28 մարտ, 2020 12:09

Ով է Արցախում Հայաստանի իշխանությունների նախագահի նախընտրելի թեկնածուն

Ո՞վ է Արցախում Հայաստանի իշխանությունների համար նախագահի նախընտրելի թեկնածուն:

Տպավորություն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը չեն միջամտում այդ ընտրություններին և ամեն ջանք թափում են, որ այդ ընտրություններն արտահայտեն Արցախում բնակվող մեր հայրենակիցների ցանկություններն ու իղձերը, այն է՝ ում ուզում եք՝  ընտրեք: Հայաստանի միջամտությունը, այս դեպքում, բառի ամենադրական իմաստով այն է, որ դիտորդական առաքելությանն է օժանդակում:

Հայաստանը մեկ այլ կարևոր գործառույթ էր իրականացնում՝ ներգրավել միջազգային դիտորդների: Այսօր, սակայն, այդ մասին խոսելն անիմաստ է, քանի որ կորոնավիրուսի տարածման սպառնալիքը հաշվի առնելով, այս ընտրություններում միջազգային միջնորդներ չեն լինի կամ կլինեն հատուկենտ:

Իրավամբ, Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը հրապարակային չեն միջամտում Արցախի ընտրություններին, ինչ ժամանակին, երբեմն ամենացուցադրական ու կոշտ կերպով արել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Սակայն Փաշինյանի ու թիմի համար նախընտրելի թեկնածուն ի սկզբանե եղել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Սրա հետ միաժամանակ, Փաշինյանն ու թիմը արտգործնախարար Մասիս Մայիլյանի հանդեպ ցուցաբերել են դրական չեզոքություն, եթե կուզեք՝ բարեկամական վերաբերմունք:

Ուշագրավ է թեկնածուներից Հայկ Խանումյանի պարագան: Վերջին տարիների ամենակոշտ ընդդիմադիրը եղել է հենց Խանումյանը և նրա թիմը, որոնց ամենօրյա քննադատության թիրախում են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Փաշինյանը և թիմը, սակայն, հրապարակավ իրենց հեռու են պահել Խանումյանից: Այստեղ արդեն գործ ունենք հոգեբանական բարդույթի հետ, որ դրսևորել են Հայաստանի իշխանությունները: Խանումյանը ծնունդով Հայաստանից է, ավելին՝ Իջևանից:

Ամբողջ խնդիրն այն է՝ Արցախում Փաշինյանի կողմից որևէ թեկնածուին աջակցելը այդ թեկնածուի համար հավելյալ օգտակարություն ունի՞, թե՞ չունի՝ հաշվի առնելով, որ 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանից հեռարձակվող լրատվամիջոցներով Փաշինյանի հանդեպ տարվում է ամենակոշտ քննադատություն, իսկ արցախցի մեր հայրենակիցների մոտ Փաշինյանը միանշանակ դրական ընկալում չունի: Օրինակ, նույն Խանումյանի համար հանրային ընկալման իմաստով օգտակա՞ր, թե՞ վնասակար կլիներ, եթե աջակցություն ստանար Փաշինյանից ու թիմից:

Վարչապետի՝ որդուն Արցախ ծառայության ուղարկելու փաստը, ինչպես նաև նրա կողմից բազմաթիվ դրական քայլեր, այդ թվում՝ պարբերական այցելությունները, փոխեցին այդ վերաբերմունքը, սակայն հակաքարոզչությունը շարունակվում է ամենաագրեսիվ կերպով, որը լռելյայն հավանության է արժանանում Արցախի գործող իշխանությունների կողմից:

Ի սկզբանե, Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանությունների համար ամենաիդեալական տարբերակ կլիներ, եթե նախագահի ֆավորիտ թեկնածուներից Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը միասին գնան ընտրությունների: Այս դեպքում, կարելի է ասել, որ ընտրությունների ելքը կվճռվեր հենց առաջին փուլում: Սակայն քաղաքական այդ գործարքը չկայացավ: Թե ինչու՝ խոսակցության այլ թեմա է:

Փաշինյանի և թիմի համար շատ կարևոր է, որ Արցախում ձևավորվելիք իշխանությունը չլինի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության տակ: Փաշինյանի և հատկապես նրա այն թիմակիցների կարծիքով, ովքեր առանց երևալու հետևում են Արցախի ընտրություններին, և՛ Մայիլյանը, և՛ Հարությունյանը չեն վերահսկվում և չեն կարող վերահսկվել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների կողմից: Ընտրությունների արդյունքները և ժամանակը ցույց կտան:

Առողջ տրամաբանությունն ու պատասխանատվության պարզ գիտակցումը պիտի ստիպեին Հայաստանի և Արցախի իշխանություններին հետաձգել կամ չեղարկել մարտի 31-ի ընտրությունները՝ հաշվի առնելով համաճարակի վտանգը, հաշվի առնելով, որ ապրիլի 5-ի հանրաքվեն է հետաձգվել: Հետաձգելուն կտրականապես դեմ է Արայիկ Հարությունյանը, քանի որ ներկա պայմաններում նա ստանում է հաղթելու հավելյալ հնարավորություններ: Հարությունյանը արդեն մեկուկես տարի փաստացի նախընտրական գործընթացի մեջ է, բավականին մեծ գումարներ է ծախսել, ունի ընտրողների հստակ քանակություն, որոնք անպայման գնալու են ընտրության՝ անկախ նրանից Արցախում կորանավիրուս կա, թե ոչ, կորոնավիրուսի տարածման վտանգ կա, թե չկա: Մարտի 31-ին որքան քիչ մարդ գնա ընտրատեղամաս, այնքան հօգուտ Հարությունյանի է:

Հարությունյանի համար վտանգավոր է նաև երկրորդ փուլը, քանի որ երկրորդ փուլում կարող է լինել ավելի մեծ համախմբում Մասիս Մայիլյանի շուրջ:

Ահա այս պատճառով է նաև, որ Հարությունյանն ու Արցախի գործող իշխանությունները, Հայաստանի իշխանությունների անպատասխանատու անգործության պայմաններում ձգտում են ամեն ինչ անել, որ ընտրությունները կայանան մարտի 31-ին:

Ո՞ւմ են պաշտպանում Արցախի հեռացող իշխանությունները: Նախագահ Բակո Սահակյանն ու թիմը, որոնք երբեմն չերևացող, երբեմն՝ շատ ակնհայտ, բայց անընդհատ կապի ու համագործակցության մեջ են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի  հետ, աջակցում են Արայիկ Հարությունյանին:

Եթե նկատել եք՝ Հայաստանի նախկին իշխանությունները, այդ թվում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, հրապարակավ աջակցություն են հայտնում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին: Հաշվարկը պարզ է՝ աջակցել միանգամից երկու թեկնածուների, ով էլ հաղթի, իրենց համար ընդունելի է:

Այսպիսով, ստեղծվում է անտրամաբանական, բայց տվյալ պարագայում խիստ տրամաբանական վերջնարդյունք՝ Արայիկ Հարությունյանի հաղթանակը ընդունելի է և՛ Նիկոլ Փաշինյանի ու թիմի, և՛ Բակո Սահակյանի ու Արցախի հեռացող իշխանությունների, և՛ Հայաստանի նախկին իշխանությունների համար:

Այս պայմաններում զարմանալի չէ, թե ինչու են Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Արցախի գործող իշխանությունների տեսակետներն արտահայտող լրատվամիջոցները ամենօրյա հակաքարոզչություն իրականացնում Մայիլյանի նկատմամբ, որի գագաթնակետը ակնհայտ ֆեյքն է, թե իբր արգելվել է նրա մուտքը Ռուսաստան: Շատ տարօրինակ է, որ Մայիլյանի դեմ տեղեկատվական պատերազմին միացել են Փաշինյանի մերձավոր շրջապատի որոշ ակնառու դեմքերի կողմից վերահսկվող լրատվամիջոցներ։

Հարությունյանի ֆինանսական հնարավորությունները, Արցախի գործող և Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների հետ կապերը նրան հնարավորություն են տվել ստեղծել մի իրավիճակ, երբ նա, այս կամ այն չափով ընդունելի է բոլորի համար:

Արցախում, սակայն, ընտրություն կատարում են ոչ թե Փաշինյանը կամ նրա թիմը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ նրա փեսան, այլ շարքային արցախցիները: Եթե, անշուշտ, նրանց մեծ մասը գնա ընտատեղամասեր՝ անտեսելով կորոնավիրուսի իրական վտանգը:

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: