10 մարտ, 2020 18:19

Ռուսաստանում պատրաստվում են զրոյացնել Պուտինի նախագահական ժամկետները

Մարտի 10-ին Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու օրինագիծը։ Դրանից առաջ ընդունվել էր նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացման վերաբերյալ փոփոխությունը, որը ներկայացրել էր «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան։ Այդ փոփոխությունը թույլ կտա Պուտինին նախագահել մինչև 2036 թվականը։

Ինչպես հաղորդում է «Մեդուզա» կայքը, փոփոխությունն ընդունվել է ներկայացվելուց 20 րոպե անց։ 

Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պետդումայում, աջակցել է իր ժամկետների զրոյացման գաղափարին՝ պայմանով, որ Սահմանադրական դատարանը այն չհամարի հիմնական օրենքին հակասող։

Զրոյացումը կարող է տեղի ունենալ երկու պայմանով՝ եթե քաղաքացիները հավանություն տան փոփոխությանը ապրիլի 22-ի համառուսաստանյան քվեարկության ժամանակ և եթե ՍԴ-ն եզրակացություն տա այն մասին, որ փոփոխությունը չի հակասում ՌԴ հիմնական օրենքի դրույթներին ու սկզբունքներին։

Ռուսաստանում ապրիլի 22-ին անցկացվելու է սահմանադրական հանրաքվե։  

***

Վլադիմիր Պուտինի նախագահական առաջին ժամկետը 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ն էր։

2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը Պուտինը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։

2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագահ։

Ստելլա Մեհրաբեկյան