24 մարտ, 2020 15:00

Պարապուրդ, հեռավար ու օրավարձով աշխատանք. փոփոխություններ՝ Աշխատանքային օրենսգրքում

Ստեղծվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հատուկ  նախագիծ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Ասուլիսի ընթացքում վերջինիս հնչեցրած հիմնական դրույթները՝ ստորև։

Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակահատվածում աշխատողին տեղափոխելու այլ աշխատանքի, որը համապատասխանում է իր մասնագիտությանը, սակայն բնականաբար միշտ չէ, որ գործատուն այդ հնարավորությունը ունենում է: Եթե այդ հնարավորությունը առկա չէ, նախատեսված է, որ գործատուն փոխհատուցում է այդ պարապուրդի համար, վճարում է միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ ավել,  քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը: 

Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ոչ աշխատողի պատճառով աշխատավայրում առկա է պարապուրդ: 

Միևնույն ժամանակ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:

Արտակարգ դրությամբ պայմանավորված, երբ այլևս հնարավոր  չէ աշխատավայրից իրականացնել աշխատանքը, և աշխատողը անցնում է հեռավար աշխատանքի, որից չի տուժում դրա արդյունավետությունը, վարձատրությունը պետք է պահպանվի ամբողջությամբ:

Արտակարգ դրության ժամանակահատվածում, երբ գործատուն փոխում է աշխատանքային ռեժիմը և անցնում հեռավար աշխատանքի, դա աշխատավայրի փոփոխություն չի համարվի և գործատուն չի ենթարկվի պատասխանատվության: 

Այն դեպքերում, երբ աշխատողը ուշանում է աշխատանքից կամ չի ներկայանում աշխատանքի, գործատուն, բացակայությունը անհարգելի համարելով, չի կարող աշխատողին հեռացնել աշխատանքից:

Գործատուն օրենքով կարող է ազատել աշխատակցին երկարատև հիվանդության պատճառով, այդ թվում՝ կորոնավիրուսով վարակման, եթե նա 140 օրվա ընթացքում աշխատանքի չի եկել: Իսկ մինչ այդ, եթե աշխատողը տեղեկանք է ներկայացնում ժամանակավոր անաշխատունակության մասին, ապա գործատուն չի կարող սեփական նախաձեռնությամբ դադարեցնել պայմանագիրը:

Հաշվի առնելով այն փաստը, որ այս ընթացքում չեն գործում ուսումնական հաստատությունները՝ երեխաներ ունեցող աշխատողների ուշացումները գործատուն ևս պետք է հարգելի համարի՝ չկիրառելով կարգապահական տույժեր:

Եթե այլևս հնարավոր չէ աշխատանք իրականացնել ոչ աշխատավայրում, ոչ տանը՝ աշխատողը իրավունք ունի օգտվել իր ամենամյա արձակուրդից, եթե ունի նման ցանկություն: 

Խոսելով օրավարձով աշխատողների մասին՝ Ժորա Սարգսյանը նշեց, որ նրանք ևս ունեն նույն  իրավունքներն ու պարտականությունները, եթե ունեն աշխատանքային պայմանագիր: 

Օրավարձը ընդամենը աշխտավարձի որոշման ձև է: Հետևաբար այն կարգավորումները, որոնք կլինեն համընդհանուր, կտարածվեն նաև օրավարձով աշխատողների վրա:

Առայժմ անհնար է ասել, թե գործազրկության ինչ ցուցանիշներ կգրանցվեն Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամի հետևանքով:

Ժորա Սարգսյանը հավելեց, որ աշխատակիցների հնարավոր կրճատումները միանգամից չեն լինի, համապատասխանաբար տեղեկությունների վերլուծության համար ևս ժամանակ է հարկավոր: 

«Կփորձենք իրավիճակն ուսումնասիրել հնարավորինս սեղմ ժամկետում, որ հասկանանք, թե աշխատանքի շուկայում ինչպիսի վերադասավորումներ կլինեն, և պետությունն ինչպես կկարողանա օժանդակել խոցելի խմբերին: Այդպիսի քաղաքացիներին կառաջարկվի մասնակցել բնակչության զբաղվածության ապահովման պետական ծրագրերին»,- եզրափակեց Ժորա Սարգսյանը։

 Գեղեցիկ Ոսկանյան