9 մարտ, 2020 10:44

Նավթի գներն ընկել են 30 տոկոսով․ խոշորագույն անկումը՝ Ծոցի պատերազմից հետո

Մարտի 9-ին ասիական շուկաներում նավթի գինը նվազել է ավելի քան 31 տոկոսով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամներին չի հաջողվել պայմանավորվածության հասնել նավթի ադյունահանման կրճատման շուրջ նավթի մյուս արտադրողների հետ։ 

Նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան, որը մտնում է ՕՊԵԿ-ի մեջ, հայտարարել է պաշտոնական գների նվազման մասին, որից հետո Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 31 դոլարի մեկ բարելի դիմաց։ 

Կորոնավիրուսի բռնկման հետևանքով համաշխարհային շուկայում գոյացել է նավթի ավելցուկ, բայց գործարքի խափանումից հետո նավթ արտադրողներին չի հաջողվի այն վերացնել։ Բացի այդ, չեն գործելու նաև նախկին պայմանավորվածությունները, հետևաբար ապրիլի 1-ից նավթի արտադրության սահմանափակման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում են։

Փետրվարի վերջին Brent տեսակի նավթի գինը կազմել է 50 դոլար բարելի դիմաց, իսկ մարտի 6-ից, երբ հայտնի է դարձել ՕՊԵԿ-ի գործարքի տապալման մասին, այն ընկել է 9 տոկոսով և մոտեցել 45 դոլարի։

Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, սա նավթի ամենակտրուկ անկումն է 1991-ից հետո, երբ շարունակվում էր պատերազմը Պարսից ծոցում։

Goldman Sachs ներդրումային բանկի համաձայն՝ նավթի գնանշումները կարող են շարունակել անկումը և հասնել 20-30 դոլարի։

Bloomberg և Reuters գործակալությունների տվյալներով՝ գործարքի տապալումը ՕՊԵԿ պլյուսի հետ (դրա մեջ մտնում են ՕՊԵԿ-ն ու ևս մի քանի նավթարդյունահանող երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը), դարձել է հենց Մոսկվայի դիրքորոշումը․ ռուսաստանյան իշխանությունները դեմ են հանդես եկել նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատմանը։

Մարտի 9-ի առավոտյան նավթի գների անկմանը հետևել է ասիական շուկաների անկումը․ Nikkei Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն ընկել է 5 տոկոսով, Հոնկոնգի Hang Seng-ը՝ 3,5 տոկոսով, ավստրալական ASX 200-ը՝ ավելի քան 6 տոկոսով։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի