11 մարտ, 2020 10:55

Կուրթանեցի տղայի տխուր պատմությանը երջանիկ ավարտ է պետք

Երբ Դուք հպարտ քաղաքացու անձնագիր եք բաժանում, ապա չպետք է ստեղծեք մի իրավիճակ, երբ հպարտ քաղաքացիներից անգամ մեկը իրեն նվաստացած զգա:

Մանավանդ Դուք, որ Հայաստանի քաղաքացիների կողմից վստահության մանդատ եք ստացել, ու այդ մանդատը նկարված չէ: 

Մանավանդ Դուք, որ սիրված եք, ու Հայաստանը, հայ մարդուն հասկանում եք մանրամասներով:

Վարչապետի ու Կուրթան գյուղի երիտասարդի պատմությունը ինձ մի պահ վերադարձրեց Եռաբլուր, երբ «անհասկանալի մեկը եկել ու փորձում էր Սերժ Սարգսյանի տոնը փչացնել»:

Հայերենում մի խոսք կա՝ ձայնդ տաք տեղից է գալիս, այն է, երբ մարդ համեմատաբար բարեկեցիկ կյանք ունի, չի կարողանում հասականալ խեղճի, թույլի, անպաշտպանի, անօգնականի, կյանքում ձախողված ու հարվածներ ստացած մարդու վիճակը:

Ես կասկած չունեմ, որ այն վիճակը, որում կուրթանեցի երիտասարդն ու ընտանիքն են, դրանից ավելի վատ վիճակում հայտնված մարդկանց ու ընտանիքներ կարելի է գտնել Հայաստանի բոլոր գյուղերում: Հազարավոր ընտանիքներ, որոնց ձայնը չենք լսում, որովհետև այդ մարդիկ անզոր են անգամ ձայն հանելու:

Մեկին անհաջողություններն են հետապնդել, և նա ձեռքերը վեր է բարձրացրել:

Մեկը հիվանդություն ունի, ու չի կարող աշխատել, ուր մնաց՝ բուժվելու մասին մտածելու:

Մեկը անբան է, չի ուզում աշխատել, բայց ամեն առիթ օգտագործում է, որ պետությունը իրեն կերակրի:

Մեկը չի կարողանում ճիշտ կառավարել իր կյանքը և իր խելքի պատճառով հայտնվում է պարտքերի տակ:  

Այստեղ ես չեմ ուզում քննարկման թեման դարձնել, թե կուրթանեցի տղայի ու ընտանքի պատմությունը որի մեջ է տեղավորվում:

Գուցե ոչ մեկի մեջ:

Հասկանալի է նաև՝ պետությունը, այսօրվա Հայաստանը, չի կարող ու չունի հնարավորություն օգնելու բոլորին:

Այս տղայի և ընտանիքի պատմությունը, պարո՛ն վարչապետ, Դուք եք կիզակետի նյութ դարձրել և Դուք էլ կարող եք լուծում տալ:

Ես կասկած չունեմ, որ Դուք չեք կտրվել հայ իրականությունից, որ Դուք Հայաստանին չեք նայում միայն օդանավի կամ ավտոմեքենայի կիսաբաց պատուհանից: 

Այս պատմությանը, կոնկրետ ա՛յս պատմությանը, երջանիկ վերջաբան է պետք:

Կյանքի հարվածները կրած այս երիտաասարդն ու ընտանիքը կարող են իրականում դառնալ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, եթե կոնկրետ այս դեպքում նրան տանիք տա պետությունը:

Հեշտ է սիրել Հայաստանի կամ մոլորակի ժողովրդին:

Պետք է կարողանալ սիրել մեկ մարդուն, և այդ մեկ մարդը այս պահին կուրթանեցի երիտասարդն է, որի մասին կարող էինք անգամ չիմանալ, եթե չլիներ Ձեր ու նրա պատմական հանդիպումը:

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: