24 մարտ, 2020 12:16

Արցախին ականազերծման համար տրամադրվող ամերիկյան օգնությունը փոխարինվում է այլ ծրագրով

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ կողմից The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից Արցախում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը։ 

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից The HALO Trust կազմակերպության ներկայացրած՝ Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է՝ համաձայն նախանշված ժամանակացույցի ու հատկացված բյուջեի և ավարտվել 2020 թվականին: Սակայն մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն, և պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները: Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը և պայմաններ է ստեղծում տնտեսական և սոցիալական գործունեության համար:

Այս համատեքստում ափսոսանք է առաջացնում ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը:

Հարկ է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ կողմից արտաքին ֆինանսական հատկացումների վերաբերյալ օրինագծի նախագծի շուրջ քննարկումները, և 75 կոնգրեսականներ նամակով դիմել են Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով 2021 թ. բյուջեում նախատեսել ֆինանսական միջոցների տրամադրումը Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար։

Միաժամանակ, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Արցախում այլ նախագծերի իրականացման հնարավորությունը: Լիահույս ենք, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում զարգացման և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը։

Ցանկանում ենք նաև մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը՝ երկար տարիներ Արցախին ցուցաբերվող օժանդակության համար, որոնց արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր»,- ասված է հաղորդագրությունում։

«Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնը» հայտարարում է, որ Արցախին տրամադրվող օգնությունը հնարավոր է՝ փոխակերպվի «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով։

ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։

«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունը հակամարտության կողմերի հանձնառություն է, և պետք է կյանքի կոչվի ԵԱՀԿ համակարգմամբ և բոլոր երեք կողմերի՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան, անմիջական ներգրավմամբ»,- նշեց Նաղդալյանը։

ԱՄՆ-ն Հայաստանից զատ միակ պետությունն է, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու այդ պետության անկախությունը։

Արցախի հարցով փորձագետ Թաթուլ Հակոբյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ի՝ Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության պահպանումը չափազանց կարևոր է, քանի որ դրա դադարեցումը կարող է վտանգավոր ուղերձներ հղել ինչպես Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին, այնպես էլ Ադրբեջանին։

Ստելլա Մեհրաբեկյան