23 մարտ, 2020 11:43

Կանխարգելիչ, ոչ թե պատժիչ․ ԱԺ-ն միաձայն ընդունեց արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատժի փաթեթը

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին, արտահերթ գումարած նիստում միաձայն ընդունեց արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատիժ սահմանող կառավարության ներկայացրած փաթեթը: Վերջինիս օգտին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: Կողմ քվեարկեցին բոլոր երեք խնբակցությունները: 

Ընդդիմադիր «Բրգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ առաջին ընթերցումից հետո իրենց ներկայացրած առաջարկությունների մեծ մասն ընդունվել է: 

«Քանի որ միասին աշխատել ենք և մեր առաջարկությունների մեծ մասն ընդունվել է, մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին», - ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Գրեթե նույն դիրքորոշումը հայտնեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ միայն նշելով, որ նախատեսված տուգանքի չափերը բավականին բարձր են, և «մենք պետք է հաշվի առնենք բնակչության սոցիալական վիճակը»:

Ընդունված նախագծերով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Ներկայացված օրենսդրական փաթեթով փոփոխություն է կատարվել նաև լրատվամիջոցների աշխատանքում. «Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրությամբ սահմանաված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը...»:

Միևնույն ժամանակ, եթե լրատվամիջոցը չի վերացնում արձանագրված խախտումը «սահմանված մեկ օրվա ընթացքում», կիրառվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով:

Օրենսդրական փաթեթն Ազգային ժողովում ներկայացնող՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ ներկայացված՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տեղեկություն հրապարակելու «զանցանքի համար սանկցիան հանվել է» ու ավելի է ընդլայնվել ԶԼՄ հասկացությունը՝ կիրառելով «լրատվական գործունեություն իրականացնող» տերմինը:

«Առաջարկում ենք ԶԼՄ հասկացությունը փոխարինել լրատվական գործունեություն իրականացնող, քանի որ դա ոչ միայն այս պարագայում, այլ առհասարակ ապագայի համար է, որովհետև ԶԼՄ-ն շատ նեղ շրջանակ է ընդգրկում: Օրինակ` ինտերնետային կայքերը չեն ընկնում այդ հասկացության տակ: Եվ սահմանում ենք՝ եթե մեկ անգամ չի կատարվում և շարունակում է խախտման կատարումը, երկրորդ անգամ արդեն ենթարկվում է վարչական պատասխանատվության»:

Նրա խոսքով՝ պատասխանատվության միջոցները կանխարգելիչ, ոչ թե պատժիչ նպատակ ունեն: 

«Կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, պահպանել մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի», - ասաց նա: Բադասյանին երկրորդեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով. «Այս փոփոխություններն այն անձանց համար են, ովքեր չեն գիտակցում կորոնավիրուսի ազդեցությունը հասարակության և հանրային առողջապահության վրա»:

Մարտի 23-ի առավոտյան դրությամբ՝ Հայստանում առկա է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված 194 դեպք: Ապաքինվել է 2 անձ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Արշալույս Մղդեսյան