28 մարտ, 2020 22:57

Ազգայնականության աճից մինչև կյանքերի գնով տնտեսության փրկություն․ կորոնավիրուսի համաճարակի յոթ հետևանքները

Իվան Կրաստևը Լիբերալ ռազմավարությունների բուլղարական կենտրոնի նախագահն է և Վիեննայի մարդու մասին գիտությունների ինստիտուտի գիտաշխատող։ Sapere.online կայքում հրապարակած հոդվածում Կրաստևը խորհում է, թե ինչ դասեր է պատրաստել Covid-19-ը աշխարհի համար: Նա նշում է համաճարակի յոթ  հետևանք։ 

Առաջին հետևանքը. ի տարբերություն 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամի` կորոնավիրուսը պայմաններ է ստեղծում կյանքի տարբեր ոլորտներում պետական միջամտությունն ուժեղացնելու համար: Lehman Brothers-ի սնանկացումից հետո շատ փորձագետներ կարծում էին, որ ճգնաժամի հետևանքով շուկաների նկատմամբ վստահության կորուստը կհանգեցնի իշխանության հանդեպ հավատի աճին: 

Այս հայեցակարգը նոր չէ, 1929-ին՝ Մեծ դեպրեսիայի վաղ շրջանում, մարդիկ կառավարությունից պահանջում էին միջամտել տնտեսությանը, որպեսզի կանխվեր շուկաների անկումը։ Սակայն 1970-ականներին ամեն ինչ ճիշտ հակառակն էր․ մարդիկ այնքան հիասթափված էին կառավարություններից, որ կրկին սկսել էին հավատալ շուկաներին: 2008-2009 թվականների պարադոքսն այն էր, որ շուկաների հանդեպ անվստահությունը չհանգեցրեց տնտեսության մեջ պետական միջամտության խնդրանքի։ 

Սակայն այժմ՝ կորոնավիրուսի գահակալությամբ, կառավարությունների դերի զորացման ճանապարհը բաց է։ Մարդիկ հավատում են, որ իշխանությունը կարող է իրենց պաշտպանել համաճարակից և թույլ չտալ տնտեսության անկումը։ Կառավարությունների արդյունավետությունն այժմ չափվում է այնքանով, որքանով նրանք ի վիճակի են փոխել մարդկանց սովորական կենսակերպը:

Երկրորդ հետևանքը․ վիրուսը պայմաններ է ստեղծել Եվրոպական Միության ներսում ազգային պետությունների հզորացման համար։ Դժվար չէ նկատել, թե ինչ արագությամբ են որոշ պետություններ փակել իրենց սահմանները, և ինչպես է նրանցից յուրաքանչյուրը կենտրոնացել իր քաղաքացիներին օգնելու վրա։ 

Նորմալ պայմաններում ԵՄ անդամ պետությունները տարբերություն չպետք է դնեն իրենց առողջապահական համակարգերում հիվանդների քաղաքացիության միջև, սակայն ճգնաժամի պայմաններում նրանք սկսել են առաջնային ուշադրություն դարձնել իրենց քաղաքացիներին, այլ ոչ թե օտարներին (խոսքը հիմա այլ տարածաշրջաններից միգրանտների մասին չէ, այլ հենց եվրոպական անձնագրերով ԵՄ քաղաքացիների): Այդպիսով վիրուսն ուժեղացնում է թեև ոչ էթնիկ, բայց ազգայնականությունը։ Որպես գոյատևման ռազմավարություն՝ կառավարությունները քաղաքացիներին առաջարկում են պատեր կառուցել ոչ միայն պետությունների, այլև միմյանց միջև, քանի որ վարակի վտանգը բխում է մարդկանցից, որոնց հետ քաղաքացիները առավելագույն շփման մեջ են: Այժմ սպառնալիք է ներկայացնում ոչ թե անծանոթը, այլ մտերիմը։

Երրորդ հետևանքն այն է, որ վիրուսը վերադարձնում է փորձաքննության ինստիտուտի նկատմամբ վստահությունը։ Մասնավորապես, 2015-ի ֆինանսական և միգրացիոն ճգնաժամերն առաջացան փորձագիտական գնահատման նկատմամբ հիասթափության վրա, և դա վերջին տասը տարիներին դարձել էր պոպուլիստ առաջնորդների գլխավոր հաղթաթղթերից մեկը: 

Ներկայիս ճգնաժամը փոխում է իրերի դրությունը։ Երբ մարդկանց կյանքը վտանգված է, նրանց հավատը համամասնորեն աճում է գիտության նկատմամբ։ Արդեն այսօր մենք տեսնում ենք, որ վիրուսի դեմ պայքարի առաջնագծում գտնվող մասնագետների հանդեպ վստահությունը միայն աճում է։ Պրոֆեսիոնալիզմը կրկին նորաձև է համարվում:

Չորրորդ հետևանքը կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց դրա կարևորությունն այդպիսով չի նվազում: Ցավոք, վիրուսը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ հրապուրիչ դառնա «մեծ տվյալների» օգտագործումն ավտորիտար նպատակներով։

Չինաստանի իշխանություններին կարելի է մեղադրել անբավարար թափանցիկության կամ վիրուսի բռնկմանը համարժեք առաջին արձագանքի բացակայության համար։ Սակայն արդյունավետությունը, որով նրանք կանխեցին վիրուսի հետագա ընթացքը երկրում, ինչպես նաև պետական մակարդակով իրենց քաղաքացիների տեղաշարժն ու վարքագիծը վերահսկելու կարողությունը, ապշեցուցիչ են: 

Այսօրվա ճգնաժամի իրավիճակում քաղաքացիները մշտապես գնահատում են իրենց կառավարությունների արձագանքն ու արդյունավետությունը մյուսների համեմատ։ Այդ իսկ պատճառով պետք չէ զարմանալ, եթե ճգնաժամն ավարտվելու օրը Չինաստանը հաղթող տեսք ունենա, իսկ ԱՄՆ-ը՝ պարտված։ 

Հինգերորդ հետևանքը վերաբերում է ճգնաժամային կառավարմանը։ Տնտեսական և միգրացիոն ճգնաժամը, ինչպես նաև ահաբեկչական հարձակումները կանխելու ջանքերում իշխանությունները սովորել են գլխավոր ճգնաժամային դասը՝ խուճապը վատագույն թշնամին է: Եթե ահաբեկչությունից հետո ամիսներ շարունակ մարդիկ վախենում են լքել իրենց տները և փոխում են կենսակերպը, ուրեմն ահաբեկիչներին հաջողվել է մասամբ հասնել իրենց նպատակներին։ 

Սա ճիշտ էր նաև 2008-2009 թվականների դեպքում. մարդկանց վարքագծի փոփոխությունները հաճախ մեծացնում էին ճգնաժամի գինը։ Եթե նախկինում ճգնաժամի պատասխանը եղել է՝ «հանգստացե՛ք», «կյանքը շարունակվում է», «մի՛ մտածեք ռիսկերի մասին» և «մի՛ չափազանցրեք», ապա այժմ կառավարությունները պետք է իրենց քաղաքացիներին հակառակը խնդրեն՝ խուճապի մատնվել, փոխել կենսակերպը և մնալ տանը։ 

Եվ այստեղ իշխանությունների արդյունավետությունը կախված է մարդկանց բավականաչափ վախեցնելու ունակությունից, որպեսզի նրանք հետևեն հրահանգներին։ «Խուճապի մի՛ մատնվեք» կարգախոսը կորոնավիրուսի համար հարմար չէ: Համաճարակի տարածումը զսպելու համար մարդիկ պետք է սկսեն խուճապի մատնվել և փոխեն իրենց կենսակերպը։.

Վեցերորդ հետևանքն այն է, որ Covid-19-ը ուժեղ ազդեցություն կունենա սերունդների միջև հարաբերությունների վրա: Կլիմայի փոփոխության քննարկումների ժամանակ երիտասարդները քննադատաբար էին տրամադրված ավագների նկատմամբ այն բանի համար, որ նրանք չափազանց եսասեր են եղել մոլորակի ռեսուրսների օգտագործման հարցում և չեն մտածել ապագայի մասին։ 

Կորոնավիրուսը փոխում է խոսույթը. ավագ սերնդի ներկայացուցիչներն ավելի անպաշտպան վիճակում են հայտնվել այն սպառնալիքի պատճառով, որը բխում է երիտասարդների՝ իրենց կենսակերպը փոխելու դժկամությունից: Այս հակամարտությունը սերունդների համար կարող է նույնիսկ ավելի ինտենսիվ լինել, եթե ճգնաժամը շարունակվի։

Յոթերորդ հետևանքն այն է, որ որոշակի պահի կառավարությունները ստիպված կլինեն ընտրություն կատարել տնտեսության քայքայման գնով համաճարակի տարածումը զսպելու հնարավորության միջև կամ էլ վճարել ամենաբարձր գինը՝ մարդկային կյանքերով փրկելու տնտեսությունը։

․․․

Հնարավոր է՝ դեռ շատ վաղ է կանխատեսել Covid-19-ի քաղաքական հետևանքները։ Ճգնաժամը վերահաստատել է հակագլոբալիստների վախերը․ փակ օդանավակայաններն ու ինքնամեկուսացած քաղաքացիները դարձել են գլոբալիզացիայի ալֆան ու օմեգան։ 

Սակայն միանգամայն հակասականորեն հակագլոբալիզմի նոր ալիքը կարող է իրականում թուլացնել պոպուլիստ քաղաքական դերակատարներին, որոնք, երբ ժամանակին մատնանշում էին խնդիրը, դրա լուծման առաջարկներ չունեին իրենց զինանոցում։ 

Covid-19 ճգնաժամը Եվրոպական Միությանը կստիպի արմատապես վերանայել վերջին տասնամյակների իր հակաճգնաժամային քաղաքականությունը։ Ֆիսկալ կարգապահությունը որպես տնտեսական քողածածկույթ այլևս չի աշխատում անգամ Բեռլինում, և Եվրոպաում չկա որևէ կառավարություն, որն այս պահին հանդես գա փախստականների համար սահմանների բացման օգտին:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Հոդվածի բնօրինակը՝ Семь последствий пандемии коронавируса