23 փետրվար, 2020 19:32

Հայաստանը երկու շաբաթով կդադարեցնի հաղորդակցությունը Իրանի հետ

Հայաստանը երկու շաբաթով կդադարեցնի հաղորդակցությունը Իրանի հետ․ այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։

Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են»։

 

Ավելի վաղ Իրանում Հայաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը հաղորդել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը:

Իրանում նոր կորոնավիրուսից գրանցվել է մահվան մի քանի դեպք։ 

Վրաստանը ևս փակել է օդային հաղորդակցությունը Իրանի հետ։

#CivilNet #News