25 փետրվար, 2020 11:26

Աշխատանքս հայրենիքում գնահատվեց․ Մայդա Իստանբուլյան-Դեմիրճյան

«Մի ընկերուհու խորհրդով ցուցահանդեսի մասնակցեցի, և դրանից հետո մեկը մյուսի ետևից հաճախորդներ ավելացան, պատվերներ, էլի ցուցահանդեսներ։ Ուրախ եմ, որ իմ աշխատանքն այսքան գնահատվեց հենց իմ հայրենիքում»։

2012-ին պատերազմի պատճառով Սիրիայից ընտանիքի հետ Հայաստան տեղափոխված և հաստատված` Մայդա Իստանբուլյանը զբաղվում է ձեռագործ աշխատանքներով։ Աշխատում է ապակու, փայտի վրա, ասեղնագործում է՝ պատրաստում զարդեր։ Երբեմնի հոբբին հիմնական աշխատանքի է վերածվել հենց Հայաստանում։ 

Մայդա Իստանբուլյանը ծնվել և մեծացել է Հալեպում։ Ամուսնու՝ Սթիվ Դեմիրճյանի հետ կյանքը կապելուց հետո տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ և այնտեղ ապրել կյանքի մեծ մասը։ 2012-ին ընտանիքը որոշել էր վերադառնալ Հալեպ, սակայն պատերազմը թույլ չտվեց երկար ժամանակով հաստատվել ծննդավայրում։ 

«Սկզբում, երբ նոր էինք եկել, օդի մեջ էինք, չգիտեինք՝ երբ է հանդարտվելու պատերազմը, երբ պիտի վերադառնանք, ինչ պիտի անենք էստեղ։ Եվ ես որոշեցի այս ամենով զբաղվել՝ մի փոքր նաև ինձ շեղելու համար պատերազմի թեմայից»,- պատմում է Մայդան։ 

Մայդայի ձեռագործ աշխատանքները հայտնի են ոչ միայն Հայաստանում։ Դուբայի մի շարք խանութներից նույնպես պատվերներ է ստանում և ուղարկում իր աշխատանքները։ 

Իրերը պատրաստելու համար իր գործում վարպետացած տիկինն օգագործում է հատուկ նյութեր, ներկեր, նույնիսկ անձեռոցիկներ։ Սրանցից շատերը դեկորատիվ են, սակայն սպասքը հնարավոր է օգտագործել և չմտահոգվել, թե ներկը երբևէ կարող է թափվել։ Ասեղնագործ աշխատանքները հիմնականում ներառում են հեռախոսների համար նախատեսված պատյաններ, շպարի պարագաների պայուսակներ և այլն։

Հայաստանում Դեմիրճյանների ընտանիքին գրկաբաց են ընդունել։ Պատմում է, որ դժվարությունների չեն հանդիպել, շատ արագ ինտեգրվել են նոր միջավայրում և բարեկամացել տեղացիների հետ։ 

«Միշտ ասում ենք, որ բավական է այն, որ մենք մեր հայրենիքում ենք»։

Տիկին Մայդան հպարտությամբ է խոսում այն մասին, որ իր աշխատանքը Հայաստանում ըստ արժանվույն գնահատվել է։ Մշակույթի նախարարության Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կողմից նրան ժողովրդական վարպետի կոչում է շնորհվել։

Ծրագրերում՝ Հայաստանում մեկընդմիշտ հաստատվելն է։ 

«Սա մեր սեփական տունն է։ Այստեղ է, էլ գնալ չկա։ Հայրենիքը շատ անուշ բան է»։ 

Սաթենիկ Հակոբյան