27 փետրվար, 2020 08:51

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում, փակվել է վրաց-ադրբեջանական սահմանը (լրացված)

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այս մասին Վրաստանի կառավարության աշխատակազմում ասուլիսին հայտարարել են Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն և երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հաղորդում է apsny.ge կայքը։

Վարակվածը մոտ 50 տարեկան տղամարդ է։  Նա մեկ շաբաթվա ընթացքում իր անձնական գործով մեկնել է Իրան՝ ընկերոջ հետ։  Նախօրեին տղամարդը Վրաստան է վերադարձել Ադրբեջանի տարածքով, սահմանին նրա մոտ ախտանշաններ են հայտնաբերվել։ Նա տեղափոխվել է Թբիլիսիի կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոց։ 

«Մեզ մոտ խուճապ չկա, քանի որ ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի Վրաստանում համաճարակ չլինի»,- ընդգծել է Տիկարաձեն, որը ճեպազրույցից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի հետ: 

Վրաստանի կառավարության որոշմամբ երկու շաբաթով փակվելու է Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանը

Նախարարը նաև հայտնել է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ երկու շաբաթով փակվելու է Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանը:

Գամկրելիձեի խոսքով ՝ հիվանդի ընդհանուր վիճակը նորմալ է, նա չունի կլինիկական դրսևորումներ և բարձր ջերմություն:  

Գամկրելիձեն հայտնել է, որ տղամարդը Ադրբեջանից եկել է երթուղային տաքսիով։ Առողջապահության նախարարության համապատասխան ծառայություններն արդեն սկսել են պարզել վարակվածի տեղաշարժի երթուղին, որպեսզի բացահայտեն բոլոր հնարավոր շփումները։  

Լրացում

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրել է, որ խոսել է իր վրացի պաշտոնակցի հետ։

«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում: Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»:

#CivilNet #News