9 մարտ, 2020 16:38

Իրանը կորոնավիրուսի դեմ կպայքարի ազգային ռազմավարությամբ

Մարտի 5-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ազգային մոբիլիզացիայի ծրագիր է ստեղծվել։ Ըստ առողջապահության նախարար Սայեդ Նամաքիի՝ այդ նպատակով ձևավորվել է 300 հազար թիմ, որոնք աշխատելու են առողջության կենտրոններում, դպրոցներում և «Բասիջ» ստորաբաժանումներում։ Երկրի քաղաքներում և գյուղերում կստեղծվի 26 հազար առողջության կենտրոն։ Կենտրոններում անցկացվելու է հիվանդների թեստավորում, ապա նրանց վիճակը վերահսկվելու է տնային պայմաններում։ 

Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մինչև մարտի 21-ը փակվել են դպրոցներն ու համալսարանները։ Մինչդեռ, ինչպես հայտարարել է կորոնավիրուսի դեպ պայքարի հանձնաժողովի ղեկավար Ալիռեզա Զալին, ուսումնական հաստատությունների փակումը չի կանխել վարակի տարածումը, ինչպես ակնկալվում էր։

Իրանի ոստիկանության խոսնակ Ահմադ Նուրիանը հայտարարել է, որ բժշկական պարագաների ապօրինի պահեստավորման համար ձերբակալվել է 157 մարդ։ Վերջին օրերին խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 8 մլն բժշկական դիմակ, 68 մլն զույգ ձեռնոց և 10 տոննա ախտահանիչ նյութ։ Բացի այդ, Իրանի կիբեր ոստիկանության միջոցով բացահայտվել է 262 դեպք, որոնք վերաբերում են սոցիալական մեդիայում կորոնավիրուսի վերաբերյալ ասեկոսեների տարածմանը։

Մարտի 9-ին Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետ կապված նոր թվեր է հրապարակել՝ նշելով, որ վերջին 24 ժամում հաստատվել է 595 նոր դեպք՝ ընդհանուր հիվանդների թիվը հասցնելով 7 161-ի։

Մինչև այս պահը բուժվել և հիվանդանոցից դուրս է գրվել 2 391 հիվանդ։

Վերջին 24 ժամում վիրուսից մահացել է 43 մարդ՝ ընդհանուր մահերի թիվը հասցնելով 237-ի։ Կորոնավիրուսը տարածվել է նաև իրանցի մի շարք խորհրդարանականների ու բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։ Օրերս վիրուսի զոհ է դարձել ձել Իրանի խորհրդարանի կին պատգամավոր Ֆաթիմա Ռահբարը:

Աշխարհի 109 երկրներում մինչև այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 110 հազար դեպք, մահացել է ավելի քան 3 800 մարդ։

ՍիվիլՆեթի հետ զրույցում իրանահայ հասարակական գործիչ Գասպար Ամիրխանեանը ներկայացրել է Իրանում տիրող իրավիճակը։