16 մարտ, 2020 17:33

Կառավարությունը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց

Մարտի 16-ի արտակարգ նիստում ՀՀ կառավարությունը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց։ Արտակարգ դրությունը ուժի մեջ է մտնում մարտի 16-ի ժամը 18։30-ից և ուժի մեջ է լինելու մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17։00-ն։

Ըստ նախագծի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվում է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Պարետատան կազմում ընդգրկվում են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը: Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն պատգամավորներին ու աշխատակազմին խնդրել է պատրաստվել ԱԺ հատուկ նիստին:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։