16 մարտ, 2020 19:53

Կառավարության ծրագրերով հիփոթեքային վարկերի մարման ժամկետները կերկարաձգվեն. Փաշինյան

Հայաստանի առևտրային բանկերը պետական ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկերի պարտավորությունների մարման ժամկետները մինչև վեց ամիս հետաձգելու են: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կառավարության ընդունած արտակարգ դրություն սահամանելու մասին որոշման քննարկման ժամանակ:

«Կենտրոնական բանկն առևտրային բանկերի հետ աշխատել է, հուսով եմ հետևում եք հայտարարություներին, որ ծրագրով իրականացված վարկավորումների հետ կապված պարտավորությունները մինչև վեց ամսով կհետաձգվեն: Հիպոթեքային վարկերի, մասնավորապես Բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրով ու Ազգային հիփոթեքային հիմնադրամի տրամադրած վարկերի սպասարկումները մինչև վեց ամսով կերկարաձգեն»,- ասաց վարչապետը՝ բացատրելով, թե ինչու բանկային համակարգը չի հայտարարում «տոտալ վարկային արձակուրդ»:

«Բանկերը փաստարկ են բերել, որ ինձ համոզիչ է թվացել: Տեսե՛ք, եթե բանկն ունի 100 հաճախորդ, որից 85-ը պարտաճանաչ են, և նրանց միջև առկա են վստահելի հարաբերություններ: Նրանց հետ անհատապես աշխատանքներ կտարվեն և խնդիրները կլուծվեն: Կա, ասենք, 15 հաճախորդ, որոնք անպարտաճանաչ են, և իրենց խնդիրը հարկային արձակուրդով չի լուծվի», - ասաց վարչապետը՝ նշելով, որ երկրի ֆիսկալ քաղաքականությունը չպետք է խաթարվի:

#CivilNet #News