21 փետրվար, 2020 16:17

Մեղրիի անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ Թորոսյանը՝ կորոնավիրուսի ներթափանցման վտանգի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ գերատեսչությունը հետևում է Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակին։

«Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով:

Նաև խնդրում եմ սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել մեր հետևյալ խորհուրդներին.

✅ պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
✅ խուսափե´ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից,
✅ եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
✅ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
✅ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից,
✅ հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազալու և փռշտալու վարվելակարգը,
✅ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
✅ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
✅ հետևե´ք անձնական հիգիենային»,- գրել է Թորոսյանը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվն ավելացվել է` այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։

Իրանում փետրվարի 21-ի դրությամբ կորոնավիրուսի վարակը հաստատվել է 13 անձանց մոտ, գրանցվել է մահվան երկու դեպք։