26 մարտ, 2020 14:52

Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը կարող է ճակատագրական լինել

Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումը՝ Արցախի ընտրությունները պետք է հետաձգել

Քաղաքականության և դիվանագիտության մեջ, անգամ՝ առօրյա կյանքում երկակի չափանիշների կիրառումը աննորմալ նորմալություն է:

Դա այն է, ինչ անում է Հայաստանի վարչապետն այսօր, որ ոչ միայն աննորմալ նորմալություն է արդեն, այլ կարող է լինել ճակատագրական սխալ:

Ընդ որում՝ ճակատագրական սխալ ոչ թե նորմալ, առօրյա կյանքում, այլ ժանտախտի, այն է՝ կորոնավիրուսի օրերին:

Կառավարության այսօրվա՝ մարտի 26-ի նիստում, Նիկոլ Փաշինյանը հասկացնել տվեց, որ Արցախում մարտի 31-ին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան:

Փաշինյանը նման հայտարարություն անում է այն պայմաններում, երբ արդեն հաստատվել է կորոնավիրուսի դեպք երեք զինվորականների մոտ:

Վարչապետը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանից մեկնող դիտորդները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, որպեսզի համաճարակը չներթափանցի Արցախ: 

Դիմելով պարետ Տիգրան Ավինյանին՝ Փաշինյանը կարևորեց դիտորդական կազմակերպությունների հետ համագործակցությունը:

«Պետք է հասկանանք՝ դիտորդները, այսպես ասած, ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք փոխարինել նրանց այլ դիտորդներով, ինչպես նաև մեկնումից առաջ նրանք պետք է արագ թեստերով թեստավորվեն: Այնպես անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի»,- ասաց Փաշինյանը:

Ամբողջ աշխարհը միավորվել է և փորձում է այս համավարակի առաջն առնել: Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն ու Տոկիոյի օլիմպիական խաղերն են մեկ տարով հետաձգվում, 1,3 միլիարդանոց Հնդկաստանն է փակվել տներում, միացյալ Եվրոպան է կոճկվել, ի վերջո մենք ենք փակվել տներում, ի վերջո Հայաստանի հանրաքվեն է հետաձգվել, իսկ այ Արցախի ընտրությունները պետք է կայանան:

Ահա սա է երկակի չափանիշների քաղաքականությունը, ահա սա է աննորմալ նորմալությունը, որ, կրկնենք, կարող է ճակատագրական լինել, և որի պատասխանատվությունն ընկնելու է ոչ միայն կորոնավիրուսի, այլև Հայաստանի իշխանությունների և Արցախի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և անհատ թեկնածուների խղճի վրա:

Հիշում եք՝ Սյունիքում ԱՅՈ-ի հանրաքվեի ընտրարշավի մի քանի օրերին Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսն «ում շունն է», իսկ նրա նախարարներից Արսեն Թորոսյանը ավելի վաղ, շատ հանգիստ և ինքնավստահ տոնով պատմում էր, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր չէ:

Այսօր առողջապահության նախարարը պապանձված ունկնդրում էր վարչապետին, երբ վերջինս խնդրում էր, որ հանկարծ կորոնավիրուսը իրենց հետ Արցախ չտանեն դիտորդները:

Նիկոլ Փաշինյանի և քաղաքական թիմի կողմից սա անպատասխանատու կեցվածք է:

Աշխարհը չի քանդվելու, եթե Արցախում ընտրությունները կայանան ուղիղ մեկ կամ երկու ամիս հետո:

Ես միամտորեն մտածում էի, որ երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգում է հանրաքվեն իր անծայրածիր երկրում, ապա նույնը կանեն Նիկոլ Փաշինյանն ու Արցախի քաղաքական ուժերն ու անհատ թեկնածուները:

Պարզվում է, որ ոչ: 150 հազար բնակչությամբ երկրում նախագահի և պատգամավորի աթոռը ավելի կարևոր է նրանց համար, քան 3 միլիոն բնակչությամբ և 42 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով Հայաստանի ու նրա քաղաքացիների առողջությունը:

Դուք դեռ չորս օր մտածելու և պատասխանատու որոշում կայացնելու ժամանակ ունեք:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: