15 մարտ, 2020 11:43

Թուրքիայի նախագահ Օզալի այցը Մոսկվա, ՀՀՇ-ՀՅԴ բանավեճը խորհրդարանում. մարտի 15, 1991

1991թ. մարտի կեսերին Մոսկվա այցելեց Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: Նրա հնգօրյա այցը ներառեց նաև Ուկրաինան, Ադրբեջանը և Ղազախստանը: Մարտի 11-ին և 12-ին Օզալը Մոսկվայում հանդիպումներ ունեցավ ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի և Ռուսաստանի խորհրդարանի նախագահ Բորիս Ելցինի հետ: Թուրքիան և Ռուսաստանը կնքեցին բարեկամության և փոխադարձ համագործակցության պայմանագիր:

Հենց այդ օրերին Երևանում ՀՅԴ-ն պահանջում էր հրավիրել Գերագույն խորհրդի նստաշրջան և ապօրինի ճանաչել 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի` Հայաստանին վերաբերող կետերը: Դաշնակցականները նստացույց կազմակերպեցին Գերագույն խորհրդի շենքի առաջ: Հայաստանի խորհրդարանի 112 պատգամավորներ դիմել էին Գերագույն խորհրդի նախագահությանը` արտահերթ նստաշրջանում քննարկելու և չեղյալ համարելու պայմանագրի նշված կետերը:

Հայաստանը նախագահ չուներ, երկրի փաստացի առաջնորդը Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Վարչապետը Վազգեն Մանուկյանն էր:

1990-1995թթ․ Գերագույն խորհրդում՝ խորհրդարանում, որն ընտրվել էր 1990-ի մայիսին, երբ Հայաստանը դեռ իրավաբանորեն Խորհրդային Միության մաս էր կազմում, պատգամավորների թիվը 260 էր: Բոլորն ընտրվել էին մեծամասնական ընտրակարգով: Ընտրվել էին հիմնականում ՀՀՇ-ականներ կամ կոմունիստներ: Հենց խորհրդարանում նախկին կոմունիստներից և ՀՀՇ-ականներից ձևավորվել էր երկու նոր խմբակցություն՝ ՀՅԴ և Ռամկավար:

Պատմաբան պատգամավոր Կտրիճ Սարդարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Ոչ մի հայ չի կարող մոռանալ իր պատմական տարածքները: Պահանջատիրություն ասածը դատարկ բան է այսօր: Դա ձեռնտու է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Հայաստանի անկախությանը: Մարդիկ կան, որոնք անցնելով ՀՀՇ-ի սթափ քաղաքական դպրոցը, պնդում են, որ 1921թ. պայմանագիրը պիտի վերանայվի»:

Պատգամավոր Վանո Սիրադեղյանը նշեց, որ ՀՅԴ-ն կոմունիստների նման միշտ ռուսամետ է եղել, և իրենց պահանջով ցանկանում են նորից Հայաստանը կախման մեջ դնել Ռուսաստանից` թշնամացնելով Թուրքիայի հետ: Բաբկեն Արարքցյանը և Խոսրով Հարությունյանը դեմ արտահայտվեցին թե՛ նստաշրջան հրավիրելուն և թե՛ հարցն ընդհանրապես քննարկելուն:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը պետք է բոլոր «կողմ» պատգամավորներին մեկ-մեկ համոզի, որ այդ հարցի քննարկումը այսօր անիմաստ է` նշելով, որ որոշ ուժեր շահարկում և օգտագործում են այս հարցը իշխանության հասնելու նկրտումներով: «Ես երբեք այդպիսի որոշում չեմ ստորագրի: Ես կպայքարեմ մինչև վերջ, թույլ չտալու համար այդպիսի արկածախնդրություն, որովհետև զգում եմ իմ պատասխանատվությունը: Եթե դուք 7 000 ստորագրություն եք հավաքել, ես կես միլիոն կհավաքեմ: Մի բան էլ շատ էժանագին կերպով այստեղ շահարկվեց՝ սփյուռքի հեռագրերը: Վաղն ևեթ հաղորդեք արտասահմանի թերթերում, որ Փարիզում և Նյու Յորքում նարինջ ուտող հայն իրավունք չունի մեզ քաղաքականություն թելադրել, որովհետև ԼՂ-ում և Հայաստանում ոչ թե փարիզեցին է զոհվում, այլ հայաստանցին: Հայաստանցի երեխան է այստեղ սովից մեռնում»:

«Վաղն ևեթ հաղորդեք արտասահմանի թերթերում, որ Փարիզում և Նյու Յորքում նարինջ ուտող հայն իրավունք չունի մեզ քաղաքականություն թելադրել, որովհետև ԼՂ-ում և Հայաստանում ոչ թե փարիզեցին է զոհվում, այլ հայաստանցին: Հայաստանցի երեխան է այստեղ սովից մեռնում»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

ՀՅԴ-ից Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հարցի էությունից հեռանալու համար կարելի է հարցը կամ հարցը բարձրացնողներին վարկաբեկել, տեղափոխել այլ հարթություն։ «Մենք կռվեցինք տոտալիտար, միակուսակցական վարչակարգի դեմ, բայց, ցավոք, ամբողջությամբ վարակված ենք նրանց թողած ավանդույթներով։ Եկեք ազգային-ազատագրական այս պայքարը դասակարգային հարթություն չտեղափոխենք, դա էլ դավաճանություն է։ Ես չէի ցանկանա, որ այնպես դիտվեր, թե Հայ հեղափոխական դաշնակցությունն այստեղ բարձրացրել է հարցը ինչ-որ «ավանտյուրաներով», ինչպես այստեղ ասվեց։ Այդ հարցը չկա»։

Արցախից (1990-1995 թթ․ խորհրդարանում Արցախից ընտրված տասը պատգամավոր կար, որոնց թվում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը) ՀՅԴ-ական Վիգեն Շիրինյանը ընդգծեց, որ «ցանկացած հայ հիմա չի կարող Օզալի ԽՍՀՄ գալու փաստի կողքով անտարբեր անցնել»։

ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի քաղաքական դիվանի ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը հայտարարեց. «Ինձ հանձնարարված է նստացույցի կազմակերպիչների անունից այստեղ ընթերցել մի նախագիծ, որտեղ, կարծում եմ, կա բավականաչափ հիմնավորում այն հարցի, որն այսօր այստեղ քննարկվում է…»:

1991թ. մայիսին թուրքական գրեթե բոլոր թերթերն արձագանքեցին Տեր-Պետրոսյանի այն խոսքերին, որ Կարսը նախապես Հայաստանի մաս էր կազմում, բայց հետո Թուրքիան տիրացավ, և հայերը տեղահան արվեցին: Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի հետ զրույցում Տեր-Պետրոսյանը Կարսի պատմությունը և հայերի տեղահանությունը համեմատել էր Լեռնային Ղարաբաղի հետ, որտեղ հայ ժողովուրդը բռնի տեղահանության վտանգի տակ է: Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը հայտարարեց, որ Կարսը միշտ էլ թուրքական քաղաք է եղել:

Հայ-թուրքական հարաբերություններին Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Գերագույն խորհրդի 1991թ. հունիսյան իր ելույթում: Նա ասաց, որ Մոսկվան չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ հայերը մի օր կհասկանան ուրիշի վրա հույս դնելու քաղաքականության անհեռանկարայնությունը, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու փորձը Մոսկվային զայրացնում է, քանի որ խախտվում է իր աչքում դարերով ձևավորված հայի կերպարը. «Վաղը, կամենում ենք դա, թե ոչ, ռուսները կարող են հեռանալ Անդրկովկասից: 1918թ. գնացին, 1942-ին պատրաստ էին հեռանալ, եթե Ստալինգրադն ընկներ, հիմա էլ կգնան: Հետո ինչպե՞ս ենք ապրելու այս հարևանությամբ՝ մեր պահանջատիրությամբ, բոլորի հետ թշնամանալով: Եթե այսօրվանից չստեղծենք մեր անվտանգության երաշխիքները, վաղը կարող ենք ազգը կործանել»:

Հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ստորագրվեցին այն համաձայնագրերը, որոնցով հայ-թուրքական սահմանում մնացին ռուս սահմանապահները, իսկ Գյումրիում ձևավորվեց ռուսական 102-րդ ռազմահանգրվանը: Դա տեղի ունեցավ 1992-ի երկրորդ կեսին, իսկ դրանից մեկ տարի առաջ Հայաստանի ղեկավարությունն ու անձամբ Տեր-Պետրոսյանը դեռ հավատում էին, թե Անկարան Երևանի հետ կհաստատի հարաբերություններ:

1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Այդ թվականից մինչև 2018, մոտ 20 տարի, ազգային-պահպանողական ուժերն ու ՀՅԴ-ն էին կազմում մեծամասնություն խորհրդարանում և կոալիցիոն կառավարություններում, սակայն այդ ուժերից ոչ մեկը որևէ անգամ այդպես էլ խորհրդարանում այլևս օրակարգ չբերեց 1921թ․ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի` Հայաստանին վերաբերող կետերը ապօրինի ճանաչելու նախաձեռնությունը, ինչպես 1991-ին:

Թաթուլ Հակոբյան