14 մարտ, 2020 16:52

Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա, առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ։ 

Հանձնաժողովի հայտարարությունը՝ ստորև. 

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:

Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով