցով՝ Մյունխենի համաժողովին

Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի խնդրի մասին հինգ կետ է ներկայացրել