24 մարտ, 2020 18:17

Արցախի ՊՆ-ն հերքում է «հայկական սադրանքի» մասին ադրբեջանական տեղեկությունները

Արցախի Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կայքերի տարածած տեղեկությունը, թե ՊԲ-ն «սադրանքի է դիմել և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի»։ 

«Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման»,- ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կայքերը, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են՝ «Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով հրադադարի ռեժիմը, դիվերսիայի փորձ են արել Գերանբոյի ուղղությամբ, մեկ հայ զինծառայող սպանվել է․ նրա դին գտնվում է չեզոք գոտում»։ Ըստ նույն հաղորդագրության՝ «փոխհրաձգությունը շարունակվում է»։