21 մարտ, 2020 12:24

Իմացե՛ք՝ կարանտինում տխուր չի․ կյանքը մեկուսացման պատերից ներս

Լուսանկարը՝ Բիայնա Մահարիի

Բիայնա Մահարին լուսանկարիչ է։ Մարտի 16-ի հատուկ չվերթով վերադարձել է Հռոմից և անմիջապես օդանավի բոլոր ուղևորների հետ մեկուսացվել Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան նախկին ռազմավարժական ուսումնարանի շենքում։ Բիայնան պատմում է, թե ինչպես է անցնում կարանտինը փակ դռների հետևում։

Այսօր մեր կարանտինի 5-րդ հոբելյանական օրն է: Դե ինչ ասեմ, 5 օրը պարզվում ա՝ ահագին էլ երկար ժամանակա, 5 օրում լիքը բան կարող ես հասցնել անել, լիքը բանի հանդեպ վերաբերմունք փոխել, վերաիմաստավորել կամ հետ վերադառնալ հին իմաստին..․ 

Զուգահեռ իրականության մեջ կարծում եմ՝ էս կարանտինը կարող էր լավ էքսպերիմենտ լինել, եթե սենյակներում կամերաներ լինեին, ու վիդեոները 24 ժամ սպիտակ խալաթներով և տետրակներով մարդիկ նայեին... իսկ կարողա՞… չէ, չէ, եկեք չէ :) 

Դրսում վերջապես գարուն է, ավելի շուտ գարնան նման բան։ Արևը դուրս է եկել և բացի դիմացի սարերը սիրուն լուսավորելուց և անընդհատ լուսանկարելու ցանկություն առաջացնելուց, նաև վարի է տվել մեր բնական սառնարանը բալկոնում, որտեղ պահվում էին ուտելիքի պաշարները: 

Առհասարակ ուտելիքն այստեղ առանձին պատմություն է: 5 օրից 3-ը պայքարեցինք, որ քանակը մի քիչ փոքրացնեն, ու ոնց որ թե առաջընթաց կա։ Փոքր, բայց կա: 

Բիայնա ՄահարինԱյսօր ինչ-որ տեղ կարդում էի, որ կարանտինավորներից մարդիկ կան՝ բողոքում են ուտելիքից։ Սենյակակցիս պատմեցի, լսեց ուշադիր, մտածեց-մտածեց, ասեց․ «Իսկ կարո՞ղ ա իրանք ինքնամեկուսացածներից են»։ Ի՞նչ ասեմ, դա միակ բացատրությունը կլիներ իրոք, այսքան առողջ, համով, ու ինչ խոսք շատ՝ չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ սնվել, երևի փոքր ժամանակ, երբ ընտանիքով Ջերմուկի առողջարան էինք գնացել։ Դե բայց մարդիկ մեկ ա բողոքելու տեղ են գտնում...

Մենք էլ ենք ստեղ բողոքում, ինչո՞ւ ոչ։ Հայ ենք չէ։ Օրինակ, որ ինտերնետը մեկ-մեկ այդքան էլ լավ չի բռնում, կինոն ստիպված HD չենք նայում կամ որ չենք կարող տարածքում դուրս գալ մի քիչ ման գալ, կամ որ նախաճաշին շամպայն չկա..․ դե հասկացաք, սա կյանք չի ։)

Մարդիկ ասում են, մենք այստեղ ձանձրանում ենք։ Ո՞վ է ասում։ Ո՞նց։ Բոլորը, բոլորը, ով զանգում է, ով գրում է, բոլոր ծանոթները, անծանոթները, բոլոր բարի մարդիկ։ Ու մի քիչ չարերը։ - Չէ, չէ,- ասում ես,- չենք ձանձրանում, ամեն ինչ նորմալ է։- Մինչև դա ասում ես բոլորին` պարզվում է քնելու ժամանակն է, ինքնամփոփ համակարգ է ստացվում։ Ուշ քնել այստեղ խորհուրդ չի տրվում, ասում են՝ եթե երկար չքնես, կիմանան ու էլի ուտելիք կբերեն ։) 

Իմացե՛ք՝  կարանտինում տխուր չի: Համենայն դեպս՝ դեռ։

Կառանտինում նույնիսկ ուրախ ա։ Համենայն դեպս՝ դեռ։

Ժամ պայմանավորվել, հանդիպել բալկոններում․ չէ՞ որ Իտալիայից ենք եկել բոլորս՝ Իտալիայի բալկոնային կարանտինի հանդեպ նախանձը սրտներումս։ Կարանտինավորներից մեկի սրինգի նվագը լսել, մի քիչ երգել միասին, պայմանավորվել վաղը ինչ երգ ենք երգելու, փորձել ողջունել շենքի հեռավոր մասնաշենքում երևացող կոլեգային և անպայման նրան տեղյակ պահել որ «ոչխար ենք մորթել», ջերմաչափումներին մասնակցել, սենյակի մակերեսի չափումներ իրականացնել։ Ինչու ոչ՝ դիմացի սարերի ծառերը հաշվել..․

Ինչպես հասկանում եք, գրաֆիկը շատ խիտ է, նույնիսկ՝ գերհագեցած:

Իսկ 5 օրվա նվաճումներին նաև ավելացրեք այն, որ առաջին օրվա ուտելիքը բերող, ջերմաչափում իրականացնող և այլ հարցերով մեզ այցելող սկաֆանդրով այլմոլորակայինները այժմ դարձել են բարի ծյոծյաներ, ձյաձյաներ և պարզապես մարդիկ, որոնց հետ զրույցներն օրեցոր երկարում են, իսկ առողջության մաղթանքները օրեցոր ավելի սրտանց ու երկար են դառնում:

Ընդհանուր նենց անհասկանալի ու զարմանալի բարություն է տիրում նամակներում, զանգերում ու շուրջբոլորը։ Ակամա մտածում ես՝ իսկ ինչո՞ւ չի կարող սենց լինել միշտ։ Մեր ձեռքում չի՞․․․ բայց արի ու տես, որ մարդը ուրիշ ալգորիթմով է ստեղծված, ինչ-որ բարության ու չարության բալանսի պահանջով, ու եթե չարությունը չի կարող ուղղել դեպի վիրուս/պատերազմ/թշնամի, ստիպված ուղղում է դիմացինի դեմ։ Եվ քանի որ այդ համակարգը փոխել չես կարող, երևի ավելի լավ է պարզապես չհասկանաս դա կամ էլ հրաշքների հավատաս:

Հավատացե՛ք հրաշքների, հիմա նրանք աշխարհին շատ են պետք: Մեզ հետ էլ, դեռ պարզ չի, ինչ կլինի վերջում։ Բայց եթե ինչ, շարունակությունը կիմանաք սպիտակ խալաթներով մարդկանց տետրակներից:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: