26 մարտ, 2020 12:59

Երեխաների փոխադրման դեպքում քանակի սահմանափակում չի նախատեսվում

Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 24-ին` ժամը 23:59-ից, սահմանափակվեց մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված կենսական անհրաժեշտության դեպքերի՝ այց դեղատուն, մթերային խանութ, խնամքի կարիք ունեցողի, ֆիզիկական վարժություններ կատարելու,  մասնակցություն հոգեհանգստի արարողության, տեղաշարժը սահմանափակվում է: 

Սահմանված դեպքերում պարետի որոշմամբ թույլատրվում էր անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը  երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը: 

Մարտի 26-ին պարետի որոշմամբ փոփոխություն է արվել այս կետում: Այսուհետև թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ 

Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։

Ժաննա Ավագյան