27 փետրվար, 2020 13:56

Խնդիրներ, որ պետք է ավելի անհանգստացնեն հայկական երկու պետություններին, քան Խոջալուն

Փետրվարի 25-ին Ադրբեջանում նշում էին Խոջալուի ողբերգական դեպքերի 28-րդ տարելիցը ։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս կազմակերպվել էին բազմամարդ միջոցառումներ թե՛ Ադրբեջանում, թե՛ արտերկրի տարբեր քաղաքներում։ Հատկանշական էր եվրոպաբնակ ադրբեջանցիների՝ Բեռլինում անցկացրած հանրահավաքը։ Ադրբեջանի իշխանությունների պատվերով և ֆինանսավորմամբ միջազգային տարբեր լրատվամիջոցներում հրապարակվել են նյութեր «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ։

Հայաստանում միշտ էլ ցավոտ են արձագանքել այս գործընթացին։ Ադրբեջանական պնդումների դեմ արդյունավետ պայքարի իրականացումը համարվել է արևելյան հարևանի հետ մղվող տեղեկատվական պատերազմի կարևորագույն ուղղություներից մեկը։

Հիշատակության է արժանի դեռ 2010 թ. փետրվարի 24-ին գործարկված xocali.net կայքը։ Վեց լեզուներով գործող կայքում ի մի են բերված այս հարցի վերաբերյալ ադրբեջանական կեղծարարություններն ու խեղաթյուրումները։

Այնուամենայնիվ, հայ հանրությունը դժգոհ է հայկական կողմի ձեռնարկած քայլերից՝ գտնելով, որ Հայաստանը և Արցախը հիմնականում տանուլ են տալիս տեղեկատվական պատերազմում, և ներկայում պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում այս խնդրին։

Հայաստանում և Արցախում քաղաքականապես ակտիվ հանրության ուշադրության կենտրոնում են նաև Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները։ Երկու պետությունների ղեկավարների փոխադարձ այցելություններից և միջկառավարական տարաբնույթ հանձնաժողովների նիստերից հետո այս թեման որոշ ժամանակ դառնում է ակտիվ քննարկումների առարկա։ Թուրքիայի ղեկավարության՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ցանկացած ելույթ մանրամասն վերլուծվում է, հաճախ հնչում են հակահայկական հայտարարություններին պետական մակարդակով պատասխանելու կոչեր։

Վերջին առնվազն տասը տարիների ընթացքում այդ հայտարարություններում գրեթե ոչինչ չի փոխվել։ Բացառություն չէր նաև փետրվարի 25-ին Բաքվում անցկացված թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը։ Նիստից հետո ասուլիսին նախագահ Էրդողանը հերթական անգամ իր դժգոհությունն արտահայտեց Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ՝ պնդելով, որ միջնորդներն «Ադրբեջանի տարածքների օկուպացիային» վերջ տալու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։

Իհարկե, պետք է պայքար տանել ադրբեջանական կեղծարարությունների և հակահայկական ուղղվածության ապատեղեկատվության դեմ, անհրաժեշտ է նաև հետևել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը։ Սակայն միայն պետությունների ղեկավարների հրապարակային հայտարարությունների և բաց աղբյուրներում բերվող տեղեկույթի կամ վերլուծությունների հիման վրա լուրջ եզրակացություններ անելն անիմաստ է։

Հանդիպումների ավարտին հրավիրվող ասուլիսներում և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներում լավագույն դեպքում ներկայացվում է քննարկված հարցերի և ձեռք բերված պայմանավորվածությունների մի փոքր մասը միայն։

Կարևոր է չգերագնահատել այդ քայլերի իրական ազդեցությունը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Ադրբեջանը բավականաչափ երկար ժամանակ հսկայական միջոցներ է ծախսում միջազգային տարբեր հարթակներում «Խոջալուի ցեղասպանության» թեմայի առաջմղման համար։ Նախագահ Էրդողանն ավելի քան մեկ տասնամյակ հրապարակային հայտարարություններում շեշտում է «ադրբեջանական տարածքների օկուպացիային վերջ տալու» անհրաժեշտության մասին։ Սակայն հայկական կողմին անհրաժեշտ է ֆիքսել, որ առաջիկա առնվազն հինգ-յոթ տարիների ընթացքում Հարավային Կովկասում ամենաազդեցիկ արտաքին դերակատարը լինելու է Ռուսաստանը։ Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հաշվառմամբ, թվում է, թե Հայաստանի և Արցախի Հանրապետություններն առանձնապես մտահոգվելու կարիք չպետք է ունենան, քանի որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում գերիշխող դիրք ունի։ Սակայն, ցավոք, Ռուսաստանը 2010-2011 թթ. առաջ էր մղում հակամարտության փուլային կարգավորում նախատեսող Կազանի փաստաթուղթը, և այժմ էլ հանդես է գալիս փուլային տարբերակի պաշտպանությամբ։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար պետք է բավականաչափ մտահոգիչ լինի այն հանգամանքը, որ եթե 2011 թ. Ադրբեջանը մերժեց կարգավորման փուլային տարբերակը, ապա հիմա հրապարակային կերպով աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ինչի մասին հստակ հայտարարեց Ալիևը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային բանավեճի ընթացքում։

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդրում վերջին տասը տարիների ընթացքում հանդես է գալիս ՀՀ շահերին հակասող դիրքորոշմամբ

Ինչու է Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող խնդրում վերջին տասը տարիների ընթացքում հանդես է գալիս ՀՀ շահերին հակասող դիրքորոշմամբ, թերևս, առանձին վերլուծության նյութ է։ Սակայն մի բան աներկբա է, այս խնդիրը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության համար շատ ավելի մեծ մտահոգության առիթ է, քան «Խոջալուի ցեղասպանության» ճանաչմանն ուղղված ադրբեջանական ջանքերը կամ Թուրքիայի նախագահի հերթական հակահայկական հայտարարությունները։ Խիստ բացասական զարգացումներից խուսափելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է համապատասխան խողովակներով փորձեր ձեռնարկի հասկանալու Ռուսաստանի տվյալ դիրքորոշման իրական պատճառները և այն փոխելու հնարավորությունները։ Իհարկե կարելի է Ռուսաստանին մեղադրել հերթական անգամ «հայերին դավաճանելու մեջ», բարկությամբ հիշել 1920-1921 թթ. Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև ձևավորված դաշինքը ու դրա անդառնալի բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար, սակայն նմանատիպ քայլերը որևէ կերպ չեն նվազեցնի ներկայում ՀՀ-ի և Արցախի Հանրապետության կենսական շահերի դեմ ուղղված սպառնալիքները։         

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: