25 մարտ, 2020 13:43

Երուսաղեմում եկեղեցական ծեսեր չեն անցկացվում, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է. Կորյուն վարդապետ Բաղդասարյան

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Իսրայելում տարածվել է կորոնավիրուսի համաճարակը։ Մարտի 24-ի դրությամբ այնտեղ գրանցվել է վարակի 1656 դեպք և մեկ մահ։ Իսրայելի կառավարությունը խիստ կարանտին է սահմանել երկրում, անգամ, հատուկ հավելվածներով վերահսկվում է անձանց տեղաշարժը։ Իսրայելում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իրավիճակի մասին ՍիվիլՆեթը զրուցել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ Իսրայելում գործում է ոչ թե բացարձակ, այլ 80-տոկոսանոց կարանտին։

Ի՞նչ է դա ենթադրում

  • Բանկերը, դեղատները, սնունդ վաճառող խանութներն ու սուպերմարկետները շարունակում են աշխատել
  • Շարունակում են աշխատել նաև կենսական ապրանքներ արտադրող օբյեկտները։ Հայր Կորյունի խոսքով՝ չի նշվում, թե որոնք են դրանք։ «Սակայն կարելի է հասկանալ, որ դրանք դեղ և սնունդ արտադրող օբյեկտներն են»,- ասում է նա։
  • Հանրային այգիներն ու ծովափները փակ են
  • Ոչ ոք իրավունք չունի մարզանքի՝ վազելու և քայլելու համար դուրս գալ, միայն տնից 50 մետր հեռավորության վրա կարելի է, օրինակ, զբոսնել շան հետ
  • Տաքսիները կարող են տեղափոխել միայն մեկ ուղևոր, գնացքներն ու տրամվայները չեն աշխատում, ավտոբուսների 90 տոկոսը ևս չի աշխատում

Դիվանապետը նկատում է՝ այս միջոցառումները վերահսկվում են ոստիկանության կողմից։ Կարանտինի կանոնները խախտողները կտուգանվեն, իսկ մի քանի անգամ կրկնվելուց հետո կբանտարկվեն։

Իսրայելի կրոնական հաստատություններում անցկացվող արարողությունների մասին նա նշում է, որ կառավարության կողմից ընդհանուր որոշում չկա, բայց կա որոշում, որ որևէ միջոցառման կամ արարողության տասը հոգուց ավել մարդ պետք է չմասնակցի։

«Գալով մեր Հայոց պատրիարքության արարողություններին և ծեսերին՝ պետք է դրանք բաժանեմ երկու մասի։ Կան սրբավայրեր, որոնց սեփականատիրությունը ամբողջությամբ տնօրինում է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, ինչպես օրինակ Սուրբ Հակոբեանց Մայր տաճարը, Սուրբ Փրկիչ վանքը կամ Հրեշտակապետաց վանքը․ այնտեղ արարողությունները Պատրիարք Սրբազանի հրահանգով դադարեցված են, առավոտյան և երեկոյան ժամերգություններ չեն լինում։ Միայն կիրակի օրը պատարագ արեցինք շատ փոքր կազմով»,- ասում է նա՝ հավելելով, որ «կան սրբավայրեր, որոնց սեփականատիրությունը պատկանում է երեք իրավատեր համայնքների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը, Հունաց պատրիարքությանը և կաթոլիկներին։ Այդ սրբավայրերում այս երեք սեփականատեր համայնքների «համաձայնությամբ է, որ որևէ նոր օրենք պետք է գործի՝ փակել, չփակել, կիսափակել կամ շարունակել»։

Ըստ դիվանապետի՝ երեք իրավապահ համայնքները որոշել են Սուրբ Հարության տաճարը բաց պահել, բայց արարողություններին գրեթե ոչ ոք չի մասնակցում։

Պաղեստինյան կառավարության որոշմամբ՝ փակ է Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը․ արարողությունները շարունակվում են, բայց հավատացյալները չեն կարող մասնակցել։

Աստվածամոր Սուրբ Գերեզմանի տաճարում, որի իրավատերերն են հայերը և հույները, շարունակվում են արարողությունները, միայն առավոտյան պատարագներն են մատուցվում՝ միայն հոգևորականների մասնակցությամբ։ 

Հայր Կորյունն ասում է՝ «մի քանի օր է՝ ուխտավորներ Երուսաղեմում ընդհանրապես չկան»։  

Դիվանապետը խոսեց նաև կորոնավիրուսի հետևանքով գործազրկության աճից՝ նշելով, որ այն 4 տոկոսից հասել է 18,6-ի։

«615 հազար աշխատավոր արդեն դիմել է իրենց ազգային ապահովագրության միությանը՝ որպես անգործ մարդ օգնություն ստանալու համար»,- նշում է նա։

«Ըստ վարչապետ Բենյամին Նեթանյահուի որոշման՝ աշխատողների 30 տոկոսը պետք է գնա հարկադիր արձակուրդի, որից հետո այլևս չի վճարվի, մնացած 70 տոկոսը պետք է գնա փաստորեն անգործության»,- ասում է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Նա անդրադարձավ նաև Իսրայելի առողջապահության համակարգի աշխատանքին, որն աշխատում է գերծանրաբեռնված, բժշկական անձնակազմերը կարանտինի մեջ են, ինչը անձնակազմի թվի նվազման պատճառ է դարձել։

«Թե՛ մամուլում, թե՛ հեռուստատեսությամբ անընդհատ ասվում է, որ եթե թվերը սկսեն աճել, ապա մասնագետների և քաղաքագետների կողմից կա վախ, որ Իսրայելի առողջապահական համակարգը գերծանրաբեռնվածությունից կարող է փլուզվել, չդիմանալ, և այդ ժամանակ իրոք շատ կատաստրոֆիկ վիճակ կստեղծվի»,- եզրափակում է հայր Կորյունը։

Պատրաստեց Լուսինե Վարդանյանը