14 մարտ, 2020 13:30

Էջմիածնի քաղաքապետը հորդորում է քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է արել՝ կոչ անելով զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց և քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց:

Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է:

Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»,- գրել է Գասպարյանը։