29 մարտ, 2020 07:47

Կորոնավիրուսից ևս երկու հոգի է մահացել «Նորք» ինֆեկցիոնում

Կորոնավիրուսից ևս երկու հոգի է մահացել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այս մասին կեսգիշերն անց գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց...

Ցավակցում եմ նրանց հարազատներին»,- գրել է նախարարը։

Այսպիսով, կորոնավիրուսի հիվանդությունից Հայաստանում մահացածների թիվը հասավ երեքի։ Առաջին մահը գրանցվել էր մարտի 26-ին։

Վարակվածների թիվը մարտի 29-ի դրությամբ հասել է 424-ի։