26 մարտ, 2020 22:05

Համաճարակների երկարաժամկետ տնտեսական հետևանքները միշտ չէ, որ սարսափելի են. The Economist 

Համաճարակները տնտեսական առաջընթացի անխուսափելի ուղեկիցներն են։ Փոխկապված առևտրային ցանցերը և մարդաշատ քաղաքները հասարակություններին դարձնում են հարուստ, բայց նաև խոցելի` հնագույն կայսրություններից մինչև մեր օրերի ինտեգրված գլոբալ տնտեսություն: 

Covid-19-ի ազդեցությունը մեծապես տարբեր է լինելու անցյալի պաթոգեններից, որոնք հարվածել են շատ ավելի աղքատ խմբերի, քան այսօրվա մարդիկ են, երբ շատ ավելի քիչ գիտելիք կար վիրուսների ու բակտերիաների մասին։ Այս անգամ վճարը այլ ծավալի կլինի, քան այն, որը պահանջեց Սև մահը (ժանտախտ) կամ իսպանական գրիպը։ Բայց նույնիսկ այս պարագայում անցյալի կործանարար հետևանքները որոշակի պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես կարող է փոխվել համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի ազդեցության արդյունքում:

Չնայած համաճարակների հետևանքով մարդկային կորուստները սարսափելի են, դրանց երկարաժամկետ տնտեսական հետևանքները միշտ չէ, որ այդպիսին են։ Սև մահն իր հետ տարավ Եվրոպայի բնակչության մեկ-երրորդից մինչև երկու-երրորդ մասին` թողնելով անջնջելի սպիներ։ Սակայն ժանտախտից հետո շատ ավելի շատ վարելահողեր կային, քան դրանք մշակող ձեռքեր։ Աշխատողների հանկարծակի պակասը բարձրացրեց նրանց արժեքը հողատերերի հետ հարաբերություններում ու նպաստեց ավատատիրական տնտեսության քայքայմանը:

Հյուսիսարևմտյան Եվրոպայի որոշ տարածքներ թևակոխեցին ավելի խոստումնալից աճի փուլ: Եվրոպայում աշխատողների իրական եկամուտները կտրուկ աճեցին 1347-1351 թվականներին աշխարհամասը խոցած համաճարակից հետո: Մինչարդյունաբերական ժամանակներում ավելի բարձր եկամուտները սովորաբար ապահովում էին բնակչության ավելի արագ աճ, ինչը, ի վերջո, հանգեցրեց եկամուտների նվազմանը մինչև կենսապահովման նվազագույն մակարդակ (ինչպես նկատում է Թոմաս Մալթուսը (Thomas Malthus)): 

Սակայն Եվրոպայի որոշ մասերում մալթուսյան կանոնները չէին հաստատվում, երբ համաճարակն արդեն նահանջել էր. Նիկո Ֆոյթլանդերը (Nico Voigtländer)՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից, և Հանս-Յոախիմ Վոթը (Hans-Joachim Voth)՝ Ցյուրիխի համալսարանից, պնդում են, որ ժանտախտի հետևանքով առաջացած բարձր եկամուտները հանգեցրին քաղաքներում արտադրվող արդյունաբերական ապրանքների գնումների ավելացման և, հետևաբար, ուրբանիզացիայի ավելի բարձր տեմպերի: Ժանտախտը, փաստորեն, Եվրոպայի մի մասը դուրս մղեց ցածր վարձատրվող, նվազ ուրբանիզացված հավասարումից դեպի առևտրային, ապա նաև արդյունաբերական տնտեսության զարգացման բարենպաստ ճանապարհ:

Նման մի բան տեղի ունեցավ նաև իսպանական գրիպից հետո, որին 1918-1920 թվականներին զոհ գնաց 20-100 միլիոն մարդ։ 20-րդ դարասկզբի արդյունաբերական տնտեսություններն այլևս կապված չէին մալթուսյան սահմանափակումներից։ Բայց նույնիսկ այդ դեպքում, ինչպես կարծում են Էլիզաբեթ Բրեյները (Elizabeth Brainerd)` Բրանդեյսի համալսարանից, և Մարկ Սիգլերը՝ Կալիֆոռնիայի նահանգային համալսարանից, Ամերիկայի նահանգները, որոնք ավելի էին տուժել այդ հիվանդությունից, ավելի արագ տնտեսական աճ ունեցան դրա ավարտից հետո: 

Տնտեսական և ժողովրդագրական մի շարք գործոնների համադրմամբ՝ Բրեյները և Սիգլերը եզրահանգում են, որ հազար մարդու հաշվով լրացուցիչ մեկ մահը հաջորդ տասնամյակում հանգեցրել է մեկ շնչին ընկնող իրական եկամտի առնվազն 0,15 տոկոսային կետով միջին տարեկան աճի: Թեև covid-19-ի ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, շատ ցածր կլինի իրական աշխատավարձերի բարձրացման համար, սակայն այն կարող է ընկերություններին ստիպել ներդնելու նոր տեխնոլոգիաներ` աշխատելու այն ժամանակ, երբ պահեստներն ու գրասենյակները դատարկ են, ինչը երկարաժամկետ ազդեցություն կունենա աճի և արտադրողականության վրա:

Կորոնավիրուսի համաճարակը ընկերություններին կարող է ստիպել ներդնելու նոր տեխնոլոգիաներ` աշխատելու այն ժամանակ, երբ պահեստներն ու գրասենյակները դատարկ են, ինչը երկարաժամկետ ազդեցություն կունենա աճի և արտադրողականության վրա

Բայցևայնպես, համաճարակի տնտեսական հետևանքներն առավելապես բացասական են լինում։ Առևտրային կապերը, որոնց միջոցով տարածվում է պաթոգենը, կարող են քանդվել հենց դրա ազդեցության արդյունքում։ 

Հռոմեական կայսրության օրոք մասնագիտացման բարձր աստիճանն ու առևտուրը եկամուտները բարձրացրին մի մակարդակի, որին կրկին հասնել հնարավոր դարձավ միայն մեկ հազարամյակ անց։ Ավաղ, նույն կապերը նպաստեցին նաև հիվանդությունների տարածմանը։ Հռոմեական տնտեսությանը հարված հասցվեց մ.թ. 2-րդ դարի վերջին, երբ այսպես կոչված կիպրական ժանտախտը ավերիչ ազդեցություն ունեցավ կայսրության վրա։ Հարյուրամյակ անց կիպրական ժանտախտը, որը, հնարավոր է, հեմորագիկ (արյունազեղիչ) տենդ էր, ամայացրեց հռոմեական բազմաթիվ քաղաքներ և համընկավ տնտեսական ակտիվության կտրուկ և մշտական անկման հետ, որը չափվում է նավաբեկությունների թվով (առևտրի ծավալների անուղղակի ցուցիչ) և կապարի աղտոտման մակարդակով (պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանմամբ)։ Կրճատված առևտուրը հանգեցրեց եկամուտների անկման և պետության ներուժի թուլացման շրջափուլի, որից Արևմտյան Հռոմեական կայսրությունն այդպես էլ դուրս չեկավ։

Արդեն նոր դարաշրջանում, միանգամայն հնարավոր է, որ առևտրի ծավալները ընկել էին իսպանական գրիպի պատճառով, եթե Առաջին աշխարհամարտը իջեցրած չլիներ  արդյունաբերական աշխարհի գլոբալիզացիայի առաջին մեծ դարաշրջանի վարագույրը: Covid-19-ը հարված է հասցնում նաև մի բանի, որը կարող է լինել գլոբալ արագ ինտեգրման,- որին նույնպես սպառնում է մեծ տերությունների մրցակցությունը,- երկարատև ժամանակահատվածի վերջը: Հանգամանքները նույնը չեն, և առևտուրը թերևս չի տուժի այնքան, որքան 1910-ականներին: Այնուամենայնիվ, զարմանալի չի լինի, եթե պատմաբանները համաճարակը որակեն որպես գլոբալիզացիայի մի քանի հետևանքներից մեկը, որը, ի վերջո, արագացրեց համաշխարհային առևտրի նոր դարաշրջանը:

Համաճարակները յուրատեսակ կերպով սահմանազատում են պատմական շրջափուլերը և ճիշտ այդպես էլ ցուցանում են հարստության տեղաշարժը մի վայրից մյուսը։ Ժանտախտը բարձրացրեց եկամուտների մակարդակը Եվրոպայով մեկ։ Սակայն Եվրոպայի տարբեր մասերում կուտակված հարստությունների չափերի միջև տարբերությունը մեծացավ, և հիվանդությունը կրկին իր դերը խաղաց։ 17-րդ դարում ժանտախտը վերադարձավ այս աշխահրամաս՝ մահացու մի քանի ալիքներով։ 

Այդ բռնկումների հետևանքները խիստ տարբեր էին ամբողջ Եվրոպայում, պնդում է Գվիդո Ալֆանին Միլանի Բոկքոնի համալսարանից: Չնայած, օրինակ, ժանտախտից մահացել է Անգլիայի և Ուելսի բնակչության 10-րդ մասը, իտալացիների ավելի քան 40 տոկոսն այդ հիվանդությունից, հնարավոր է, մահացել է հարյուրամյակի ընթացքում: 

Չնայած Իտալիայի բնակչությունը լճացել էր, իսկ ուրբանիզացիայի տեմպը՝ նվազել, հյուսիսարևմտյան Եվրոպան, ի հեճուկս համաճարակի, շարունակում էր քաղել աճի և ուրբանիզացիայի օգուտները: Իտալական պետությունների ֆինանսական հնարավորությունները խիստ տուժեցին, ինչպես և Հյուսիսային Իտալիայի տեքստիլ արդյունաբերությունը։ Եվ Հյուսիսային և Հարավային Եվրոպան հայտնվեցին բոլորովին տարբեր տնտեսական հետագծերում:

Հիվանդությունը ճակատագրավճիռ չէ

Covid-19-ի դեմ պայքարում երկրների ճակատագրերն իրենց սեփական ձեռքերում են շատ ավելի մեծ չափով, քան մինչարդյունաբերական անցյալում էր: Կառավարությունները շատ ավելի լավ գիտեն՝ ինչպես կառավարել համաճարակները։ 

Այս հիվանդության հետ կապված տարբեր փորձառությունները պետությունների ներուժի նույնօրինակ ցուցիչ են, որոնք վկայում են հետագա տնտեսական զարգացման խորացող տարբերությունների մասին։

Այնուամենայնիվ, պատմությունը ցույց է տալիս, թե համաճարակներն ինչպես են  հասարակություններին վճռականորեն և հետևողականորեն տանում այս կամ այն ուղղությամբ: 

Մենք չենք կարող իմանալ, թե covid-19-ը երկարաժամկետ ինչ ազդեցություն կարող է ունենալ, սակայն միանգամայն խելամտորեն կարող ենք ենթադրել, որ ազդեցություններ իսկապես լինելու են։

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Հոդվածի բնօրինակը՝ Throughout history, pandemics have had profound economic effects

Լուսանկարում՝ Լոնդոնի Տրաֆալգարի հրապարակը, որը սովորաբար մարդաշատ է լինում, սակայն համաճարակի պատճառով այժմ դատարկ է (photo credit: Jeremy Selwyn, Standard.co.uk