26 մարտ, 2020 16:46

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը համավարակի պատճառով փակվում է այցելուների համար

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի իրավատեր երեք համայնքների հոգևոր առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ շարունակելու են արարողությունները, սակայն, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխարգելելու համար կորոնավիրուսի տարածումը, մասնակիցների քանակը սահմանափակվելու է մի քանի մարդկանցով։ Բազիլիկը բաց կլինի միայն պատարագների ժամանակ։

Հայտարարությունում, որի տեքստը հրապարակել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, հոգևոր պետերը նշում են, որ Բազիլիկի ներսում երեք՝ հայոց, հունաց և կաթոլիկ համայնքների աղոթքները շարունակվելու են ավելի մեծ հաճախականությամբ՝ «Աստծուց խնդրելով համավարակի ավարտ, հիվանդների ապաքինում, բուժանձնակազմի պաշտպանություն, քահանաների ու կառավարիչների իմաստնություն և հանգուցյալների հավերժ փրկություն»։  

***

Մարտի 26-ի դրությամբ՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 2 666 դեպք, 8 մահ։ Հիվանդությունից ապաքինվել է 68 մարդ։ Երկրում հայտարարված է խիստ կարանտին։

Թեմայի շուրջ ավելի մանրամասն՝

Ստելլա Մեհրաբեկյան