2 մարտ, 2020 11:59

Հայաստանը վերականգնում է Իրանի հետ վիզային ռեժիմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը՝ նշելով, որ որոշում է կայացվել երկարացնել և խստացել Իրանի հետ հարղարդակցության սահմանափակումները:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կսկսի Իրանի հետ վիզային ռեժիմի վերականգնման գործընթաց: «Հինգ օրվա մեջ Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի: Մշտական հաղորդակցության մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ: Մաղթում ենք նրանց հաջողություն այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմանում պատրաստ է աջակցել Իրանի կառավարությանն ու ժողովրդին:

Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրի ռեժիմը չեղարկվել էր 2016-ին:

Այլ ուղղություններով հաղորդակցությունը չի սահմանափակվելու, նշեց վարչապետը՝ նշելով, որ գործնականում հնաարվոր չէ հաղորդակցության բոլոր ուղղություները փակել: «Կխստացվի նաև բեռանփոխադրումների ռեժիմն Իրանի հետ»,- ասաց նա՝ կոչ անելով քաղաքացիներին խուճապային տրամադրությունների չտրվել և խանութներից մեծ գնումներ չկատարել: «Կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սահմանափակել ուղևորություններն Իտալիայի ու Թուրքիայի ուղղությամբ:

«Առողջապահության նախարարությունը բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում է, սակայն ըստ մասնագետների՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է: Կրկին կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության հրապարակած պաշտպանության միջոցներին»,- ասաց վարչապետը:

Իսկ նրանց, ում մոտ կան ախտանշաններ, վարչապետը կոչ է անում ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժշկի՝ անցնել թեստավորում և սպասել պատասխանի: «Վերջին օրերին ահազանգների թիվն ավելացել է, բայց բարեբախտաբար որևէ դեպք չի հաստտավել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ներկայում նոր կորոնավիրուսի հետ կապված սպասում են ինը հոգու թեստի պատասխաններին։

Վարչապետն ընդունեց, որ շուկայում որոշակի ապրանքների, հատկապես բժշկական դիմակների դեֆիցիտ կա, որը զգացվում է նաև ողջ աշխարհում: «Հայաստանում չունենք բժշկական դիմակների արտադրություն: Կան տնտեսվարողներ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, սակայն դրանք կարող են բարձր գին ունենալ»,- ասաց վարչապետը:

Արշալույս Մղդեսյան