26 մարտ, 2020 10:44

Գլոբալիզացիայի ավա՞րտ․ ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո

Բենիամին Պողոսյան

Վերջին առնվազն երեսուն տարում միջազգային հարաբերությունների հիմնական թրենդը գլոբալ աշխարհակարգում ազգ-պետությունների դերակատարության աստիճանական նվազումն էր։ Միջազգային կազմակերպությունները, տրանսազգային խոշոր ընկերությունները և երկրագնդի առավել հարուստ անձանց կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամները երբեմն շատ ավելի մեծ ազդեցություն ունեին, քան առանձին պետություններ։ Տնտեսական փոխգործակցությունը հանգեցրել էր ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի, ինչը դարձել էր ժամանակակից տնտեսական կյանքի հիմքը։ Թվում էր, թե ոչինչ չի կարող կասեցնել գլոբալիզացիայի ընթացքը, որը էլ ավելի էր արագացել տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման շնորհիվ։ Միջազգային տարբեր վերլուծական կենտրոններում շատ էին հրապարակումները ազգ-պետությունների դերի հետագա անխուսափելի նվազման, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաև նրանց վերացման հավանականության մասին։ 

2019 թ. դեկտեմբերին Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսի համաճարակը սկզբում կարծես թե որևէ վտանգ չէր սպառնում գլոբալիզացիայի հաղթարշավին։ Մինչև 2020 թ. հունվարի վերջը համաշխարհային տնտեսության միակ մտահոգությունը Չինաստանում փակված գործարանների փոխարեն արտադրության նոր աղբյուրներ գտնելն էր։ Տնտեսագետների մի մասը ենթադրում էր, որ այս իրավիճակը կարող է արագացնել Չինաստանի կողմից «աշխարհի գործարանի» գործառույթի կատարման աստիճանական նվազման գործընթացը։ Թվում էր՝ Չինաստանում աշխատուժի աստիճանական թանկացմամբ, ԱՄՆ – Չինաստան առևտրային պատերազմով, իսկ 2020 թ. սկզբից նաև կորոնավիրուսի բռնկմամբ  պայմանավորված այս գործընթացը կարող էր լուրջ վնասներ հասցնել Չինաստանի տնտեսությանը, բայց ի վիճակի չէր խաթարել գլոբալիզացիայի հաղթարշավը։

Սակայն վերջին երկու ամիսներին աշխարհում տեղի ունեցավ գրեթե աներևակայելին։ Համաճարակի հետագա տարածումը կանխելու նպատակով բազմաթիվ պետություններ ոչ միայն փակել են սահմանները, այլև փաստացի դադարեցրել են տնտեսական գործունեությունը՝ բացառություն անելով միայն մարդկանց կենսագործունեությունը ապահովող ձեռնարկությունների համար։ Համաշխարհային տնտեսության արյունատար անոթների դերակատարություն ունեցող ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի էական սահմանափակումը լուրջ հարված է գլոբալիզացիային և միևնույն ժամանակ՝ «տնտեսական ազգայնականության» նախանշան։   

2020 թ. մարտի սկզբին Իտալիայի՝ Եվրամիության անդամ պետություններին ուղղված օգնության կոչի փաստացի անտեսումը, թերևս, Եվրոպայում «տնտեսական ազգայնականության» առաջին դրսևորումն էր, ընդ որում սա միայն գործընթացի սկիզբն է։ Որոշ պետություններ, այդ թվում Ղազախստանը, արդեն հայտարարել են մի շարք սննդատեսակների արտահանման դադարեցման մասին, ինչը միջնաժամկետ հեռանկարում կարող է պարենային ճգնաժամի պատճառ դառնալ։ «Տնտեսական ազգայնականության» հնարավոր հետևանքներից կարող է լինել նաև օտարերկրացիների համար աշխատաշուկայի մատչելիության սահմանափակումը։

Տնտեսական ազգայնականության աճը, սակայն, կարող է չսահմանափակվել միայն գլոբալիզացիայի խաթարմամբ և ազգ-պետությունների դերի աստիճանական աճով։ Վերջին տասնամյակում միջազգային անվտանգային ճարտարապետությունը լուրջ կերպափոխումների էր ենթարկվում։ ԱՄՆ-ի բացարձակ գերիշխանությամբ բնորոշվող հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհին փոխարինելու էր գալիս բազմաբևեռ և շատ ավելի անկայուն աշխարհակարգը։ Սակայն գլոբալիզացիայի շնորհիվ գերտերությունների միջև ձևավորված տնտեսական փոխկախվածությունը որոշակիորեն մեղմում էր նրանց միջև առաջացող աշխարհաքաղաքական հակասությունները։ Սա հատկապես նկատելի էր ԱՄՆ – Չինաստան հարաբերություններում։

Սակայն նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով գլոբալ տնտեսության փլուզման ինտենսիվ գործընթացը էականորեն կթուլացնի գերտերությունների միջև առկա տնտեսական փոխկախվածությունը, ինչը կարող է նպաստել հակասությունների առավել սրմանը։ Միևնույն ժամանակ, եթե գերտերությունների պարագայում միջուկային զենքի առկայությունը բացառում է նրանց միջև ուղղակի ռազմական բախման հնարավորությունը, ապա միջազգային կազմակերպությունների հեղինակազրկումը և ազգ պետությունների դերակատարման աճը կարող է հանգեցնել տարածաշրջանային առկա ռազմական հակամարտությունների սրմանը կամ նորերի առաջացմանը։  

Տնտեսական ազգայնականությունն ու Հայաստանը

«Տնտեսական ազգայնականության» աճն իր բացասական հետևանքները կունենա նաև փոքր պետությունների, այդ թվում Հայաստանի համար։ Անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսական մոդելը հիմնված է եղել արտաքին առևտրի բացասական սալդոյի, աշխատուժի արտահանման և վերջինիս կողմից իրականացվող դրամական փոխանցումների միջոցով բացասական սալդոյի մի մասի ծածկման վրա։ Այսպես, 2019 թ. հունվար – հունիս ամիսներին Հայաստանն արտահանել է 1,17 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և ներմուծել 2,32 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք: Միևնույն ժամանակ, 2019 թ. դեպի Հայաստան կատարված մասնավոր դրամական փոխանցումները կազմել են գրեթե երկու միլիարդ դոլար։

«Տնտեսական ազգայնականությունը» կարող է մի կողմից խնդիրներ ստեղծել որոշ ապրանքատեսակների ներմուծման գործում, իսկ մյուս կողմից բարդություններ ստեղծել արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների համար։ Ակնհայտ է, որ նշված գործընթացները, որոնք 2020 թ. զուգակցվելու են ՀՀ-ի տնտեսության համար էական նշանակություն ունեցող զբոսաշրջային ոլորտի փլուզմամբ և պղնձի ու պղնձի խտանյութի արտահանման ծավալների ու գնի անկմամբ, լուրջ խնդիրներ են ստեղծելու ՀՀ տնտեսության համար։ Միևնույն ժամանակ, ազգ պետությունների ազդեցության աճը ամենայն հավանականությամբ էլ ավելի կսրի Հարավային Կովկասում առկա հակամարտությունները՝ նոր մարտահրավերներ ստեղծելով ՀՀ անվտանգության համար։ Այս գործոնների համախմբի հաշվառմամբ ամենայն հավանականությամբ ՀՀ-ին չի հաջողվի պահպանել 2017 – 2019 թթ. գրանցված տնտեսական աճի միտումները, և հիմնական խնդիր պետք է լինի խուսափել 2008 թ. միջազգային ճգնաժամի հետևանքով 2009 թ. գրանցված ՀՆԱ-ի ավելի քան 14 տոկոս անկման կրկնությունից։   

Լուսանկարում՝ տեսարան Վենետիկից

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: