26 մարտ, 2020 12:25

Ադրբեջանցիները (թաթարները) Հայաստանում վերջին 150 տարիներին

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան հատուկենտ ադրբեջանցիներ, որոնք 1988-ից հետո ինչ-ինչ պատճառներով չեն հեռացել և շարունակում են մեր մեջ ապրել՝ չթաքցնելով իրենց ազգությունը: Վաղարշապատում բնակվող Ֆելիքս Ալիևը Հայաստանի վերջին 50 տարիների ծանրամարտի ամենահայտնի մարզիչներից է և պատրաստել է աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ մեդալակիրներ: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բաղանիս գյուղում բնակվող Համավախ Սաֆար կըզը Ադիգյոզալովան թոռներ է մեծացրել:

Կան մի քանի տասնյակ, գուցե հարյուրավորներ ադրբեջանցիներ, որոնք 1988-ից հետո փոխեցին իրենց ազգանունները, մնացին Հայաստանում և ապրում են մեր մեջ, ապրում են որպես հայ: Ադրբեջանցի որոշ ընտանիքների երեխաներ անգամ չգիտեն, որ ընդամենը 30 տարի առաջ իրենց հայրերը կամ մայրերը ունեին այլ ազգանուն, այլ կրոն, այլ լեզու: Այդպիսի մի շատ հայտնի ընտանիքի ես անձամբ գիտեմ Երևանում:

Վերջին 150 տարիներին, այն է՝ 1828-ից,- երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, և ստեղծվեց Հայկական մարզը՝ Армянская область հայտնի անունով,- մինչև 1988-ի դեկտեմբեր, երբ շուրջ 160 հազար ադրբեջանցիներ հեռացան Խորհրդային Հայաստանից, ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են հենց ադրբեջանցիները, որոնք պատմության տարբեր հատվածներում տարբեր անուններ են ունեցել՝ թաթարներ, կովկասյան թաթարներ, մուսուլմաններ, թրքո-թաթարական խումբ, թուրքեր և վերջապես 1939 թվականի Խորհրդային Միության երկրորդ մարդահամարից հետո՝ ադրբեջանցիներ:

1828 թվականից մինչև 1979 թվականը Հայաստանում անցկացված բոլոր մարդահամարների, այդ թվում՝ աշխարհագրեր, հաշվառումներ, գյուղատնտեսական մարդահամարներ, ազգային փոքրամասնությունների մեջ միշտ ադրբեջանցիներն են կազմել մեծամասնություն:

Հայաստանի տարածքում անցկացված առաջին՝ 1831 թվականի հաշվառման տվյալներով, 161 747 բնակիչներից 50 274 հոգին՝ բնակչության գրեթե մեկ երրորդը, հաշվվել են թուրքական խմբի մեջ: Թուրքական խմբի մեջ հաշվառված բնակիչները հիմնականում կովկասյան թաթարներն են կամ թաթարները, այսօրվա ադրբեջանցիների նախնիները: Թուրքական խմբի մեջ մտել են նաև օսմանյան թուրքերն ու կարափափախները: Այսպես, Խորհրդային Հայաստանի Ամասիայի, մասամբ նաև Ղուկասյանի, այսօր՝ Աշոցք, և Ախուրյանի շրջանի ադրբեջանցիները, որոնք 1988-ին հեռացան Հայաստանից, իրականում կարափափախներ էին և առաջին անգամ ադրբեջանցի ընդհանրական անունը ստացան 1939-ին, երբ անցկացվում էր Խորհրդային Միության երկրորդ մարդահամարը:

Հաշվառումը շատ ավելի բարդանում է, երբ մարդահամարների ժամանակ ոչ թե ազգությունն է դառնում առաջնային, այլ կրոնը: Այսպես, 1897 թվականի ցարական Ռուսաստանում անցկացված առաջին և վերջին մարդահամարի ժամանակ Հայաստանում՝ Երևանի նահանգում բնակվող թաթարները, թուրքերը, կարափափախները, պարսիկները, թաթերը, քրդերը ներկայացված են մեկ սյունակի տակ՝ իսլամ բնակչություն:

Ավելին, քանի որ Հայաստանում բնակվող իսլամ բնակչության մեջ մեծամասնությունը թաթարներն էին, հաճախ այլ ազգություններ ձուլվում էին նրանց հետ: Դրա վառ օրինակը թաթական (թաթերը պարսիկներին շատ մոտ, պարսկալեզու խմբին պատկանող ազգություն է, որ այսօր էլ բնակվում են Ադրբեջանում, մասնավորապես Բաքվի մոտ գտնվող բնակավայրերում) մի քանի գյուղերն էին Հայաստանի հարավում, որոնք ժամանակին հաշվառվեցին որպես թաթարներ: 1890-ական թվականներին մամուլում հանդիպում է Նյուվադի գյուղը որպես բացառապես թաթական: Խորհրդային Հայաստանից հեռացած վերջին ադրբեջանցիները հենց նյուվադեցիներն էին, որոնք մնացին մինչև 1990-ի ամառ, քանի որ նրանց Արաքսի ափին պաշտպանում էր խորհրդային զորքը:

Նույնպիսի իրավիճակի հանդիպում ենք քրդերի պարագայում: Քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում շատ էին ադրբեջանական դպրոցները, մուսուլման քրդերը երբեմն նախընտրում էին հաճախել ադրբեջանական դպրոցներ, իկս պարսկալեզու քրդերը ժամանակի ընթացքում դառնում էին թյուրքախոս ադրբեջանցիներ: 1988-ին Խորհրդային Հայաստանից հեռացած 160 հազար ադրբեջանցիների մեջ կային նաև քրդեր, որոնք տասնամյակների ընթացքում դարձել էին ադրբեջանախոս:

1873 թվականի մարդահամարի համաձայն, Հայաստանում բնակվող 496 140 մարդուց 132 125-ը կամ ավելի քան 25 տոկոսը ներկայացնում էր թուրքական խումբը: 1986-ի մարդահամարի տվյալներով՝ 635 833 բնակիչներից թուրքական խումբը կազմում էր 160 963 հոգին: 1897 թվականին Հայաստանի ամբողջ բնակչության՝ 797 853 հոգի, մի ստվար հատված՝ 240 323 հոգի, կազմում էր իսլամ բնակչությունը: Սա արդեն թուրքական խումբ չէ, այլ ավելի լայն ընդգրկում ունի և ներառում է նաև Հայաստանի պարսկալեզու ժողովուրդներին՝ պարսիկներին, թաթերին և քրդերին: Ի դեպ, եզդիները ներառվել են այլ դասակարգման տակ:

1905-1907 թթ. հայ-թաթարական բախումների հետևանքով, որոնք հիմնականում ներառել են Բաքուն, Շուշին, Նախիջևանը, Երևանը, Գանձակը և մասամբ Թիֆլիսը, Արարատյան դաշտում նվազեց թաթարների թվաքանակը, ճիշտ այնպես, ինչպես Նախիջևանում պակասեց հայերի քանակը, քանի որ այդ բախումների ընթացքում թաթարները տուժեցին Երևանում, իսկ հայերը՝ Նախիջևանում:

Հայաստանի Հանրապետության շրջանում՝ 1918-1920 թվականներին, մեր հանրապետությունից հեռացել կամ դուրս են քշվել տասնյակ հազարավոր թաթարներ: Նույն այդ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր հայեր հեռացել, դուրս քշվել կամ կոտորածների են ենթարկվել Ադրբեջանի տարածքում: Հայերը հատկապես տուժեցին Շաքիի, Շամախու և Արեշի շրջաններում:

1922 թվականին Հայաստանից հեռացած թաթարների մի ստվար հատված, Ալեքսանդր Մյասնիկյանի հավանությամբ, վերադարձավ Արարատյան դաշտ:

1926 թվականի Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն՝ Խորհրդային Հայաստանում բնակչության ընդհանուր թիվը 880 464 էր, որից թաթարները, որոնք կոչվում էին թուրքեր, կազմում էր 76 870 հոգի կամ բնակչության 8,7 տոկոսը:

1939 թվականի ԽՍՀՄ երկրորդ մարդհամարում առաջին անգամ օգտագործվեց ադրբեջանցի ազգություն անունը: Ըստ այդ մարդահամարի, Խորհրդային Հայաստանի 1 282 338 բնակիչներից ադրբեջանցի էր 130 896-ը կամ բնակչության 10,2 տոկոսը:

1959 թվականի ԽՍՀՄ երրորդ մարդահամարի համաձայն, Խորհրդային Հայաստանի ամբողջ բնակչության կազմում՝ 1 763 048 հոգի, ադրբեջանցիների թիվը 107 748 էր կամ բնակչության 6,1 տոկոսը: Այս անկումը պայմանավորված էր նրանով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1948-ին, Ստալինի հրամանով և Բաքվի ղեկավարության գիտությամբ, Ադրբեջանում բամբակագործությանը զարկ տալու նպատակով մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիներ Հայաստանից տեղափոխվեցին Մուղանի դաշտավայր և Ադրբեջանի այլ վայրեր:

1970 թվականի Խորհրդային Միության չորրորդ մարդահամարի համաձայն Խորհրդային Հայաստանի բնակչությունը հասավ 2 491 873-ի, որից ադրբեջանցիները կազմում էին 148 189 հոգի կամ ընդհանուր բնակչության 5,9 տոկոսը:

Ինը տարի անց՝ 1979-ին, Խորհրդային Միությունում անցկացվեց հինգերորդ մարդահամարը: Առաջին անգամ Խորհրդային Հայաաստանի բնակչությունը գերազանցեց երեք միլիոնը՝ 3 037 259 մարդ, որից 160 841-ը կամ 5,3 տոկոսը՝ ադրբեջանցիներ:

Այսպիսով, երբ ասում ենք, որ 1988-ին Հայաստանից հեռացել է 160 հազար ադրբեջանցի, հենց այս մարդահամարը նկատի ունենք: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ մինչև 1988-ը ադրբեջանցիների թվաքանակը ավելացած կլիներ մոտ 20 հազարով, հետևաբար, կարելի է նաև ասել, որ Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների թիվը 180 հազար է:

Խորհրդային Միությունում 1989-ին անցկացվեց վերջին՝ վեցերորդ մարդահամարը, որի տվյալները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի մասով, չեն կարող իրականությանը մոտ լինել, քանի որ սկսվել էին հայերի ու ադրբեջանցիների տեղաշարժերը, որոնք ուղեկցվում էին արյունալի ջարդերով ու բռնի տեղահանումներով: 1989թ. մարդահամարի տվյալներով, Խորհրդային Հայաստանում բնակչության թիվը կազմել է 3 304 776 հոգի, որից 84 860-ը կամ 2,6 տոկոսը՝ ադրբեջանցի:

Ես կարծում եմ, որ ժամանակն է, եթե արդեն չի անցել, որ Հայաստանում հետազոտողները, պատմաբաններն ու արևելագետները իրականությանը համապատասխանող գրքեր գրեն մեր երկրում վերջին 150 տարիներին բնակված ադրբեջանցիների մասին՝ ժողովրդագրություն, կյանք, կենցաղ, ազգամիջյան հարաբերություններ և այլն: Անկախ ամեն ինչից, նրանք եղել են Հայաստանի բնակիչները և նրանք Հայաստանի պատմության մաս են կազմում նախ և առաջ:

Այսօր Ադրբեջանում, Իլհամ Ալիևի պատվերով, բազմաթիվ կեղծ, հակագիտական, հակահայկական հատորներ են գրվում Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին: Մեզ պետք չէ, որ Հայաստանից հակադարձեն կեղծ, հակագիտական ու հակաադրբեջանական հատորներով:

Պետք է գրել ճշմարտությունը և չվախենալ ճշմարտությունից:

Թաթուլ Հակոբյան

 Լուսանկարում՝ Երևանի ադրբեջանական թատրոնի խումբը, 1939 թ. 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: