29 մարտ, 2020 23:52

Ռուսաստանի դժվարությունները շոկային կլինեն ԵԱՏՄ երկրների համար․ Միխայիլ Դելյագին

Ռուսաստանցի տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի հիմնադիր Միխայիլ Դելյագինը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով աշխարում թափ հավաքող տնտեսական ճգնաժամը վերածվում է գլոբալ դեպրեսիայի: «Կորոնաճգնաժամը», վստահ է նա, ուղղակի արագացրեց այդ գործընթացը, որի հետևանքով համաշխարհային շուկաները մասնատվելու են տարածաշրջանային մակրոշուկաների: Եվրասիական տարածաշրջանի համար, ըստ Դելյագինի, օրակարգային է լինելու այն, թե արդյոք Ռուսաստանը ի զորու կլինի ստեղծել իր մակրոտարածաշրջանը, թե յուրաքանչյուրը կփակվի իր տանը՝ փորձելով լուծել սեփական խնդիրները:

Եվրասիական տնտեսական միության վրա ճգնաժամի հետևանքների ու «հետկորոնավիրուսային» աշխարհում այդ միության ճակատագրի մասին խոսելիս տնտեսագետն ասում. «Ծանր, շատ ծանր ժամանակներ են սպասվում, որոնք հնարավոր կլինի հաղթահարել, եթե պետական ինստիտուտները շեշտակի ամրապնդեն իրենց դիրքերը հասարակության հետ հարաբերություններում ու ներքին կառավարման ընդհանուր հարցերում»: 

«Մենք գործ ունենք ամբողջ աշխարհում պահանջարկի կտրուկ անկման հետ: Ի՞նչ է անում այժմ Ռուսաստանը: Եվրոպան ու ԱՄՆ-ը դադարեցրել են սաուդյան էժան նավթի գնումները, քանի որ նրանց պահեստները լցվել են, Ռուսաստանը նավթը մղում է ճգնաժամից հետո վերականգնվող Չինաստան: Բայց սրանք ընդամենը ցավամոքիչ միջոցներ են: Եթե անգամ նավթի գինը հասնի 40 դոլարի, դրանից էական բան չի փոխվի: Իսկ առաջիկա երկու տարիներին նավթի գինը հազիվ հասնի 45 դոլարի»,- ասում է նա՝ հավելելով, որ դրա հետևանքները սկզբնական շրջանում շատ ծանր են լինելու:

«Սկզբնական շրջանում փողի ու ներդրումների սով է սպասվում: Մեզ մոտ այժմ տեղի է ունենում գործարար ակտիվության կանգառ: Այս տարին բոլոր չանանիշներով շատ ծանր է լինելու: Նախագահ Պուտինն ձեռնարկություններին արգելել է սնանկանալ, դա թույլատրելի է միայն ֆիզիկական անձանց: Սա մի կողմից լավ է, բայց եթե ձեռնարկությունը իրացվելիության լուրջ խնդիր ունի, չի կարող աշխատել, ի՞նչ պետք է անի։ Այս հարցի պատասխանը հստակ չկա: Սպասվում է, որ պետությունը որոշակի աջակցության փաթեթներ պետք է գործարկի, աջակցի տնտեսությանը, բայց սա խնդրի լուծում չէ: Համապարփակ քայլեր ու ծրագրեր են պետք, ոչ թե կաթիլային ներարկումներ»,- ասում է Դելյագինը:

Լուծումը՝ ենթակառուցվածքների արդիականացում

Լուծումը Դելյագինի համար պարզ է՝ տնտեսությունը կարելի է դուրս բերել ռեցեսիոն շրջափուլից ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ ծրագրի միջոցով․ «Աշխատանքի լայն դաշտ է բացվում, քանի որ վերջին քսան տարում Ռուսաստանում ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ որևէ լուրջ բան չի արվել: Պետությունը պետք է ուղղի իր գրպանի պարունակությունը հենց այս խնդրի լուծմանը: Այնպես, ինչպես Չինաստանն արեց 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ, որ յուրաքանչյուր գյուղ տանող ճանապարհ և այդ գյուղի կենտրոնական ճանապարհը պետք է լինի բարեկարգ և ասֆալտապատ: Չինաստանն այդպես ճգնաժամն անցավ տնտեսական բարձր ցուցանիշներով»:

Դելյագինի խոսքով՝ կապիտալ ներդրումների իրականացման համար Ռուսաստանն ունի բավարար պահուստներ․ «Բյուջեում 14,4 տրիլիոն ռուբլի կա, Ռուսաստանի միջազգային պահուստները 540 մլրդ դոլար են, որի կեսից ավելին բավարար է ռուբլու կայունացման համար: Անհրաժեշտության պարագայում պետությունը պետք է միացնի փող տպող մեքենան և հաշվի չառնի Արժույթի միջազգային հիմնադրամի կարծիքը: Սա կլինի նաև ֆինանսական մակարդակում պետության ինքնիշխանության հաստատումը, իսկ մենք այժմ գաղութային վիճակում ենք: 2006-ից Արժույթի միջազգային հիմնադրամին մենք ոչինչ պարտք չենք, ուղղակի ֆինանսական իշխանությունները դա չեն կարողանում հասկանալ: Սրա հետ մեկտեղ պետք է կտրուկ սահմանափակել ֆինանսական սպեկուլյացիաները: Ճգնաժամը և միջազգային շուկաների ֆրագմենտացիան կարող են ստիպել գնալ այս քայլերին»:

Ռուսաստանի դժվարությունները շոկային կլինեն ԵԱՏՄ տնտեսությունների համար

Սպասելի է, որ Եվրասիական տնտեսական միության գրավիտացիոն կենտրոնը հանդիսացող Ռուսաստանի տնտեսության դժվարությունները արտաքին շոկի աղբյուր կդառնան միության անդամ պետությունների համար, որոնք տնտեսական կախվածության մեջ են ՌԴ-ից:

«Միությունը որպես կառույց կպահպանվի, սակայն ամեն բան կախված կլինի նրանից, թե անդամ պետությունները զարգացման ինչ մոդել կորդեգրեն: Եթե ճգնաժամի ազդեցության տակ իսկապես զարկ տան միության մակարդակով ենթակառուցվածքների արդիականացմանը, ապա անդամ երկրների բարեկեցությունը կսկսի բարձրանալ: Ու հենց այստեղ առաջ կգա Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու խնդիրը: ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ ընդհանուր սահման չունցող Հայաստանի համար գերխնդիր է Վրաստանի ու Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկումը: Օդանավերով ու Լարսի անցակետով անցնող նեղ ճանապարհով զանգվածային բիզնես դժվար է իրականացնել: Իհարկե, կարևոր է Վրաստանի դիրքորոշումը, որը կարող է փոխվել ու մեղմանալ, եթե հասկանան, որ ԱՄՆ-ը չի ֆինանսավորելու իրենց կառավարությանը: Սա որքան շուտ հասկանա մեր հարևանը, այնքան լավ բոլորի համար»,- ասում է տնտեսագետը:

Դելյագինի կարծիքով՝ ծանր իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության գոտում հարաբերական կայունությունը և Ռուսաստանի գործուն քայլերը կարող են համոզիչ լինել նաև Ադրբեջանի համար, որպեսի վերջինիս տարածքով փակ սահմանների պայմաններում կապարակնքված վագոններով հայկական բեռներ տեղափոխվեն Ռուսաստան: 

Մոսկվայի գործուն քայլերը կարող են համոզիչ լինել նաև Ադրբեջանի համար, որպեսի վերջինիս տարածքով փակ սահմանների պայմաններում կապարակնքված վագոններով հայկական բեռներ տեղափոխվեն Ռուսաստան

«Այս ուղղությամբ պետք են շատ գործուն ջանքեր, որոնք համադրվելու են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի դրական տեղաշարժերի հետ: Սա ուղղակի դիտարկվող տարբերակներից մեկն է: Ամեն բան կախված կլինի նրանից, թե ինչ աշխատանք կտանի մեր դիվանագիտությունը, որն այս պահին այդքան էլ պատրաստ չէ դրան: Բոլորը պարզապես պետք է գիտակցեն, որ հնարավոր չէ վերապրել ճգնաժամն ու զարգանալ՝ խնայելով, հնարավոր է վերապրել այն՝ ապագային միտված ներդրումներ կատարելով: Հենց որ հարցն այսպես է դրվում, ապա շանտաժի, բանակցությունների, ուժի կիրառման սպառալիքի կամ համոզելու տարբերակով խնդիրը լուծվում է»,- նկատում է Միխայիլ Դելյագինը:

Գլոբալ շուկաները մասնատվելու են

Գլոբալ նոր դեպերսիայի շրջափուլը, որում այժմ Դելյագինի կարծիքով հայտնվել է աշխարհը, հանգեցնելու է գլոբալ շուկաների մասնատմանը:

«Կորոնավիրուսից հետո աշխարհը լինելու է մասնատված ու բաժանված տարբեր մակրոտարածաշրջանների: Հայաստանի համար կարևոր է իմանալ՝ Ռուսաստանն իր մակրոտարածաշրջանը կստեղծի, թե ոչ: Եթե ստեղծի, ապա Հայաստանն անպայման գտնվելու է այնտեղ: Պետություններում ուժեղանալու են կենտրոնաձիգ իշխանությունները, իշխանության լծակների գերկենտրոնացում է սպասվում մի կետում, մարդիկ շատ ավելի ատոմիզացված են լինելու ու առավել մեծ կախվածություն են ունենալու կենտրոնական իշխանությունից: Կենտրոնական իշխանությունն է որոշելու խաղի կանոնները՝ ելնելով համաճարակի իրավունքից՝ անկախ այն բանից, որ համաճարակ չի լինելու, որն այժմ էլ մեծ հաշվով չկա: Արևմտյան Եվրոպայի դասական չափորոշիչներով մարդու իրավունքների դիսկուրսը ևս քիչ-քիչ կվերանա: Տրագիկ փոփոխություններ են սպասվում, դրանք անփուսափելի են»,- ասում է Դելյագինը:

Ըստ նրա՝ դադարելու են ֆինանսական սպեկուլյացիաները ֆոնդային բորսաներում, հստակ բաժանումներ են սպասվում: Այլևս չի լինելու այնպես, որ մարդը նստի Մոսկվայում ու իր սմարթֆոնի միջոցով փողեր շրջանառի ամերիկյան բորսաներում․ «Սրա մասին պետք է մոռանալ: Արտասահմանյան բարդ և գերթանկարժեք տեխնոլոգիաներն իրենց տեղը զիջելու են պարզ, ավելի էժան, բայց ոչ պակաս արդյունավետ ազգային տոխնոլոգիաներին: Հայաստանն այս առումով ունի մրցակցային որոշակի առավելություններ ԵԱՏՄ շրջանակում»:

Արշալույս Մղդեսյան