25 մարտ, 2020 12:07

Միքայել Մելքումյանը կոչ արեց մարզերից Երևան աշխատանքի եկող քաղաքացիներին նույնականացնել

Ամեն օր Հայաստանի մարզերից Երևան աշխատանքի եկող քաղաքացիներին պետք է արագ նույնականացնել․ այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովի նիստում կառավարությանն ուղղված հրատապ կոչով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ձեռնարկությունների աշխատակիցներ չեն, հիմնականում գրանցված չեն, սակայն տասնյակ հազարներով ամեն օր մարզերից գալիս են Երևան աշխատելու: 

«Ես կառավարությանը կոչ եմ անում արագ նույնականացնել նրանց», - ասաց Մելքումյանը։

Նա նկատեց, որ պետությունն այդ քաղաքացիներին իր համակարգերում «չի տեսնում», որ աջակցի, քանի որ գրանցված չեն, ու չկա նաև նպաստների համակարգում: 

«Մարդիկ իրենց վաստակած օրվա հացով են ապրում, իսկ հիմա, սահմանափակումների խստացումով պայմանավորված, դա խաթարված է», - ասաց պատգամավորը:

Մարտի 24-ին Մելքումյանը Ազգային ժողովի ամբիոնից աշխատաշուկայի մասին խոսեց թվերով: Նա հայտնեց, որ Հայաստանում առկա է 626 հազ․ վարձու աշխատող, գումարած 400 հազ․ «մեր գյուղաբնակ աշխատող համաքաղաքացիները»:

Նշված 626 հազարից 203 հազարը պետական համակարգի աշխատողներ են, որոնք պետության կողմից վճարվում են անկախ աշխատանքի գնալուց, հեռավար աշխատելուց, նրանք ինչ-որ չափով ապահովված են:

«Մնացած շուրջ 400 հազարը մասնավոր ընկերություններում աշխատողներն են: Նրանց մեծ մասն, այսպես կոչված, օրավարձով աշխատողներն են՝ տաքսու վարորդներ, բանվորներ, վաճառողներ և այլն: Նրանք այժմ ամենախոցելի վիճակում են»,- հայտարարեց Մելքումյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում գրեթե 500 հազ․ մարդ սպառողական վարկ ունի, և ստեղծված իրավիճակում նրանց մեծ մասը վարկի վերադարձի լուրջ խնդիրներ ունի:

«Որպես լուծում առաջարկում եմ ստեղծել պետական նպաստների համակարգի նման մեկ այլ ժամանակավոր համակարգ՝ եկամտից զրկված քաղաքացիներին աջակցելու համար», - ասաց Մելքումյանը։

Մարտի 25-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 265-ի: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ առողջացել է 16 քաղաքացի: Մահվան ելքով դեպքեր չեն գրացվել:

Արշալույս Մղդեսյան